Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնիրավչություն

Ապրիլ 11,2002 00:00

Ինքնիրավչություն Երեկ իր ասուլիսում «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ ոչ միայն իր, այլ տասնյակից ավելի կուսակցությունների համար հանրային եւ մասնավոր հեռուստառադիոընկերությունների խոսափողները երկար ժամանակով անջատված են. «Հանրային հեռուստատեսային եւ ռադիոընկերությունները չեն ղեկավարվում անաչառության, ժողովրդավարության, անկողմնակալության սկզբունքներով եւ չեն ապահովում խոսքի ու ստեղծագործության ազատությունը՝ հակառակ գործելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջներին (հոդված 28)։ Հանրային հեռուստառադիոընկերությունները չեն ներկայացնում հարցի վերաբերյալ կարծիքների բազմազանությունը։ Հանրային հեռուստաընկերությունում հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունն արգելված չէ անգամ ՀՀԸ խորհրդի նախագահի վարած «Օրակարգում»։ Ծրագիր, որը վարելու իրավունք ՀՀԸ խորհրդի նախագահը չունի»։ Անդրադառնալով «Ա1+»-ին առնչվող զարգացումներին, Աշոտ Բլեյանը նշեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Ազգային հանձնաժողովի կանոնակարգի մասին» օրենքները հակասում են Սահմանադրությանը. «Մնում է դրանք սահմանված կարգով Սահմանադրությանը հակասող ճանաչել, գտնել 44 պատգամավոր, ովքեր այդպիսի պահանջով կդիմեն Սահմանադրական դատարանին»։ Խոսքի եւ տեղեկատվության ազատության անսահմանափակ ու անպայման իրավունքի ապահովումը պահանջում էր ընդունել այնպիսի օրենքներ, որոնցով Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն ունենային անհրաժեշտ լիազորություններ՝ յուրաքանչյուրի խոսքի եւ տեղեկատվության ազատության անօտարելի իրավունքի պաշտպանվածությունն ապահովելու համար (ՀՀ Սահմանադրություն, հոդված 4, 5)։ Մինչդեռ, ըստ պրն Բլեյանի՝ «Սրա փոխարեն ստեղծվել է Սահմանադրությամբ չնախատեսված պետական մարմին՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի մարմին՝ ազգային հանձնաժողովը, որը ոչնչի առաջ կանգ չի առել յուրաքանչյուրիս խոսքի եւ տեղեկատվության ազատության անօտարելի իրավունքը, հարկ եղած դեպքում, մեզնից օտարելու՝ խլելու համար։ Օրենքով նախատեսված հրապարակային մրցույթը դարձել է իրավունքի դեմ գործելու օրինախախտ հանձնաժողովի զենքը»։ Ամփոփելով, Աշոտ Բլեյանն ասաց, որ հանձնաժողովը յուրացրել է ՀՀ օրենքով իրեն չվերապահված եւ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող լիազորություններ, մասնավորապես՝ ինքն իրեն վերագրելով հեռուստածրագրերի թեմատիկայի եւ ուղղվածության ներդրումային եւ զարգացման ծրագրերի մասին պահանջները ներկայացնելը որպես մրցութային պայմաններ, հանձնաժողովը զբաղվել է գրաքննությամբ ու միջամտել հեռուստաընկերությունների գործունեությանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել