Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՆ ԹԻՄ ԿՈՒՆԵՆԱ

Ապրիլ 12,2002 00:00

ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՆ ԹԻՄ ԿՈՒՆԵՆԱ Այսպիսով, հայտնի դարձան այն ակումբները, որոնք երկու հանդիպումների արդյունքով անցան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի նախավերջին փուլ՝ կիսաեզրափակիչ։ Հունաստանի «Պանատինաիկոսը», որի գլխավոր մարզիչը ուրուգվայցի մեր հայրենակից Սերխիո Մարգարյանն է, տանը 1։0 հաշվով «Բարսելոնին» հաղթելուց հետո մրցակցի դաշտում 1։3 հաշվով պարտություն կրեց եւ դադարեցրեց պայքարը Եվրոպայի ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցանակի խաղարկությունում։ Պայքարից դուրս մնաց նաեւ Անգլիայի «Լիվերպուլը», որը նույնպես չկարողացավ «Բայերի» (Գերմանիա) դաշտում պահպանել առաջին հանդիպումում ունեցած նվազագույն (1։0) առավելությունը՝ վերջինիս պարտվելով 2։4 հաշվով։ Հաղթանակի հասնելու անկոտրում կամք ցուցադրեց Մադրիդի (Իսպանիա) «Ռեալը»։ Արքայական ակումբը, որը Գերմանիայում 2։1 հաշվով զիջել էր «Բավարիային», հարազատ հարկի տակ երկու անպատասխան գնդակ անցկացրեց նրա դարպասը եւ մտավ կիսաեզրափակիչ։ Ոչ ոք չէր կասկածում, որ հաջորդ փուլ կանցնի Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը», որը դեռ Իսպանիայում 2։0 հաշվով առավելության էր հասել «Դեպորտիվոյի» նկատմամբ։ Սակայն պատասխան խաղը մրցակցի դաշտում իսպանացիներն անցկացրին ավելի վստահ, թեեւ, միեւնույն է, այս անգամ էլ չկարողացան խուսափել պարտությունից՝ 2։3։ Այսպիսով, «Բարսելոնը», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Բայերը» անցան Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչ։ Այս փուլում զույգեր են կազմել Իսպանիայի երկու ակումբները եւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բայերը»։ Առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 23-ին եւ 24-ին, պատասխանները՝ ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին։ Թե «գրանդների» այս մրցակցությունում բախտն ո՞ւմ կժպտա, կիմացվի միայն խաղերից հետո։ Բայց մի բան հաստատ հայտնի է. Իսպանիան իր ներկայացուցիչը կունենա եզրափակիչում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել