Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՐՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՆԱՆԱ ՉԷ»

Ապրիլ 12,2002 00:00

«ՔՐՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՆԱՆԱ ՉԷ» Զգուշացեք, հանրապետությունում 37 կաշառակեր կա «Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Վագա Ամիրխանյան) վերսկսեց իր այս տարվա կլոր սեղանների շարքը։ Երեկ նրա հյուրն էր ՆԳ նախարարի խորհրդական, իրավական սպասարկման վարչության ղեկավար Միքայել Գրիգորյանը։ Օրակարգում կոռուպցիայի դեմ պայքարն էր եւ «գործնական արդյունքներն» այդ բնագավառում։ «Հասարակական ցանկացած զարգացում ենթադրում է հանցավորության սանձահարում, հատկապես՝ կոռուպցիոն եւ կազմակերպված հանցավորության։ Դա չի նշանակում, իհարկե, թե լավագույն ճանապարհը բանտերն ու ուղղիչ-աշխատանքային հիմնարկները մարդկանցով լցնելն է»,- ասաց պրն Գրիգորյանը։ Իսկ ո՞րն է «լավագույն ճանապարհը»։ Ըստ ՆԳ նախարարի խորհրդականի, «լավագույն ճանապարհը ոչ թե քրեական ռեպրեսիայի տարածականացումն է, այլ հասարակական կյանքի բոլոր ոլորտների խաղի կանոնների հստակեցումը, օրենսդրական լծակների ստեղծումը»։ Պրն Գրիգորյանը չէր կիսում նաեւ մտավորականության, հանրության մեջ գերիշխող այն կարծիքը, թե կոռուպցիայի դեմ պայքարելու ձեւը քրեաիրավական միջոցներն են։ «Վերջիններիս գերագնահատումը սխալ է եւ պետք է քրեաիրավական միջոցները գնահատել իրենց չափի մեջ եւ ամբողջությամբ»։ Պրն Գրիգորյանը նշեց, որ 1961թ. գործող քրեական օրենսգիրքը կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորություններ ուներ, այնպիսի հոդվածներ, որոնք պատասխանատվություն էին սահմանում կոռուպցիոն դրսեւորումների համար։ Եվ նրա կարծիքով, այդ օրենսգրքով էլ ցանկության դեպքում կարելի էր պայքարել։ Երեւույթի-իրողության դեմ։ «Հակաստվերի» հյուրը հրապարակեց ՆԳ նախարարության լրատվական կենտրոնի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության տրամադրած տեղեկանքը։ 2001թ., ըստ այդ տեղեկանքի, հանրապետությունում հայտնաբերվել է կաշառակերության 37, պաշտոնեական դիրքի չարաշահման 58, պաշտոնեական կեղծիքի 52 դեպք։ Լրագրողների սպասվող աղմուկը փորձեց կանխել պրն Գրիգորյանը՝ ասելով. «Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե Հայաստանում ընդհանրապես կատարվել են կաշառակերության… միայն այսքան դեպքեր» եւ «քրեաիրավական պայքարի տեսակետից այնքան էլ մեզ բավարարող թիվ չէ»։ Այնուամենայնիվ, ի՞նչ առավելություններ կարող է ունենալ նախատեսվող քրօրենսգիրքը։ Պրն Գրիգորյանը հայտնեց, որ «ավանդական-կոռուպցիոն հանցագործությունները պահպանվել են նոր նախագծում։ Քրօրենսգիրքը երկնային մանանա չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կապենք դրա հետ։ Օրենսգիրքը նախատեսել է. խարդախության, յուրացումների, վատնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ծառայողական լիազորությունների հետ նաեւ այնպիսի հանցատեսակներ, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական, տնտեսական գործունեության ոլորտներին։ Մասնավորապես, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար նախատեսվում է քրպատասխանատվություն»։ Նշվեց նաեւ պատասխանատվության մասին. արդարադատություն իրականացնելու դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված։ Ըստ դարձյալ ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության տեղեկանքի, «առավել ցայտուն օրինակ» նշվեց 3 դեպք. կրթության եւ գիտության նախարարության լիցենզիայի եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանի, գլխավոր մասնագետ Արտավազդ Մամյանի եւ աշխատակից Ռոլանդ Ավետիսյանի գործը, երբ կաշառք են ստացել լիցենզիա տալու համար (նախաքննությունը կատարում է գլխավոր դատախազությունը)։ 2-րդը՝ «Բեռների տեղափոխում եւ առաքում» ՊՓԸ տնօրեն Զավեն Հովհաննիսյանի, փոխտնօրեն Էդուարդ Վարդանյանի եւ հարկադիր կատարող Արմեն Ղազարյանի գործն էր, երբ «ԿամԱԶ» ավտոմեքենաներն աճուրդային կարգով վաճառելիս պահանջել էին վարորդ-գնորդներից կաշառք։ 3-րդ օրինակն առնչվում էր մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Մկրտչյանի գործին։ Նա 730 ուսանողներից հավաքել էր տարեկան ուսումնավարձերը (19 մլն 582500 դրամ), չի մուտքագրել եւ յուրացրել է։ «Ցնցող» կաշառքի չափի (1200, 4000, 900, 2000, 250, 600, 1000 դոլար…) կապակցությամբ քիչ էր մնում բախվեինք նախարարի խորհրդականի հետ։ «Իսկապես ես մեղավոր չեմ, որ այս գործերն են բացահայտվել։ Ես ինձ միամտի տեղ թույլ չեմ տա դնել եւ ձեզ էլ միամտի տեղ դնել, թե այս հասարակությունից դուրս ենք։ Պարզապես, հայտնաբերվածը սրանք են»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել