Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՇԻԿՆԵՐԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇ

Ապրիլ 11,2002 00:00

ԿՈՇԻԿՆԵՐԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇ Կոմկուսի լիդեր Վլադիմիր Դարբինյանը շուրջ 4 տարի է, ինչ աշխատում է իբրեւ Սարդարապատի թանգարանի տնօրեն։ Թանգարանի աշխատակիցների հիմնական կորիզը գտնում է, որ Կոմկուսի առաջնորդը «աշխատանքային» 4 տարիների ընթացքում թանգարանի հետ համարյա կապ չի ունեցել, որովհետեւ «թանգարանն այնպիսի անտարբերության է մատնվել, որ ֆոնդերում եւ ցուցասրահներում եղած ցուցանմուշների մեծ մասը (հատկապես գորգերը) հասցրել են ծայրաստիճան քայքայվել»։ «Իհարկե, ինչ-ինչ միջոցառումներ կատարվել են, սակայն դրանք ճիշտ միջոցառումներ չեն եղել։ Դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շատ ենք դիմել ղեկավարությանը, որպեսզի ըստ առաջնահերթության թույլատրվի վերականգնել շարքից դուրս եկած ցուցանմուշները, սակայն ապարդյուն»,- դժգոհում են թանգարանի բազմափորձ աշխատակիցները։ Նրանց հավաստմամբ, նույնիսկ բազմաթիվ գործեր են անհետացնել թանգարանից (ըստ աշխատակիցներից մեկի՝ գողացվել է 39 գորգ, իսկ հետքերը ծածկելու նպատակով ոչնչացվել են դրանց անձնագրերն ու ֆոտոփաստաթղթերը) եւ «Զինդատախազությունն էլ երկու տարի է քննում է գործը»։ Իսկ ինչո՞ւ զինդատախազությունը, որովհետեւ թանգարանի աշխատակիցների համոզմամբ գրչի թեթեւ հարվածով Սարդարապատի թանգարանը հանել են Մշակույթի նախարարության ենթակայությունից ու հանձնել պաշտպանության նախարարությանը, այն դեպքում, երբ «մշակույթը զինվորների հետ հեչ կապ չունի»։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար թանգարանի աշխատակիցները երախտագիտությամբ հիշեցին միայն Վազգեն Սարգսյանի անունը, որը սատար էր կանգնում այս հազվագյուտ թանգարանին։ «Աշխարհում երեւի չկա որեւէ թանգարան, որի տնօրենն ու տեղակալները թանգարանագետ չլինեն»,- տարակուսում են կոլեկտիվի անդամները։ Նրանք նաեւ պնդում են, որ Վ. Դարբինյանը կուսակցության գործերում խճճված՝ «ժամանակ չունի թանգարանով զբաղվելու»։ Սակայն, ըստ վերջիններիս, ժամանակի սղությունը չի խանգարել, որ թանգարանի կոմունիստ տնօրենը տեղը տեղին կրճատումներ կատարի, հաստիքային աշխատակիցներին էլ ձեւակերպի իբրեւ պայմանագրային աշխատողներ։ Ի դեպ, վերջիններից տեղեկացանք նաեւ, որ կրճատվել են թանգարանի բոլոր վերականգնող մասնագետները, դրա փոխարեն, սակայն, «10-15 բանվոր են պահում թանգարանի հարակից հողատարածքներում աշխատեցնելու համար, թեեւ մինչ օրս որեւէ մեկը չգիտի, թե ինչ է արվում ստացված բերքը»։ Թանգարանի աշխատակիցները հավաստիացնում են, որ Վ. Դարբինյանը հատկապես խուսափում է երես առ երես հանդիպել Երեւանից եկող 20 գիտաշխատողների հետ, թեեւ «ամիսը մեկ-երկու անգամ երեւում է թանգարանում (կիրակի օրերին), էն էլ էնքան է խմում, որ հազիվ թեւերից բռնած մեքենա են նստեցնում, որ Երեւան ուղարկեն»։ Թանգարանի «հնաբնակ» աշխատակիցները երանությամբ են հիշում նախկին տնօրենի՝ Լավրենտի Բարսեղյանի հետ աշխատած տարիները, ցավով հակադրելով դրանք վերջին 4 տարիներին, երբ «ամեն ինչ քարուքանդ է արված, իսկ ցուցանմուշների համար նախատեսված պահարաններում թանգարանի հսկիչներն իրենց կոշիկները, հագուստներն ու սնունդն են տեղավորում»։ Սարդարապատի թանգարանի տնօրեն ընկեր Դարբինյանից տեղեկացանք, որ իր այցելությունները թանգարան ձախողվել են միմիայն իր երկարատեւ հիվանդության պատճառով։ Թանգարանի տնօրենը չժխտեց նաեւ թանգարանից գորգերի գողացված լինելու հանգամանքը՝ լավատեսորեն հայտարարելով, որ «արդեն ընկել են հետքի վրա, ու հափշտակիչները շուտով կբացահայտվեն»։ Վ. Դարբինյանը զայրացավ, որ ինչ-որ մեկը համարձակվել է բողոքել թանգարանի ցուցանմուշների վատթար վիճակից. «Այդ լուրերը բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ ստեղծված են լավագույն պայմաններ թանգարանի բոլոր ցուցանմուշների պահպանման համար»։ Նա խոսեց նաեւ թանգարանի փոխտնօրեններ Վրեժ Փիլոյանից եւ Հրաչ Մարտիրոսյանից՝ վերջիններիս համարելով թանգարանային գործի գիտակներ։ Իսկ կոլեկտիվի հետ հանդիպելուց իր հրաժարվելու մասին լուրերին «հակահարված» տվեց հետեւյալ կերպ. «Ես չեմ կարող միանգամից 130 մարդ իմ աշխատասենյակում տեղավորել եւ բավական եմ համարում տեղակալներիս ու բաժնի վարիչների հետ հանդիպելը»։ «Ոչ մի կրճատում մինչեւ հիմա չի կատարվել։ Ունենք 131 աշխատող, որոնցից 10-15-ն են պայմանագրային կարգով աշխատում։ Նրանց հարցով արդեն դիմել եմ նախարարություն եւ պատասխանը շուտով կստանամ»,- հայտարարեց թանգարանի տնօրենը։ Նա նաեւ հպարտությամբ փաստեց, որ թանգարանի տարածքում տնկված 50 հա այգիներից թանգարանը որեւէ շահ չի ստանում, «որովհետեւ դրանք խորհրդանշական բնույթ ունեն. ցույց են տալիս, որ առատորեն թափված արյունը արգասավորվել է»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել