Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլմասյան մրցանակներ

Ապրիլ 11,2002 00:00

Էլմասյան մրցանակներ Երեւանում անցկացվեց Ստեֆան Էլմասի անվան երաժշտական ազգային չորրորդ մրցույթը, որի հիմնադիրներն են «Ստեֆան Էլմաս» հիմնադրամը, «Կադանս» երաժշտության կենտրոնը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Հանդիպեցինք ֆրանսահայ դիրիժոր, Ռոման քաղաքի երաժշտության եւ պարի ազգային դպրոցի տնօրեն, «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սիրանոսյանին։ – Մաեստրո, Ձեր կապը հայրենիքի հետ առնչվում է Ստեֆան Էլմաս անվան հետ։ Անկեղծ ասած, մենք այնքան էլ ծանոթ չենք հայազգի կոմպոզիտորի կյանքին, իսկ ստեղծագործական գործունեությանը՝ միայն դաշնամուրային երկերից, որոնցում հայկական երաժշտական լեզու՝ պարզապես չկա։ – Այո, այդպես է։ Սփյուռքահայության տարբեր շերտեր տարբեր ճանապարհներով են գնում։ Տարբեր են հայ զգալու, հայապահպանության ընկալումները։ Մի շերտ իրեն հայ է զգում տոլմա կամ հայկական այլ ճաշատեսակներ պատրաստելով ու անուշ անելով։ Մյուսները՝ ժամանակ առ ժամանակ հայկական հանդեսների մասնակցելով։ Մի ստվար հատված ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր միությունների աշխատանքներին։ Իսկ ես եւ իմ նմանները՝ հայ մնալու, մեզ հայ զգալու, հայապահպանության եւ, վերջապես՝ հայրենիքին օգտակար լինելու գործում բռնել ենք մշակույթը, ավելի ճիշտ՝ մշակութային ուղին։ Ես երկու կյանք ունեցա։ Առաջինը, որպես ֆրանսիացի եւ ֆրանսիացի երաժիշտ, երկրորդ կյանքը՝ հայ եւ հայ արվեստագետ։ Առաջին անգամ հայրենիք եկա 1976 թվականին։ Մինչ իմ հայրենիք ժամանելը, խորհրդակցելով Էլմաս ընտանիքի հետ, գտանք, որ Հայաստանում դասական երաժշտությունը ամուր հիմքեր ունենալով, օրեցօր վերելք է ապրում եւ Էլմասի ստեղծագործությունները պետք է որ կատարվեն նաեւ հայրենիքում։ Թեպետ դա անցյալ է, բայց պետք է ասեմ, որ այստեղ կոմպոզիտորների հետ վեճեր ունեցա։ Նրանք իրավացիորեն գտնում էին, որ Էլմասի երկերը բոլորովին եվրոպական են։ Դե, իհարկե, Իզմիրում Կոմիտասից տարիներ առաջ ծնված, Վայմարում՝ Ֆրանց Լիստի մոտ, ապա Վիեննայում դաշնամուրի, կոմպոզիցիայի դասեր առած պարմանին, 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին չէր կարող լսել հայկական երաժշտություն։ Նա տարիներ շարունակ ապրելով Եվրոպայում, լավագույն դեպքում կարող էր միայն հայկական եկեղեցական երաժշտություն լսել։ Ասեմ, որ 1912-ից 37-ը ապրել է Ժնեւում եւ այնտեղ էլ մահացել։ Այն ժամանակ Սփյուռքի հետ կապ չկար եւ եթե կար էլ՝ Աստված դա կապ համարի։ Գիտեք, Էլմասը փայլուն դաշնակահար է եղել եւ նրա ստեղծագործությունների 99%-ը գրվել է հենց այդ գործիքի համար։ Կարծում եմ, շատերն են ծանոթ Ստեֆան Էլմաս կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործություններին։ – Որպես «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար՝ Ձեր նպատակը։ – Ուզում ենք այնպես անել, որ Էլմասի երաժշտությունը հնչի Հայաստանում, իր ծանրակշիռ տեղն ունենա ոչ միայն անհատ դաշնակահարների ծրագրերում, այլ կոնսերվատորիայի ուսանողների նվագացանկում, ֆիլհարմոնիկ նվագախմբի ծրագրերում։ Մեր հիմնադրամը ուրախ է խրախուսել Հայաստանի երիտասարդ դաշնակահարներին՝ զարգացնելու իրենց պրոֆեսիոնալ ընդունակությունները եւ փորձել իրենց պրոֆեսիոնալ հասունությունը՝ ժամանակակից երաժշտության մեկնաբանման ասպարեզում։ Մրցույթն արդեն չորրրդ անգամ հնարավորություն է ընձեռում նաեւ միաձուլել արդի եւ դասական երաժշտությունը։ Անպայման պետք է նշեմ մասնակիցների եւ նրանց դասախոսների պրոֆեսիոնալիզմը եւ, իհարկե, աշխատանքը։ Տեղեկացնենք, որ Ստեֆան Էլմասի անվան երաժշտական ազգային չորրորդ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմել է 3400 ԱՄՆ դոլար։ Մաեստրո Ալեքսանդր Սիրանոսյանը ապրիլի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կղեկավարի «Սերենադ» կամերային նվագախումբն ու Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախումբը, իսկ 19-ին՝ ՀՖՆ-ն։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել