Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռաուսուցման կենտրոն՝ Սիսիանում

Ապրիլ 11,2002 00:00

Հեռաուսուցման կենտրոն՝ Սիսիանում Դեռեւս անցյալ տարվա օգոստոսին Սիսիանի հումանիտար քոլեջի տնօրինությունը մտածեց Սիսիանում սոցիալական հետազոտությունների լաբորատորիա հիմնել։ Սակայն ԵՊՀ-ն առաջարկեց Տեմպուս-Տասիս ծրագրի շրջանակներում Սիսիանում հիմնել «Սոցիալական աշխատանք» հեռաուսուցման կենտրոն։ Հեռաուսուցումն այսօր կիրառվում է աշխարհի ավելի քան 40 երկրներում։ ՀՀ-ում Տեմպուս-Տասիս ծրագրի շրջանակներում հեռաուսուցումը 1-ին անգամ կիրառվեց ԵՊՀ-ում՝ մոտ 6 տարի առաջ։ Քիչ ուշ հեռաուսուցման կենտրոններ բացվեցին Գյումրիում եւ Վանաձորում, ապա Սիսիանում, առաջիկայում նմանօրինակ կենտրոն կբացվի նաեւ Իջեւանում։ Ինչպես նշեց ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, ծրագրի հայաստանյան կոորդինատոր Լյուդմիլա Հարությունյանը, սոցիալական ծանր պայմանների պատճառով, հեռավոր մարզերի երեխաներից քչերը հնարավորություն ունեն մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալ, ուստի այդ բացը լրացնելու համար է մարզերում հեռաուսուցման կենտրոններ ստեղծելը։ Իսկ Սիսիանում այսուհետ այդ խնդիրը կիրականացնի հումանիտար քոլեջում բացված հեռաուսուցման կենտրոնը։ Լյուդմիլա Հարությունյանի խոսքերով, ԵՊՀ-ն փորձի փոխանակմամբ սերտորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի բաց համալսարանի հետ։ Հեռաուսուցումը անհրաժեշտ կրթություն է, որը տալիս է լայն հնարավորություններ։ Սյունիքում սա դեռ միակ կենտրոնն է։ Տեմպուս-Տասիս ծրագրի Հայաստանի կոորդինատոր Լանա Կարալովայի խոսքերով՝ եվրոպական պետությունների համալսարանների ուսանողները հնարավորություն ունեն հեռաուսուցում ստանալ տանը՝ ինտերնետի օգնությամբ, մինչդեռ Հայաստանում այսօր առաջին քայլերն են արվում։ Օրինակ բերելով Գյումրիի եւ Վանաձորի հեռաուսուցման կենտրոնները՝ Լանա Կարալովան հույս հայտնեց, որ կարճ ժամանակում Սիսիանի նորաբաց կենտրոնում զգալի առաջընթաց կարձանագրվի։ Սիսիանի հեռաուսուցման կենտրոնի բացմանը ներկա էր նաեւ Մեծ Բրիտանիայի բաց համալսարանի պրոֆեսոր Անդրյու Քորնուելը, որը կենտրոնին նվիրեց մոմակալ։ Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը նշեց, որ ամենածանր ժամանակներում եւ ամենադժվարին պահերին անգամ հայ ժողովուրդը սիրով ու սրբորեն է պահպանել գիրն ու գրականությունը։ Քաղաքապետը վստահեցրեց, որ հնարավորության սահմաններում կաջակցի նորաբաց կենտրոնին։ Սիսիանի հեռաուսուցման կենտրոն դիմած 62 դիմորդներից հարցազրույցով ընդունվել են 16-ը, որոնք մարտի 14-ին անցկացրին առաջին դասը։ Դասախոսները հրավիրվել են ԵՊՀ-ից, սակայն աշխատանքներ են տարվում առաջիկայում տեղում դասախոսական կազմ ունենալու ուղղությամբ։ Սեպտեմբերին կրկին հարցազրույցով այս կենտրոնում սովորելու հնարավորություն կունենա եւս 16 հոգի։ ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել