ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԻՐԱՌԵԼ Է ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ ՉԱՓՈՐՈՇԻՉ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ իր ասուլիսում փորձեց պատասխանել «Ա1+»-ին առնչվող, իր բնորոշմամբ՝ «ինչը, ինչպես եւ ինչու» հարցականներին։ Եվ իր պատասխաններով առաջացրեց նոր «ինչը, ինչպես եւ ինչու»-ներ։ «Հանձնաժողովը մինչ այժմ զրկված էր հնարավորությունից՝ ավելի ազատ եւ ավելի մանրամասն մեկնաբանելու 37-րդ կապուղու շուրջ ընթացող գործընթացը»,- նախ ասաց պրն Ամալյանը, հարցականի տեղիք տալով, թե հապա ինչպե՞ս նույն հանձնաժողովի նախագահի տեղակալը մինչեւ իսկ մրցույթի ամփոփումը (իր գնահատականների մեջ արդեն իսկ բավական ազատորեն) մեկնաբանություններ տվեց հայտ ներկայացրած ընկերություններից մեկի ծրագրի վերաբերյալ։ Սակայն Գրիգոր Ամալյանը սրան չանդրադարձավ եւ չգնահատեց իբրեւ մրցույթից առաջ «մրցակիցների շահերի ոտնահարում»։ Այդ գնահատականին արժանացավ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի (մինչեւ մրցութային փաթեթները բացելը) արտահայտած այն կարծիքը, որ եթե «Ա1+»-ը դուրս մղվի եթերից, «ապա ակնհայտ է, որ դա միանշանակ կգնահատվի իբրեւ քաղաքական պատվերի իրականացում»։ Կարելի էր ասել, որ Շավարշ Քոչարյանի կանխատեսումն իրականացավ եւ դա հենց այդպես էլ գնահատվեց։ Սակայն պրն Ամալյանն այս առնչությամբ նախընտրեց ասել. «Աբսուրդ է, որ պաշտոնյան չի հասկանում ե՛ւ իր պաշտոնը, ե՛ւ իր նշանակությունը, ե՛ւ օրենքը»։ Նաեւ Շավարշ Քոչարյանին մեղադրեց հասարակական կարծիք ձեւավորելու, մրցակիցների եւ հանձնաժողովի վրա ճնշում գործադրելու մեջ։ Սակայն սաստիկ անկախ հանձնաժողովը եւ մրցակիցները չճնշվեցին անգամ հանրապետության նախագահ Քոչարյանի՝ մինչ մրցույթի ամփոփումն «Ա1+»-ի մասին նպաստավոր տեսակետից։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ պիտի ճնշվեին հանձնաժողովի նախագահ Քոչարյանի ասածներից։ Գրիգոր Ամալյանը խոստացավ, որ այսուհետ բոլոր ցանկացողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ ե՛ւ «Շարմի», ե՛ւ «Ա1+»-ի մրցութային առաջարկներին։ Առանց «Ա1+»-ի համաձայնության նրա ծրագիրը հրապարակելու քայլին հանձնաժողովի նախագահը որոշել էր դիմել այն բանից հետո, երբ «Ա1+»-ի ինտերնետային էջում հրապարակվել էր երկու ծրագրերի համեմատությունը. «Եվ ցավալին գիտե՞ք ինչն է, որ նորից էն չեք ներկայացնում, ինչ որ գրված էր ձեր առաջարկում։ Նորից ավելի գունազարդ է, քան այն, ինչ որ ունեք։ Փաստորեն, հիմա երկրորդ ալիքով եք փորձում մարդկանց ասել, թե՝ շատ լավն էր մեր առաջարկը, բայց տեսեք՝ մեզ հետ ինչ արեցին»։ Դո՛ւք ասացիք։ Քանզի այդ համեմատության մեջ (այն արտատպել էր նաեւ «Առավոտը»), որեւէ տվյալ չկա ավելացված կամ գունազարդված, որը բացակայեր «Ա1+»-ի մրցութային առաջարկում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը խոստացել էր, ի վերջո, բացահայտել, թե ինչ չափանիշների համեմատությամբ «Ա1+»-ը ստորադասվեց «Շարմի» առաջարկին. «Ի՞նչ կար այդտեղ չհասկանալու, երբ որ օրենքի 50-րդ հոդվածում շատ հստակ տրված է՝ որո՞նք են այն չափանիշները, որով ընտրվում է լավագույն կազմակերպությունը»։ Մեջբերենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքից այդ «Արտոնագրատիրոջ ընտրությունը» հոդվածից եւ մենք։ Եվ այսպես, ազգային հանձնաժողովն օրենքի համաձայն պիտի հաշվի առներ. «ա) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը. բ) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը. գ) դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները. դ) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը»։ Թեեւ Գրիգոր Ամալյանը բավական երկար խոսեց այն մասին՝ օբյեկտի՞վ են այս չափանիշները, թե՞ սուբյեկտիվ, այդպես էլ որեւէ որոշակի փաստարկ չբերեց, թե վերոհիշյալ 4 չափորոշիչներից որ մեկով էր, որ «Ա1+»-ը զիջում էր «Շարմին», ինչպե՞ս եւ ինչո՞ւ։ Փոխարենն ասաց, որ բոլորն էլ օրինական ֆինանսական աղբյուրներ են նշել, նաեւ՝ «Ա1+»-ի կազմը գիտենք եւ գիտենք, որ իսկապես աշխատող կազմ է, կայացած է լրատվական բլոկում։ Իսկապե՛ս կայացած է»։ Ամենաուշագրավ խոստովանությունն «Ա1+»-ի վերաբերյալ առջեւում էր. «Եղած, եթե ստատիկ վիճակն եմ ընդունում, իսկապես նրա առաջարկը լավն է»։ Գրիգոր Ամալյանը, սակայն, անընդհատ այս կարգի արտահայտություններ էր օգտագործում. «Մի ընկերությունն ունի արդեն պատրաստ, նրա համար պետք չի այլ աղբյուրներ, ունի ստեղծած ինչ-որ կոնկրետ բան։ Բայց նայում ենք՝ այլ ի՞նչ ունի անելու էս մարդը էստեղ, զարգանալո՞ւ է, թե՞ չի զարգանալու», «Եկեք հստակ հասկանանք մի բան, մրցութային առաջարկում մարդիկ ստանձնում են պարտավորություններ եւ նկարագրում են, թե ինչ են անելու 7 տարիների մեջ, ինչ են պատրաստվում տալ հեռուստադիտողին», «Ինձ չի հետաքրքրում՝ ով է ուժեղ։ Ինձ հետաքրքրում է՝ ով ինչով է ուզում ներկայանալ հեռուստադիտողին մոտակա 7 տարիների մեջ»։ Ահա սա է, ըստ էության, ապացույցը, որ հանձնաժողովն ընտրությունը կատարել է օրենքից դուրս, ինչ-ինչ այլ մոտեցումներով։ Օրենքի ո՞ր դրույթն է հանձնաժողովին իրավասություն ընձեռել գնահատման չափորոշիչ դարձնել հեռանկարային ծրագրերը կամ զարգացման հայեցակարգը։ «Առավոտը» մի քանի անգամ խնդրեց պրն Ամալյանին ընթերցել այն հոդվածը, որում մատնանշված է, թե հանձնաժողովն ընտրության ժամանակ պիտի հաշվի առնի նաեւ ապագայի ծրագրերը։ Ի պատասխան նա ասաց. «Հաղթող ճանաչելիս կամ մրցույթում լավագույն կազմակերպություն ընտրելիս հանձնաժողովն առաջնորդվել է միմիայն 50-րդ հոդվածի չափորոշիչներով»։ Սակայն այդ հոդվածում վերոթվարկյալ 4-ից բացի չկա նման չափորոշիչ։ Գրիգոր Ամալյանը հավելեց. «Մյուսը, ինչ որ մրցույթի պայմանների մեջ է, այդ թվում՝ նաեւ զարգացման եւ ներդրումային, նրանք ոչ թե ընտրելու, այլ նրանք օժանդակ, լրացուցիչ առաջարկներ են»։ Մինչդեռ 37 դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումներ հեռարձակելու լիցենզավորման մրցույթի պայմաններում, որոնք պաշտոնապես հրապարակվեցին փետրվարի 22-ին, դարձյալ չկա որեւէ դրույթ զարգացման հայեցակարգի վերաբերյալ։ Ուստի չկա օրենքի որեւէ դրույթ, որը հիմնավոր կդարձներ, թե հանձնաժողովը ճիշտ է վարվել «իսկապես կայացած», իր եղած, ստատիկ վիճակում «լավ առաջարկով» ներկայացած «Ա1+»-ին պարտված ճանաչելով, քանի որ նա չէր ներկայացրել իր առաջիկա ծրագրերը։ Այս մրցույթին հետեւած բազմաթիվ, այդ թվում եւ՝ միջազգային հանրության արձագանքներից միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը լրագրողները խնդրեցին անդրադառնալ պրն Ամալյանին։ «Մարդիկ ուղղակի անտեղյակ լինելով կոնկրետ առաջարկներին՝ շտապել են տալ գնահատական, գուցեեւ հաշվի չառնելով այն, որ այդ գնահատականը կարող է ուղղակի ինչ-որ ձեւով անդրադառնալ ներքին լարվածության վրա»,- ասաց նա։ Բնական հարց պիտի առաջանար, թե ինչպե՞ս է, որ Ռոբերտ Քոչարյանն էր այնքան լավատեղյակ մրցութային որոշակի ծրագրերին, որ անգամ դրանց համեմատությունն էր հրապարակավ կատարում։ Եվ սա այն պայմաններում, երբ միայն երեկ հանձնաժողովի նախագահն արտոնեց ծանոթանալ այդ առաջարկների ամբողջական տեքստին։ Գրիգոր Ամալյանի բացատրությունն էր. «Մրցույթից անմիջապես հետո, երբ լրագրողներն օրինակ ինձ հարց էին տալիս, թե ինչո՞ւ՝ «Շարմը» եւ ո՛չ «Ա1+»-ը ես ասացի՝ որովհետեւ «Շարմի» առաջարկը ուժեղ էր»։ Սակայն մրցույթին հաջորդող օրերին նախագահը հանրապետությունում չէր, ուստի, դժվար թե իր տեսակետը ձեւավորած լիներ հայաստանյան լրատվամիջոցների շնորհիվ։ Մեր այս դիտակմանը պրն Ամալյանն այսպես արձագանքեց. «Հասկանալի է։ Նախագահը կարող է այստեղ չլինել, բայց կարող է այնքան տեղեկացված լինել, որքան գոնե առնվազն դուք»։ Եվս մեկ անգամ նշենք, որ մինչ այժմ հնարավորություն չենք ունեցել ծանոթանալ «Շարմի» ծրագրին։ Ուստի, նախագահն, այնուամենայնիվ, ավելի՛ տեղեկացված է՝ քան մենք։ Վերջում մի հանգամանք նշենք. Գրիգոր Ամալյանը բավական վերապահ ակնարկներ արեց «Նոյյան Տապանի» հասցեին, թե այն ուներ լուրեր եւ «մի հատ ինտերակտիվ հաղորդում, որտեղ քաղաքացին նստած, ասենք, զանգեր է ստանում եւ պատասխանում է։ Կարելի է մի մարդով ապահովել այս եթերը։ (…) Բոլորս էլ հասկանում ենք, որ այլ ծրագրեր չի արտադրելու այս ընկերությունը»։ Ակնհայտ վրիպում էր։ Երեւի մոռացել էր, որ հանձնաժողովի այն անդամները, որոնք տապալեցին «Ա1+»-ին, ավելի բարձր գնահատեցին «Նոյյան Տապանին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ