Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակը նողկալի է

Ապրիլ 12,2002 00:00

Վիճակը նողկալի է Բայց ոչ անելանելի Դեռ անցած ուրբաթ «Ազատության» հրապարակում ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը նախաձեռնած թվով 14 կուսակցություններ հրապարակել էին իշխանություններին ուղղված մի հայտարարություն, որով պահանջում էին վերականգնել հիշյալ երկու լրատվամիջոցների հեռուստահաղորդումները: Նույն օրը քաղաքական այդ ուժերը հավաստիացրել էին, թե «Ազատության» հրապարակում հանրահավաքներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները կատարված չեն: Իսկ երեկ նրանք ասուլիս էին հրավիրել, որտեղ եւս մեկ անգամ անդրադառնալով «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» եթերից զրկելու փաստին, փորձեցին նաեւ ստեղծված իրավիճակից հնարավոր ելքեր մատնանշել: Նրանք բոլորը եւս մեկ անգամ շեշտեցին, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած վճիռը՝ «Ա1+»-ին 37 դեցիմետրային կապուղուց զրկելու մասին, նախագահ Ռ.Քոչարյանի կամքի արտահայտությունն ու ցանկությունն էր, նրա հանձնարարականը: Անդրադառնալով «Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» չարաբաստիկ օրենքում առկա այն սողանցքերին ու թերություններին, որոնք, շատերի կարծիքով, հնարավոր են դարձրել «Ա1+»-ի փակումը, ասուլիսի մասնակիցներն ընդգծեցին այդ օրենքի վերանայման անհրաժեշտությունը: Մասնավորապես ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը նկատեց, թե պետք է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկել փոփոխություններ մտցնել գործող օրենքում եւ «ազգային» հանձնաժողովի լուծարման հարցն ինքնըստինքյան կլուծվի: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ իր հերթին հակադրվելով նախագահի այն տեսակետին, թե ընդդիմության պահանջը՝ լուծարել հանձնաժողովը, իր լիազորությունների մեջ չի մտնում, նախագահին բացատրեց, որ կարելի է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ վերանայել օրենքը: Նա նաեւ դիմելով լրատվամիջոցների ղեկավարներին հայտարարեց՝ «մենք ոչ թե ձեր խոսքի ազատության համար ենք պայքարում, այլ՝ մեր, հասարակության քաղաքացիական իրավունքների»: Խոսելով Հեռուստատեսության հանձնաժողովի մասին, ԱԺ պատգամավոր եւ ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանն իր հերթին շեշտեց, որ եթե խոսում ենք Սահմանադրության մասին, ապա գործող Հիմնական օրենքով երկրի նախագահն իրավունք ունի ստեղծել ոչ թե վճիռներ կայացնող, այլ ընդամենը խորհրդակցական հանձնաժողովներ: Պրն Զաքարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխությունների նախագահական տարբերակում այդ խնդիրը լուծված է հօգուտ նախագահի. նրան իրավունք է վերապահվել ստեղծել նաեւ վճիռներ կայացնող հանձնաժողովներ, ինչի իրավունքն այս Սահմանադրությամբ նախագահը չուներ: Ասել է թե՝ նա այսօր արդեն ոտնահարել է գործող Հիմնական օրենքը: Խոսվեց նաեւ լրատվամիջոցներին միմյանց դեմ լարելու, 4-րդ իշխանությանը եւս «մերոնց»-ի ու «ձերոնց»-ի տարանջատելու՝ իշխանությունների վարած քաղաքականության մասին: Արձագանքելով լրագրողներից մեկի այդ դիտարկմանը՝ Ս.Զաքարյանը նշեց. «Մինչ օրս լրագրողներն էին քաղաքական ուժերին ու գործիչներին մեղադրում պառակտվելու եւ «ծախվելու» մեջ: Ցավալի է, բայց այսօր նրանք դրա բարոյական իրավունքը չունեն: Դա ոչ թե քաղաքական, այլ՝ լրագրողական համերաշխության խնդիր է, ինչը չդրսեւորվեց»: Պատգամավորը նաեւ հռետորական հարց ուղղեց, թերեւս, այն լրատվամիջոցներին, որոնք ոչ միայն չէին պաշտպանել «Ա1+»-ի, այսինքն՝ իրենց, իրավունքները. իրենց բերանը փակելու դեպքում բարոյական իրավունք այլեւս կունենա՞ն՝ դիմելու իրենց գործընկերներին: «Վիճակն է նողկալի»,- արձանագրեց պարոն Զաքարյանը: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել