Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍՏԻՔՆԵՐՆ Է՞Լ ԳՆՈՒՄՆԵՐՈՎ

Ապրիլ 12,2002 00:00

ՀԱՍՏԻՔՆԵՐՆ Է՞Լ ԳՆՈՒՄՆԵՐՈՎ Պետական գնումների գործակալությունով զբաղվում է նաեւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը Ապրիլի 4-ին կառավարության նիստից հետո Պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանը անդրադարձավ «Առավոտի» «Դատարանը հավատում է միայն պաշտոնյային» հոդվածին՝ նշելով, որ «լրագրողը խեղաթյուրել է գրեթե բոլոր փաստերը»: Հոդվածում ներկայացված էր, թե ինչպես Գ.Խաչատրյանը խախտելով օրենքները, աշխատանքից ազատել է ծառայության աշխատակիցներ Անահիտ Մանանդյանին եւ Լեւոն Մելիքյանին: Մեջբերենք պարոն Խաչատրյանի ասածներից մի հատված, որով առանց դատական նիստերի կարելի է արձանագրել նրա կողմից կատարված բացահայտ խախտումները. «երբ ես եկա, կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն կար։ Անմիջապես, ակնհայտորեն հենց առաջին հայացքից զգացվում էր, որ այստեղ հնարավոր չէ նորմալ կազմակերպել աշխատանքը: Պետք էր ավելի օպտիմալ կառուցվածք»: Լրագրողի միջամտությունից հետո պարոն Խաչատրյանը հասկացավ, որ «բռնվում» է իրեն վերապահված լիազորությունները գերազանցելու մեջ եւ հանկարծ հայտարարեց. «կառուցվածքը կառավարությունն է հաստատում: Ես կառուցվածքային փոփոխություններ չեմ կատարել»: Նա այնուհետեւ նշեց, որ փոփոխություններ է կատարել բաժինների մակարդակով: Իրականում պարոն Գ. Խաչատրյանը փոփոխություններ է կատարել գործակալության՝ կառավարության կողմից հաստատված կառուցվածքում: Գ.Խաչատրյանի պարզաբանումներին արձագանքեցին երկու հասարակական կազմակերպություններ՝ Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան եւ Հայ պետական ծառայողների միությունը: «Մենք ոչ միայն այս, այլ նաեւ պետական ծառայողների իրավունքների խախտումների ցանկացած դեպքում բոլոր հնարավոր օրինական միջոցներով պաշտպանելու ենք նրանց շահերը: Հարցը իրոք խորքային է: Կապված է նաեւ դատաիրավական բարեփոխումներին: Այսօր ինչքանո՞վ են ռեալ իրագործվում այդ բարեփոխումները, այդ թվում նաեւ պետածառայական ոլորտում, պետական գնումների գործակալությունում: Այսինքն ընդունված օրենքները եւ կառավարության որոշումները ինչքանո՞վ են կյանքի կոչվում: Օրենքով հստակ սահմանված է, որ Պետական գնումների գործակալության հաստիքացուցակը կազմվում է կառավարության կամ կառավարության կողմից լիազորված անձի կողմից: Տվյալ դեպքում հաստիքացուցակը հաստատվել է վարչապետի, իսկ հետագայում այս աշխատանքային վեճերի հետ կապված հաստատվել է նաեւ Պետական գնումների գործակալության պետի կողմից: Օրենքը միշտ բարձր է կառավարության, ենթաօրենսդրական ակտերից, իսկ կառավարության ակտերը բնականաբար բարձր են ավելի ներքեւի օղակների ակտերից, այդ թվում նաեւ Պետական գնումների գործակալության կանոնադրությունից: Սա հստակ է: Այդ երկու պետական ծառայողների իրավունքները ոտնահարված են եւ մենք պաշտպանելու ենք՝ հիմնավորելով համապատասխան օրենքներով»,172 ասաց Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: «Փորձելու ենք ցույց տալ այն հիմնական համակարգային խախտումները, որոնք այսօր բացահայտ կերպով կատարվում են պետական ծառայության եւ կառավարման ոլորտում: Մենք այսօր պետական ծառայողի շահերն ենք պաշտպանում եւ կոչ ենք անում բոլոր պետական ծառայողներին, ովքեր նմանատիպ պրոբլեմներ կունենան իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, հաշվի առնեն, որ հանրապետությունում գործում է նմանատիպ համագործակցություն: Անձերին փոխելով, բայց չփոխելով հարաբերությունները, հնարավոր չէ համակարգը փոխել: Այսինքն, եթե այսօր պարոն Գ. Խաչատրյանն է այդ խախտումը անում, վաղը նրան փոխարինած մեկ ուրիշը նման խախտումները շարունակելու է: Հանդիսանալով պետական կառավարման բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ես կարող եմ երաշխավորել, որ կառավարությունը ընտրել է բարեփոխումների հստակ կուրս, մշակված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգ, որին ուղղակիորեն հակադրվում են գնումների գործակալությունում պետի քմահաճույքով կատարված այս խախտումները: Վերջերս մեծ ձեռքբերում ունեցանք. ընդունվեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը: Սրա նպատակն այն է, որպեսզի պետածառայական ոլորտը անջատի քաղաքական կոնյունկտուրայից, որպեսզի պետական կառավարման հիշողությունը կրող ապարատը կախված չլինի պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնողների քմահաճույքից: Պետական գնումների գործակալությունը, որպես կառավարությանն առընթեր մարմին, կարծես թե գործում է օրենքներից դուրս, քանի որ խախտվել է «Գնումների մասին» օրենքը, մասնավորապես այն կետով, որ կառուցվածքը, կանոնադրությունը եւ հաստիքացուցակը պետք է հաստատի կառավարությունը կամ նրա լիազոր մարմինը: Այստեղ միայն աշխատանքից ազատված Անահիտ Մանանդյանի եւ Լեւոն Մելիքյանի ոտնահարված աշխատանքային իրավունքները չեն, խնդիրը շատ ավելի մեծ է: Այդ իսկ պատճառով ստիպված ենք եղել մեր կողմից հայտնաբերված վարչական խախտումները պաշտոնապես ներկայացնել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը: Վերջինիս կողմից արձագանքի է արժանացել, բայց դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել»,172 ասաց Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը։ Երկու կազմակերպությունների նախագահները պատրաստվում են մոտ օրերս մամուլի ասուլիսում ներկայացնել Պետական գնումների ծառայության պետի թույլ տված օրենքի բազմաթիվ խախտումներ: Այնպես որ, Գագիկ Խաչատրյանը երեւի արդեն փոշմանել է, որ պատգամավոր եղած ժամանակ կողմ է քվեարկել «Պետական ծառայողի մասին» օրենքի նախագծին: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել