Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ՕՐԵՆՔԸ

Ապրիլ 12,2002 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ՕՐԵՆՔԸ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը ԱԺ-ն ընդունել է 2000թ. հոկտեմբերի 9-ին։ Շավարշ Քոչարյանը երեկ կետ առ կետ «սխալ հանեց» հանձնաժողովին եւ ապացուցեց, որ կապուղիների համար մինչեւ այժմ անցկացրած մրցույթներում հանձնաժողովը չի պահպանել օրենքի պահանջները։ Օրենքն ընդունվելուց անմիջապես հետո լուրջ դիմադրություն է սկսվել ՀՀ նախագահի կողմից։ Նախ՝ Ռոբերտ Քոչարյանը 2001 թ. սկզբին դիմեց ՍԴ, պահանջելով կասեցնել օրենքի բոլոր այն դրույթները, որոնք ենթադրում էին, որ ՀԱՀ-ն ու Ազգային հանձնաժողովը հաշվետվություն պետք է ներկայացնեն ԱԺ եւ, որ նրանք պետք է գործեն ըստ այն կանոնադրության, որն օրենքի տեսքով կհաստատեր ԱԺ-ն։ ՍԴ-ն, հիմնականում, բավարարել է այս պահանջները եւ, փաստորեն, կասեցվեց օրենքի 6 դրույթ, նաեւ՝ 36-րդ հոդվածը։ Օրենքում առաջացած բացն ԱԺ-ն ստիպված եղավ նոր ձեւակերպումներով լրացնել։ Շավարշ Քոչարյանը նպատակ չունի հայտարարել, թե ԱԺ ընդունած օրենքն իդեալական է։ Պրն Քոչարյանի հայտարարությունը հետեւյալն է՝ օրենքը կոպտորեն խախտվել է։ Եվ թիվ մեկ խախտողը, իհարկե, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է, որն ընդունել է օրենքին հակասող կարգ։ Օրենքին հակասում են նաեւ հանձնաժողովի կողմից հրապարակված մրցութային պայմանները։ Իր մեղադրանքները Շավարշ Քոչարյանը փորձեց կետ առ կետ հիմնավորել։ Նախ, աբսուրդ է, երբ ասվում է, թե «Ա1+»-ը պարտվել է, որովհետեւ նրա ծրագիրը «թույլիկ» է։ Ի դեպ, ծրագրի մասին այս միտքը կրկնեց նաեւ նախագահ Քոչարյանը։ Նախագահի կողմից շեշտվում էր նաեւ, որ իբր «Ա1+»-ին լավ չեն ֆինանսավորել, դրա համար էլ պարտվեց։ Ակնհայտորեն ե՛ւ հանձնաժողովը, ե՛ւ նախագահ Քոչարյանը օրենքի պահանջներին ոչ համապատասխան հայտարարություններ են անում։ Իրականում, օրենքում որեւէ նշույլ չկա, որ մրցույթը ծրագրերի մրցույթ է։ Չկա նաեւ, որ մրցույթն աճուրդային է, եւ հաղթելու է առավել գումար ներդնողը։ Հանձնաժողովն այս տարվա հունվարի 24-ին ընդունել է կարգ, որի 8-րդ հոդվածի վերջին պարբերության մեջ նշված է. «Մրցույթի պայմանները կարող են պարունակել պահանջներ հեռուստառադիո ծրագրերի թեմատիկայի եւ ուղղվածության», հետո նաեւ՝ «ներդրումային եւ զարգացման ծրագրեր»։ Իսկ բուն օրենքում նշված է, որ «մրցույթի պայմաններն այն նվազագույն պահանջներն են, որոնք հանձնաժողովն առաջադրում է մասնակիցներին»։ Ազգային հանձնաժողովն իրավունք չունի այս կամ այն հաճախության համար հայտարարել, որ նվազագույն պայմանը թեմատիկան է։ Հանձնաժողովի կողմից մշակված կարգում հայտնվել են այնպիսի հոդվածներ, որոնք օրենքի իմաստը եւ պահանջները խախտում են։ Ներդրումային եւ զարգացման ծրագրերի պահանջը եւս հանձնաժողովի կարգն է կարեւորել, մինչդեռ բուն օրենքում ասվում է. «Տեղեկանք հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին» (49 հոդվածի 7 կետը), «դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները» (50 հոդվածի բ կետը)։ Այսինքն՝ սրանք միայն ներկայացվող տվյալներ պետք է դիտել եւ ոչ թե պահանջ։ Այսպիսով ազգային հանձնաժողովի կողմից անցկացված բոլոր մրցույթները հակասում են օրենքին եւ պետք է անվավեր ճանաչվեն, անվավեր պետք է ճանաչվեն նաեւ հանձնաժողովի կողմից ընդունված բոլոր ենթաօրենսդրական ակտերը։ Սակայն ԱԺ-ն համապատասխան լծակներ չունի այս ամենին հասնելու համար, եւ վերջին խոսքը դատարանինն է լինելու։ Իսկ դատարան կարող են դիմել առաջին հերթին տուժող կողմերը։ Հիշեցնենք, որ «Ա1+»-ի՝ դատարանին ուղղված հայցը վերաբերում է օրենքի 48 հոդվածի պահանջների չկատարմանը։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 48-րդ հոդվածը փաստում է, որ «Ազգային հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին մեկ անգամ հրապարակում է հաճախականությունների ամբողջական ցանկը եւ հայտարարում ազատ (չզբաղեցրած) հաճախությունների մրցույթը»։ Իսկ ի՞նչ արեց հանձնաժողովն իրականում՝ տրոհեց հաճախականությունների ցանկը եւ առանձին-առանձին մրցույթներ անցկացրեց։ 37 կապուղու մրցույթի պայմաններում բացակայում են օրենքի 49-րդ հոդվածի պահանջները։ Ժա կետում պահանջվում է նշում «Հեռուստառադիոընկերության հաղորդումների եթեր հեռարձակելու ժամանակի մասին (ամիս, ամսաթիվ, տարի)։ Հանձնաժողովի հայտարարած մրցույթի պայմաններում այսպիսի պահանջ չկա։ Շեղումները բուն օրենքից բազմաթիվ են, եւ վերաբերում են նաեւ նույն 49 հոդվածի մի քանի ենթակետերի։ Կարծիքներ են հնչում, որ օրենքն առավելություններ չի սահմանել գործող հեռուստաընկերությունների համար։ Իրականում այդ առավելությունները կան, իսկ «անկախ» հանձնաժողովի ստեղծած կարգն ամեն կերպ ձգտել է հեռանալ օրենքի կոնկրետ նյութականացված պահանջներից, որոնք արդեն ինքնին առավելությունը տալիս են գործող ընկերություններին։ Ամփոփելով, նշենք, որ «անկախ» հանձնաժողովն իրավունք չուներ բուն օրենքին հակասող կարգ սահմանել, իրավունք չուներ մրցույթը դարձնել ծրագրերի եւ ներդրումների մրցույթ, իրավունք չուներ այս կամ այն հաճախության համար մրցույթ հայտարարել, այլ պարտավոր էր միաժամանակ մրցույթի ներկայացնել բոլոր ազատ հաճախությունները, պարտավոր էր կատարել օրենքի պահանջը եւ առավելությունը տալ գործող, կայացած հեռուստաընկերությանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել