Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորները կմասնակցեն ընտրություններին

Ապրիլ 12,2002 00:00

Ռեկտորները կմասնակցեն ընտրություններին ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ընտրության առթիվ աղմուկ բարձրացավ, որ այդ ընտրություններն անօրինական էին եւ մինչեւ բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումը՝ ռեկտորի պաշտոնը չէր կարող ընտրովի լինել։ Սա «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջն է, որը նաեւ դեկաններին, ամբիոնների վարիչներին եւ բուհի մյուս պաշտոններին է վերաբերում, որոնք, սակայն, վերջին տարիներին ընտրությամբ էին նշանակվում՝ թեեւ դրա իրավունքը չունեին։ Այս հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը՝ նկատելով, որ այսքան տարի դեկանների ու ամբիոնների վարիչների անօրինական ընտրությունները անտեսվում էին, բայց հենց գործը ռեկտորներին հասավ, աղմուկ բարձրացավ։ Այնուամենայնիվ, մինչեւ մյուս բուհերում էլ ռեկտորների ընտրություններ անցկացվեն, նախ որոշվել է այդ իրավունքը օրինականացնել։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նախորդ շաբաթ լրագրողներին տեղեկացրել է, որ պատրաստվում են փոփոխություն կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում եւ օրենքից հանել 53-րդ հոդվածը, ըստ որի, ռեկտորի, դեկանի, ամբիոնի վարիչի եւ մյուս պաշտոնների ընտրովի լինելու մասին օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետը ուժի մեջ է մտնում միայն միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության մասին օրենքի ընդունումից հետո։ Այդ օրենքի ընդունումը ամենայն հավանականությամբ ամիսներ կտեւի, իսկ ռեկտորներին ընտրությամբ նշանակելու հարցը հրատապ է նաեւ նրանով, որ ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի ընդունումից հետո նոր կարգավիճակ ստացած բուհերն իրենց կանոնադրությունները հաստատելուց հետո պարտավոր են ռեկտորի ընտրություններ անցկացնել։ Իսկ կանոնադրությունների հաստատումից կախված է բուհերի ֆինանսավորումը. բուհերը կունենան բանկերում առեւտրային հաշիվ բացելու իրավունք եւ չեն ֆինանսավորվի գանձապետարանից։ Վերջին տարբերակը անընդունելի է բուհերի համար, քանի որ այդ դեպքում իրենց փողերը միշտ ուշացումներով կստանան։ Նաեւ այս հանգամանքով էր ԿԳ նախարարը հիմնավորել օրենքում կատարելիք փոփոխության անհրաժեշտությունը։ Այնպես որ, երեկ մենք փորձեցինք բուհերի ռեկտորներից ճշտել՝ մասնակցելո՞ւ են ընտրություններին եւ կունենա՞ն մրցակիցներ, թե՞ միակ թեկնածուն են լինելու, ինչպես ԵՊՀ-ի դեպքում էր։ Թեեւ առանց հարցումների էլ պարզ էր, որ ոչ մի ռեկտոր չի հրաժարվելու նման հնարավորությունից եւ ամեն մի լծակ օգտագործելու է հաղթելու համար, այնուամենայնիվ, պատասխանները հետաքրքիր էին։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը զարմացավ. «Չմասնակցե՞մ, այնպիսի հարց եք տալիս, ես այսքան մեծ ներդրում ունեմ այս բուհի կայացման մեջ, հանրապետության առաջին բուհերից եմ դարձրել, ուրեմն չմասնակցե՞մ»։ Պարոն Կիրակոսյանը առայժմ դժվարացավ գնահատել, թե որքան մրցակից կունենա, սակայն վստահեցրեց, որ ինքը կցանկանար տասը մրցակից էլ ունենալ եւ համոզված էր, որ բուհի կոլեկտիվը կընտրի ամենաարժանավորին։ Կոլեկտիվի կամքը ամեն ինչից վեր է դասում նաեւ Գյուղակադեմիայի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը։ Նա թեեւ երեք տարի է միայն, որ ղեկավարում է այս բուհը, սակայն համարում է, որ այդ ընթացքում դրական տեղաշարժեր են եղել եւ ծրագրեր կան, որոնք ինքը կցանկանար շարունակել, եթե, իհարկե, կոլեկտիվը համաձայն է դրան։ Ինքը՝ պարոն Թարվերդյանը չառաջադրվելու որեւէ պատճառ չի տեսնում, թեեւ կարծում է, որ մի քիչ շուտ է այդ հարցը արծարծելը։ Օրենքում փոփոխությունից հետո ակադեմիայի մեծ խորհուրդը կհաստատի ընտրությունների եւ թեկնածուների առաջադրման կարգը։ Հավանաբար կորոշվի, որ բոլոր ստորաբաժանումները կարող են առաջադրել իրենց թեկնածուներին եւ միայն դրանից հետո պարզ կլինի, թե որքան մրցակից կունենա ներկայիս ռեկտորը։ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Միսակ Դավթյանը եւս չէր պատկերացնում՝ մրցակիցներ կունենա՞, բայց հնարավոր էր համարում, որ իրենից բացի այլ թեկնածուներ էլ կլինեն։ Իսկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանը կարծում է, որ եթե նույնիսկ ինքը մրցակիցներ չունենա, իրենց բուհի դեպքում դա սովորական, բնական կլինի եւ խնդրեց իրենց բուհը չհամեմատել ԵՊՀ-ի հետ, որտեղ ռեկտորին այլընտրանք չլինելը տարօրինակ գնահատեց՝ «համալսարանն ուրիշ է»։ Այդպես էլ լավ գլխի չընկանք, թե որն է տարբերությունը։ Ամեն դեպքում պարոն Բեգլարյանն էլ վստահեցրեց, թե դեմ չէ, որ մրցակիցներ ունենա։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել