Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԲԻՍԸ ԴԱՍԱԿԱՆԻՑ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ

Ապրիլ 11,2002 00:00

ՌԱԲԻՍԸ ԴԱՍԱԿԱՆԻՑ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ Պարզվում է, որ այսօր հայ երաժշտասերը եթե խանութներից ձայներիզ եւ ձայնասկավառակ է գնում (Disc World, disc land, կինո «Մոսկվայի» սրահ), ապա հիմնականում նախընտրում է դասական, ջազ, ռոք ոճի երաժշտություն եւ ավելի քիչ ռաբիս երաժշտություն։ Եվ խանութներում բավական մեծ է դասական, ջազ, ռոք ոճի երաժշտության ընտրանին։ Հայ կատարողներից հիմնականում վաճառվում է Շուշան Պետրոսյանի, Նունե Եսայանի, Արա Գեւորգյանի, Ալլա Լեւոնյանի, Էդգար Գանջումյանի ձայներիզներն ու ձայնասկավառակները։ Խանութների աշխատակիցների հավաստմամբ, հայ կատարողների հեղինակային իրավունքները պահպանված են։ Ձայներիզների արժեքը 500 դրամ է, իսկ ձայնասկավառակներինը՝ 1500- 8500 դրամ։ Սակայն, ի տարբերություն խանութների, վաճառքի կետերում վաճառվում է հիմնականում ռաբիս երաժշտություն։ Միաժամանակ լավ վաճառվում են նաեւ այն ձայներիզներն ու ձայնասկավառակները, որոնք հաճախ հնչում են ռադիոներով։ Կային բայց նաեւ անհատ ձեռներեցներ, որոնք հավաստիացնում էին, որ իրենց մոտ վաճառվում է եւ դասական, եւ ջազ ոճի երաժշտություն, բայց, չգիտես ինչու, այն վաճառքում կամ չկար, կամ շատ քիչ էր, որպես նմուշ։ Ոմանք էլ ազնվորեն խոստովանեցին, որ եթե վաճառքում չլինի հայկական երաժշտություն, ապա անիմաստ կլինի զբաղվել նմանատիպ առեւտրով։ Իսկ դասականներից հիմնականում վաճառվում է Լուսինե Զաքարյանի ձայներիզը, այն էլ թաղման, հուղարկավորությունների համար։ Բացահայտվեցին մի քանի շուկայական գաղտնիքներ, որոնք գնորդներին հույս են ներշնչում։ Հաճախ մեր համաքաղաքացիները, երբ գնում են ձայներիզ, գերադասում են, որպեսզի այն լինի բազմաէջ կազմով, բայց պարզվում է, որ վաճառողը նախօրոք գնում է բազմաէջանոց կազմերը եւ տեղադրելով ձայներիզի մեջ՝ վաճառում է։ Շատերն են հավատացած, որ եթե ձայներիզի վրա գրվում է երգերի ցանկը, ապա դա «իսկականն է». դա ուղղակի տարբեր ձայնագրման ստուդիաներ տարբեր ձեւի են արտադրում՝ փորձելով ձեռք բերել գնորդի վստահությունը։ Չնայած այս ամենին, վաճառողները գոհ էին որակից եւ հավաստիացնում էին, որ բողոքողներ չկան։ ԱԶԳՈՒՇ Ղ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել