Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՓԱԿՎԵՑ ԱՌԱՆՑ ՀՐԱԶԴԱՆԻ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Ապրիլ 11,2002 00:00

ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՓԱԿՎԵՑ ԱՌԱՆՑ ՀՐԱԶԴԱՆԻ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ Ձմեռային մրցաշրջան-2002-ը հարուստ էր հանրապետական եւ միջազգային մրցումներով։ Հուրախություն մարզասերների, հայ դահուկորդներն իրենց մասնակցությունը բերեցին օլիմպիական խաղերին, աշխարհի երիտասարդական առաջնությանը, Թուրքիայում անցկացված «Բալկանների գավաթ» միջազգային մրցումներին։ Առաջին երկուսում մեր դահուկորդների մասնակցությունը գնահատվել է բավարար, իսկ «Բալկանների գավաթում» հայաստանցի դահուկորդները ուղղակի գերազանց հանդես եկան՝ նվաճելով երկուական ոսկե եւ արծաթե մեդալ։ Այս արդյունքները հնարավոր եղան՝ հանրապետությունում դահուկավազքի զարգացմանն ուղղված մշտական աշխատանքի շնորհիվ։ Եվ դատելով այն բանից, որ արտագնա մրցումներում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանել վստահվել է գերազանցապես Գյումրիի ներկայացուցիչներին, որոնք հավաքականներում ընդգրկվել են ներհանրապետական մրցումների արդյունքով, կարելի է ասել, որ այսօր Գյումրիի ձմեռային մարզաձեւերի հանրապետական ՄԴ-ն մրցակցությունից դուրս է։ Այս ֆոնի վրա տեղին է անդրադառնալ «Առավոտի» ս/թ ապրիլի 3-ի համարում տպագրված «Ստոր խաբեություն է կատարվել» հոդվածին, որում Հրազդանի մարզադպրոցի տնօրեն Ա. Զաքարյանը՝ խեղաթյուրելով իրականությունը, փաստերը, ինքն է ապակողմնորոշել լրատվամիջոցներին, վերադաս մարմիններին, զբաղվել խաբեությամբ։ Հրազդանի մարզադպրոցի տնօրենը ոչ միայն չի բարեհաճում ներկա գտնվել վերջին երեք տարվա հանրապետական մրցումներին, այլ նաեւ մոռացել է, երեւի, որ դահուկավազքով զբաղվում են նաեւ կանայք ու աղջիկները։ Լիարժեք թիմ չձեւավորած մարզադպրոցի տնօրենը ինչպես կարող է խոսել Շիրակի մարզի դահուկորդների հետ մրցակցության մասին։ Գուցե ժամանակն է, որ Ա. Զաքարյանը մի կողմ թողնի ապատեղեկատվությամբ զբաղվելը եւ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականություններին, որը Հրազդան քաղաքի դահուկային սպորտի երբեմնի բարի ավանդույթները վերականգնելն է։ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Գյումրի ՁՄՀՄԴ տնօրեն Հ. Գ. Հավատարիմ մնալով հակառակ կողմերին արտահայտվելու հնարավորություն ընձեռելու սկզբունքին՝ տպագրեցինք նաեւ գյումրեցիների տեսակետը։ Սակայն թերթը միմյանց փնովելու, անձնական հարցեր լուծելու ամբիոն չէ։ Ավելի լավ կլինի յուրաքանչյուրը զբաղվի իր գործով։ Առավել եւս, որ խնդրո առարկայի շուրջ խոսվեց նաեւ օրերս կայացած դահուկային սպորտի ֆեդերացիայի գործկոմի նիստում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել