Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ

Ապրիլ 12,2002 00:00

ՎԵՐԱԴԱՐՁ Նարեկացին Շնիտկեի ընկալմամբ Գյումրիում կայացավ Շնիտկեի երգչախմբային կոնցերտը՝ գրված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի տեքստերով։ Անցյալ տարի կատարվել էին այս ստեղծագործության 1-ին եւ 2-րդ մասերը, իսկ այժմ արդեն այն ամբողջությամբ ունկնդրին ներկայացավ Հայաստանի կամերային երգչախմբի կատարմամբ։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նախկինում ութ տարի գլխավորել է Գյումրիի ֆիլհարմոնիկ երգչախումբը եւ սիմֆոնիկ նվագախումբը, եւ, իր խոստման համաձայն, նոր երգչախմբի հետ պատրաստած ամեն մի համերգային ծրագիր առաջին հերթին ներկայացնում է Գյումրիում։ Ապրիլի 13-ին Երեւանում կկայանա Հայաստանի կամերային երգչախմբի մենահամերգը, ուր կկատարվի Ալֆրեդ Շնիտկեի երգչախմբային կոնցերտը։ Մինչ համերգը՝ որոշեցինք մի շարք հարցերի շուրջ զրուցել Ռոբերտ Մլքեյանի հետ։ – Պարոն Մլքեյան, պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս ի հայտ եկավ Շնիտկեի կոնցերտը կատարելու միտքը, ի՞նչ աղբյուրներից ստացաք կոնցերտի պարտիտուրը։ – Երգչախումբը մեկ ամսական էր։ Լեզվի ինստիտուտի մի խումբ բանասերներ արխիվներում գտել էին Գրեբնեւի թարգմանությամբ, Գրիգոր Նարեկացու տեքստերով գրված՝ Շնիտկեի երգչախմբային կոնցերտի համերգային ազդագիրը։ Այս փաստը շատ հետաքրքրեց ինձ։ Մեր տնօրեն Արմեն Արաբյանի ջանքերով Մոսկվայի կոնսերվատորիայի գրադարանից հայթայթվեցին կոնցերտի առաջին եւ երկրորդ մասերի ձեռագրերը։ Կոնցերտը նվիրված է Պոլյանսկու հանրահայտ երգչախմբին եւ կատարվել է միայն այդ երգչախմբի կողմից։ Ստեղծագործության 3-րդ մասը կատարվել է Ստամբուլում, 1985 թվականին, երբ մյուս մասերը դեռ գրված չէին… եւ վերջ։ – Ինչո՞վ հրապուրեց ձեզ այդ երաժշտությունը։ – Շնիտկեն 20-րդ դարի լավագույն, ես կասեի՝ հանճարեղ կոմպոզիտորներից է։ Այս ստեղծագործության մեջ երկու հանճար մեկտեղվել են՝ եւ ծնվել է գլուխգործոց։ Որքան հուզիչ է Շնիտկեի խոստովանությունը, թե մեղեդին ինքը չի հորինել, այն ծնվել է Գրիգոր Նարեկացու տողերից եւ թելադրված է Աստծուց։ – Շատերը հիշում են, որ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի կողմից ձեզ հանձնվեց այս կոնցերտի պարտիտուրը։ Պատմեք մի քիչ մանրամասն, թե ինչպե՞ս այն բերվեց Երեւան։ – Ձեռագիր տարբերակը մի քանի անգամ պատճենահանված օրինակ էր եւ համարյա անընթեռնելի, եւ ես ստիպված էի պարտիտուրը վերծանել՝ լսելով ձայնագրությունը։ Մեծ դժվարությամբ մեկ ամսում կարողացա երկու մասերը վերծանել։ Երգչախումբը դրանք կատարեց։ Համերգին ներկա էր նաեւ Արմեն Դարբինյանը, որը մեզ հայտնեց, որ ինքը լսել է այս ստեղծագործությունը Պոլյանսկու երգչախմբի կատարմամբ, եւ որ հիմա մեծ երջանկություն է ապրում՝ Հայաստանում ունկնդրելով մեր կատարումը։ Ա. Դարբինյանը պատրաստակամություն հայտնեց օգնել կոնցերտի մյուս 4 մասերը գտնելու խնդրում։ Անցավ երկու ամիս եւ… հեռախոսազանգ։ Պարզվեց, որ պարոն Դարբինյանը կապվել է Ռուսաստանի մշակույթի նախարարի, Կոմպոզիտորների միության նախագահի, անձամբ Պոլյանսկու հետ… Բոլորին խառնել է իրար, որպեսզի գտնի այդ նոտաները։ – Որքան ինձ հայտնի է, այս կոնցերտի կատարման իրավունքը պատկանում է Պոլյանսկուն։ Նա տեղյա՞կ է, որ դուք կատարում եք այս ստեղծագործությունը։ – Միանգամից ասեմ՝ այո։ Պոլյանսկին անձամբ, ՌԴ մշակույթի նախարարի միջոցով այս նոտաներն ուղարկել է ինձ։ Պարտիտուրի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի արվեստի գործիչներ, պաշտոնական անձինք եւ մենք պարտավորվեցինք անհապաղ նվիրվել այս ստեղծագործությունը հայ ունկնդրին ներկայացնելու գործին։ Անցյալ տարվա կատարումից հետո կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը շատ հուզված ասաց. «Վերջապես մենք կարողացանք մեր ստեղծագործությունը հետ բերել տուն՝ Հայաստան»։ – Ես գիտեմ, որ Տիգրան Մանսուրյանն անձամբ ճանաչում է Շնիտկեին։ Հենց Մանսուրյանն է Շնիտկեին նվիրել Նարեկացու հանճարեղ պոեմի ռուսերեն թարգմանությունը, ինչն էլ բախտորոշ դեր է խաղացել կոնցերտի ստեղծման գործում։ – Ինչպես պատմում է ինքը՝ Մանսուրյանը, երբ Շնիտկեի հետ ունեցած հեռախոսազրույցից իմացել է, որ վերջինս դեպրեսիայի մեջ է, որոշել է ընկերոջը նվիրել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանված նոր գիրքը, հուսալով, որ այն կօգնի դուրս գալ ծանր հոգեկան ապրումներից, հաղթահարել հուսահատ մտքերը։ Հենց այդ նվերն էլ ճակատագրական է եղել ոչ միայն Շնիտկեի, այլեւ բոլորիս համար։ Եվ մենք շնորհակալ ենք Մանսուրյանին։ – Կատարողի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված. նրանից պահանջվում է բարձր պրոֆեսիոնալիզմ, հոգեկան մեծ ներաշխարհ, հսկայական էներգիա՝ ամեն անգամ երաժշտությանը նոր կյանք տալու համար։ Չէ՞ որ երաժշտությունն ապրում է միայն՝ երբ հնչում է։ – Հրաշալի է ասված։ Այս ստեղծագործության թե՛ երաժշտական նյութը, թե՛ տեքստը աղոթք են։ Մենք պետք է ձգտենք այն կատարելությանը, որ կա Նարեկացու հանճարեղ պոեմում եւ Շնիտկեի երաժշտության մեջ։ Մենք ուզում ենք այնպես կատարել այն, որ աղոթքը հասու լինի ամեն մարդու սրտին։ ՆՈՒՆԵ ԱԹԱՆԱՍՅԱՆ Երաժշտագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել