Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ԿՓՈԽՎԻ

Ապրիլ 11,2002 00:00

ՕՐԵՆՔԸ ԿՓՈԽՎԻ Օրերս ՀՀ կառավարությունը հաստատել էր ասպիրանտուրայի 2002-2003թթ. ընդունելության տեղերի քանակը. ընդհանուր առմամբ պետպատվերով տրվել է 369 տեղ, որից 224-ը՝ առկա, 145-ը՝ հեռակա համակարգում։ Նախորդ տարիների խառնաշփոթից խրատված՝ վճարովի համակարգում ընդունելություն չի արվի։ Հիշեցնենք, որ ԿԳ նախկին նախարարի անօրինական թույլտվությամբ վճարովի համակարգ ընդունված ասպիրանտները պնդում էին, որ իրենք եւս պետք է օգտվեն զինծառայությունից տարկետման իրավունքից։ Այդ իրավունքը հիմնավորում էին «Զինապարտության մասին» օրենքով, որով սահմանափակում դրված չէ, թե պետպատվերով համակարգից բանակ չեն տանում, իսկ վճարովիից տանում են։ Վճարովի տեղեր չհատկացնելն ինքնին այդ խնդիրը մեջտեղից հանում է։ Սակայն նույն այդ օրենքի վրա հիմնվելով՝ հեռակա բաժնի ասպիրանտներն էլ կարող են հրաժարվել բանակ գնալուց։ ՀՀ կառավարության նիստից հետո ԿԳ նախարարը լրագրողներին հայտնել էր, որ միայն առկա համակարգի ասպիրանտները կօգտվեն տարկետման իրավունքից։ ԿԳ նախարարից հավելյալ այս առթիվ ճշտեցինք, որ նախատեսվում է փոփոխություն կատարել օրենքում, որով կամրագրվի, որ միայն առկա բաժնի ուսանողներն են օգտվում զինծառայությունից տարկետման իրավունքից։ Այսպիսով, հարցը օրենքով կկարգավորվի։ ԿԳ նախարարը նաեւ հայտնել էր, որ այս տարի քննությունները կվերահսկվեն որպեսզի դրանք պարզապես բանակից խուսափելու սողանցք չծառայեն։ Հայտնի է, որ ասպիրանտուրա դիմողները հիմնականում զորակոչային տարիքի տղաներ են, որոնց ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ զինծառայությունից խուսափելու հեռանկարն է գրավում։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել