Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքն իրեն ազատել է հարկերից

Ապրիլ 12,2002 00:00

Ինքն իրեն ազատել է հարկերից ՀՀ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի տվյալներով, անցած տարի հանրապետությունում գրանցված գործազուրկների թիվը 170 հազար էր։ Նախարարը երեկ կառավարության նիստում զեկուցել էր աշխատանքի դիմաց նպաստի նշանակման եւ վճարման կարգի վերաբերյալ։ Ծրագիրը սկսել է գործել անցած տարվա վերջին 3 ամիսներից եւ Ռազմիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ, համայնքներից դրական արձագանքներ են ստացվել, ծրագիրը դրական է գնահատել նաեւ ԱԺ-ն։ Այս տարվա համար 500 մլն դրամի նպաստ է նախատեսվել աշխատանքի դիմաց, մեկ աշխատողին օրական 800 դրամ աշխատավարձով։ «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է կոչվում նպաստ եւ ոչ թե աշխատավարձ՝ աշխատանքի դիմաց (արդյո՞ք այն պատճառով, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց շատ ցածր են վարձատրվում), սոցապ նախարարը պատասխանեց. «Եթե սա մենք համարենք վարձատրվող աշխատանք (այժմ կոչվում է վարձատրվող հասարակական աշխատանք), նրանք պետք է եկամտահարկ տան, սոցվճարումներ կատարեն, որովհետեւ պետբյուջեից առանձնացված միջոցներով են վճարվում։ Ուստի այսպես է որոշվել, որովհետեւ գումարներն առանձնապես մեծ չէին»։ Ընդունելով ծրագրի անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ հանրապետությունում շատ կան ավելի ցածր վարձատրությամբ աշխատողներ, որոնք վճարում են հարկերը։ Ֆինանսավորման ծրագրերը ներկայացնում են համայնքների ղեկավարները կամ այլ կազմակերպություններ՝ համայնքապետի ստորագրությամբ եւ հաստատմամբ, որ այդ ծրագրերը համայնքային նշանակության են։ Իսկ ծրագիր կարելի է ներկայացնել, ըստ Ռազմիկ Մարտիրոսյանի, տարբեր աշխատանքների համար՝ ճանապարհների կառուցում եւ բարեկարգում, սանիտարական մաքրում, հուշարձանների, սոցիալական օբյեկտների բարեկարգում, ծառատունկ, կանաչապատում։ Իսկ մեր քաղաքապետը ծառ է տնկում ու ծառատունկ կազմակերպում միանգամայն անվճար (ու առանց վճարվելու)։ Երեկ կառավարությունը որոշում է ընդունել նաեւ ՀՀ մաքսային սահմանով ուղեւորային գնացքներով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման կանոնակարգման վերաբերյալ։ Ըստ Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանի, կոմիտեի Մաքսագնային վարչության վերլուծությունների համաձայն՝ այն ապրանքները, որ մինչեւ Բագրատաշենի մաքսատան կառուցումը մաքսանենգ ճանապարհով էին Հայաստան մտնում, այժմ դրանք ներկրվում են Վրաստանից Երեւան եկող գնացքով՝ նույնպես մաքսանենգ եղանակով։ Արմեն Ավետիսյանի ներկայացմամբ. «Վրաստանից Երեւան եկող գնացքներում անօրինականությունները հասել էին այն մակարդակի, որ խոչընդոտում էին զննմանը»։ Նա համոզված է, որ «այն կարգը, որ սահմանում ենք, բացառում է մաքսանենգ ապրանքի թափանցումը հանրապետություն»։ Բայց վերջինս տեղյակ չէ, վիճակագրություն էլ չունի այն մասին, թե որքան էր կազմում այս ճանապարհով ներկրվող մաքսանենգ ապրանքի ծավալը, թեեւ տեղյակ է, որ տնտեսվարողների միջեւ անհավասար պայմաններ էին ստեղծվել. «Օրինավոր հարկ վճարողների ապրանքների ինքնարժեքն ավելի բարձր էր, քան մաքսանենգներինը»։ Հետաքրքիր է, որ Մաքսային կոմիտեի պետի վերլուծությամբ, շուկայում ապրանքների (հիմնականում ցիտրուսային մրգեր, դեղորայք) գների աճ չի գրանցվի, պարզապես «որոշ տնտեսվարողներ այնքան շահույթ են ստանալու, որքան մյուսները (օրինավոր հարկ վճարողները)»։ Թեեւ տեղին է հարցնել, թե արդյոք օրինավոր հարկ վճարողներ կա՞ն եւ արդյոք նրանք շահույթ ստանո՞ւմ են։ Մաքսային պետական կոմիտեի պետն ընդունեց, որ շուկայում հայտնված ռուսական արտադրության՝ առանց հայկական նշագրման ծխախոտը մաքսանենգ է եւ նշեց պատճառը. «Վրաստանի հետ 170 կմ առանց սահմանի տարածքը, 172 կմ-ի վրա շուրջ 62 տարանցիկ ճանապարհները, եւ ի՞նչ, ուզում եք ասեմ, նաեւ որոշ մաքսավորների ոչ բարեխիղճ աշխատա՞նքը։ Պատրաստ եմ ասել»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել