Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավճիռը հրապարակվեց

Ապրիլ 12,2002 00:00

Դատավճիռը հրապարակվեց N զորամասում կրտսեր սերժանտ Մկրտիչ Պողոսյանի ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քր.գործն, ի վերջո, հասավ ավարտին: Ապրիլի 8-ին նշանակված դատական նիստին, որն ընթանում էր Վանաձորի Սպայի տան դահլիճում, ամբաստանյալ Արարատ Մխոյանի վերջին խոսքը լսելուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: Դատավոր Վ. Հովհաննիսյանը նախապես զգուշացրեց, որ եթե դատավաճիռը չհասցնի գրել (պատճառաբանեց աշխատանքային օրվա ավարտը), ապա այն կկայացնի հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին: Ապրիլի 9-ին, ժամը 12-ից, Սպայի տան դահլիճի փակ դռների առջեւ տուժողի ու ամբաստանյալների հարազատները, մի խումբ պրակտիկանտներ (նիստերի մշտական մասնակից), ինչպես նաեւ նիստի այլեւայլ մասնակիցներ ու 1 ԶԼՄ ներկայացուցիչ, մոտ 2 ժամ սպասում էին դատարանի կազմի ժամանելուն: «Էնքան ուշացան՝ մինչեւ ձմեռն եկավ»,- սրամտեց մի պրակտիկանտ: Նշենք, որ ապրիլյան օր էր, բայց «մանրից» ձյուն էր «գցում»: Ի վերջո, ժամը 14-ի սահմաններում շենքի դուռը բացվեց, եւ, բարեբախտաբար, սպասումները շարունակվեցին ներսում: Համենայնդեպս, պրակտիկանտների համբերությունն սպառվում էր, եւ նրանք, ձանձրույթը փարատելու նպատակով, սկսեցին դահլիճում դատավոր-դատախազ «խաղալ»: Մի պրակտիկանտուհի բարձրացավ բեմ եւ սկսեց այնտեղից որպես «դատավոր» կարգադրություններ անել իր ընկերներին. «Դու գնա դատախազի տեղը նստի, որ ես ինձ մի քիչ դատավոր զգամ»: 1 ժամ հետո հայտարարեցին, թե դատարանից «իմաց են տվել», «էսա ուր որ ա՝ գալու են»: (Հարկ է հիշատակել, որ դատարանը Վանաձորում գտնվում է ոչ շենքային պայմաններում, այլ տնակներում, ուստի նիստն անց էր կացվում դատարանից բավականին հեռու՝ Սպայի տան դահլիճում): Հայտարարությունից անցավ եւս 1 ժամ, եւ, ի վերջո, դատարանը ժամանեց: Ավանդական «Ոտքի, դատարանն է գալիս» կարգադրության անհրաժեշտություն չզգացվեց, քանի որ դատարանին սպասողները արագ քայլերով այդ ժամանակ միայն մտան դահլիճ եւ կանգնած, շունչները պահած սկսեցին ուշադիր լսել դատավճիռը: Դատավճռի հրապարակումից պարզվեց, որ ամբաստանյալ, մարտկոցի հրամանատար Ա. Մխոյանին առաջադրված մեղադրանքներից մեկը՝ ՀՀ քր.օր. 104 հ. 1-ին մասով, դատարանը հիմնավոր չհամարեց եւ այդ հոդվածով նրան ճանաչեց անպարտ: ՀՀ քր.օր. 268 հ. «ա» եւ «բ» կետերով, որ առաջադրվել էր նախաքննական մարմնի կողմից, Ա. Մխոյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5 տարի ժամանակով: Պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի աշխատանքային գաղութում: Ամբաստանյալներ Էմիլ Հակոբյանը՝ ՀՀ քր.օր. 250 հ. «ա» կետով եւ 268 հ. «ա» կետով, Սուրեն Հովնիկյանը՝ ՀՀ քր.օր. 246 հ. «ա» կետով եւ 250 հ. «ա» կետով դատապարտվեցին ազատազրկման՝ 3 տարի ժամանակով: Պատիժը կրելու են ուժեղացված ռեժիմի աշխատանքային գաղութում: Տուժողի իրավահաջորդ Ա. Պողոսյանի քաղհայցը կարճվեց՝ հայցվորի ու պատասխանողի միջեւ համաձայնություն կայանալու պատճառով: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել