Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդներն՝ ընդդեմ ավագների

Ապրիլ 12,2002 00:00

Երիտասարդներն՝ ընդդեմ ավագների Վերջին տարիներին բավական հաճախ ենք լսում ավագ սերնդի բողոքներն ու դժգոհությունները հայ երիտասարդության վերաբերյալ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե մեր սերունդը չի հետաքրքրվում հոգեւոր արժեքներով, նախընտրում է ապրել անհոգ կյանքով, այցելում է սրճարաններ, պարասրահներ եւ այլ զվարճանքի վայրեր ու չի այցելում, ասենք, թատրոն, կինո, պատկերասրահ… Լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ՝ ինձ շատ հուզեց նրանց կարծիքը մեր մասին եւ ես որոշեցի հարցազրույց անցկացնել իմ հասակակիցների հետ՝ պարզելու, թե որքանո՞վ են հիմնավոր մեր մեծերի դժգոհությունները ու փորձել գտնել պատճառները։ – Ի՞նչ հետաքրքրություններ ունի այսօրվա երիտասարդությունը։ Եվ ո՞ւր է նախընտրում գնալ ազատ ժամանակ՝ կինո՞, թատրո՞ն, թե՞ դիսկոտեկ։ Լուսինե Պետրոսյան- Իմ հետաքրքրությունների շրջանակը բազմազան է, բացի նրանից, որ սիրում եմ ուսումնասիրել լեզուներ, հետաքրքրվում եմ նաեւ երաժշտությամբ, մշակույթով՝ ոչ միայն մեր։ Ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել, իհարկե, հաճախ ընկերոջս հետ գնում եմ սրճարան, բար, երբեմն էլ թատրոն։ Վերջին անգամ եղել եմ դրամատիկական թատրոնում։ Բաբոյան Բիայնա- Ես շատ եմ սիրում պարել եւ դասերից հետո գնում եմ դիսկոտեկ։ Իսկ ինչո՞ւ չեմ գնում թատրոն կամ կինո, որովհետեւ այն, ինչ ցուցադրում են կինոթատրոնում, կարող ենք դիտել նաեւ տանը՝ հեռուստացույցով։ Տագեսյան Լուսինե- Իհարկե, ազատ ժամանակ գրեթե չունենք, քանի որ մեր դասերն ավարտվում են բավականին ուշ, սակայն եթե մեզ բախտ է վիճակվում շուտ ավարտել դասերը, ընկերներով այցելում ենք եւ թատրոն, եւ կինո, նաեւ սրճարան։ Վերջին անգամ եղել եմ Ստանիսլավսկու անվան թատրոնում, դիտել եմ «Ըւ ցՋ ֆՑՌ ՒՐՈվՓցրՍՌպ ՔՑցփՍՌ» ներկայացումը։ Թեւոսյան Անուշ- Ես կասեմ նույնը, ինչ ասաց իմ ընկերուհին։ Սակայն կավելացնեմ հետեւյալը. եթե երիտասարդներն ավելի հաճախ չեն գնում թատրոն, ապա պատճառը ոչ թե ցանկության, այլ ֆինանսական հնարավորությունների բացակայությունն է։ Խաչատրյան Ռոզա- Սովորելով ժուռնալիստիկայի բաժնում, ես նաեւ աշխատում եմ իմ մասնագիտությամբ, սակայն երբեմն ազատ ժամանակ ունենում եմ, այն ընկերներիս հետ անցկացնում եմ «Մոսկվա» կինոթատրոնում։ Հերմինե Գրիգորյան- Ազատ ժամանակ ունենում եմ, չնայած սովորում եմ ավարտական կուրսում։ Ընկերոջս հետ գնում ենք «Մոսկվա» կ/թ, սրճարան, իսկ երբեմն էլ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն։ Անահիտ Վիրաբյան- Սովորելուց բացի, ես նաեւ աշխատում եմ Վանաձորի թիվ 18 դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցչուհի։ Ազատ ժամանակ եթե ունենում եմ, ապա այն նվիրում եմ ընթերցանությանը։ Ավագյան Վահան- Հիմնականում այցելում եմ «Մոսկվա» կ/թ։ Բաց չեմ թողնում եւ ոչ մի ֆիլմ։ Վերջերս դիտել եմ «Ամերիկայի սիրելիները» եւ «Պիկ ժամ» ֆիլմերը։ Մնացականյան Կարինե- Դասերից հետո հաճախ ընկերներիս հետ գնում ենք բար, սրճարան։ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում վերջին անգամ եղել եմ անցած տարի, որտեղ երգչուհի Լուսինե Պողոսյանի երգի շնորհանդեսն էր։ Իհարկե, հաճույքով կայցելեի կինո, թատրոն, սակայն շատ պրոբլեմներից ելնելով՝ հաճախ չեմ գնում։ Առաջինը, որ ներկայացումը սկսվում է դասերիս ժամերին կամ ավելի ուշ, ինչի պատճառով չեմ կարող գնալ տուն, ապա երեկոյան գալ թատրոն։ Չէ՞ որ դա նաեւ ֆինանսական պրոբլեմներ է առաջացնում։ Բար կարող ես գնալ 300 դրամով, սուրճ ըմպել ընկերներիդ հետ, իսկ թատրոն գնալու համար անհրաժեշտ է միջինը 1500 դրամ, ինչի հնարավորություն, համոզված եմ, շատերը չունեն։ Բադալյան Լուսինե- Ազատ ժամանակ սիրում եմ գնալ թատրոն, բար, կինո, սրճարան։ Վերջին անգամ եղել եմ Խորեն Աբրահամյանի «Խոր Վիրապ» ներկայացմանը։ Այո, շատ դժվար է այսօր հաճախել թատրոն, բայց այդ օրը դահլիճը լեփ լեցուն էր ուսանողներով։ Այս եւ նման այլ պատասխաններից հետեւություններ արեք ինքներդ՝ սիրելի ավագ սերունդ։ Այո՛, մենք հաճախում ենք բար, սրճարան, պարասրահ, քանի որ դրանք այսօր միակ գործող ժամանցի վայրերն են մեր քաղաքամայր Երեւանում, որոնց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, իսկ մշակույթի օջախներից շատերը իրենց տեղը վաղուց զիջել են կազինոներին ու պարասրահներին (ինչպես «Արագած» կինոթատրոնը իր տեղը սկզբում զիջեց շուկային, ապա եւ «Բոուլինգ» կենտրոնին)։ Ես հույս ունեմ, որ աթոռի կռիվներով զբաղված իշխանավորները կհասկանան հարցի լրջությունն ու համապատասխան միջոցներ ձեռք կառնեն, որպեսզի նախկինի պես Երեւանի յուրաքանչյուր թաղամասում գործեն ե՛ւ թատրոն, ե՛ւ կինո, ե՛ւ մշակույթի օջախներ, ոչ թե եղածներն էլ վերածվեն հոգեւոր արժեքները «խժռող» ու բարոյականության անկմանը նպաստող կենտրոնների։ ՔՐԻՍՏԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել