Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԾԱՌԸ

Ապրիլ 11,2002 00:00

Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԾԱՌԸ Այսօր քաղաքապետարանի հանձնաժողովը կհայտարարի ս.թ. ապրիլի 4-ին անցկացված աճուրդի արդյունքները՝ Ազատություն պողոտայի եւ Բաբայան փողոցի միջեւ ընկած հողատարածքների սեփականատերերի եւ վարձակալների անունները։ Վարձակալներին առայժմ հանգիստ ենք թողնում, իսկ սեփականատիրոջ համար մենք արդեն հայտարարում ենք, որ դա գեներալ Արշալույս Փայտյանն է։ Նա առանց որեւէ իրավունք ունենալու տվյալ հողատարածքի նկատմամբ, տարիներ առաջ զավթել է, կառուցապատել եւ պարսպապատել այն։ Հակառակի պես էլ լրացել է ապօրինի կառուցված օբյեկտների օրինականացման կարգի գործողության ժամկետը, որը մեկ անգամ արդեն ԱԺ-ի կողմից երկարացվել է։ ԱԺ-ի հետեւից ընկնելու, այդ ժամկետը եւս որոշ ժամանակով երկարաձգելու եւ այդպիսով գեներալների զավթումներին օրինական տեսք տալու գլխացավանքը Երեւանի քաղաքապետարանը լուծել է միանգամից. ինքնակամ զավթած հողերի համար հայտարարվում է աճուրդ, զավթողները դրան մասնակցելու հայտ են ներկայացնում (ընդ որում նույն հողակտորի համար իրենց մի քանի տարբերմարդկանց ներգրավելով), իհարկե, հաղթում են աճուրդում եւ այդ հողի տերը դառնում օրենքով։ Համոզված ենք, այդպես լինելու է նաեւ մյուս գեներալների՝ զավթումների հետ։ Սեփական հողատարածքում առանց նախագծի կամ նախագծից շեղումներով կատարված ապօրինի կառույցների օրինականացման կարգն այսօր գործում է։ Նկատենք՝ սեփակա՛ն հողատարածքում եւ ոչ թե ուրիշի։ Այնպես որ, քաղաքապետարանն ուղղակի ստիպված էր աճուրդ անցկացնել. գեներալներն առանց բնակարանի հո չէի՞ն մնալու։ Ապրիլի 4-ի աճուրդը, ինչպես եւ կարգն է, փակ էր։ Այնպես որ, մենք էլ դրսից հետեւեցինք դրան։ Իսկ նայելու բան կար։ Աճուրդի մասնակիցները, որոնք նույն հողատարածքի նկատմամբ սեփականության հավակնություններ ունեին, այսինքն պիտի որ մրցակիցներ լինեին, ժամանեցին միասին, միջանցքում մտերմաբար զրուցում էին, միասին մտան աճուրդի եւ դուրս գալիս էլ հաղթական էին բոլորի դեմքերը։ Նրանք ակնհայտորեն ներկայացնում էին Ա. Փայտյանին եւ դժվար է պատկերացնել, որ գեներալ Փայտյանի դղյակն իր վրա կրող հողակտորի նկատմամբ ախորժակ ունենա շարքային Պետրոսյանը։ «Շատ հնարավոր է, որովհետեւ այն տարածքներն են, ուր ուրիշներն ուղղակի չեն գնա։ Հետեւաբար, կարող է այդպիսի բան լինել։ Չեմ ուզում ասել կվախենան։ Ուղղակի մարդիկ գիտեն, որ սրանն է։ Եվ կարող է այդպիսի բան լինել։ Ես ի՞նչ իմանամ։ Կամ եթե գիտեմ՝ ի՞նչ անեմ։ Գիտեմ՝ այս մարդն անպայման պետք է «կրի», ձեւի համար բերել-նստեցրել է մեկին։ Օրենքը կա՝ ինչ անեմ. երկու հոգով աճուրդը պետք է կայանա։ Էնքան էլ խորամանկ են, որ նույնիսկ բարձրացնում են գները, որ չնկատենք։ Այսօր, օրինակ, այդ աճը 10% եղավ, իսկ այդ հողակտորի 10%-ը 300 հազար դրամ արժե»,- ասաց քաղաքապետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Աշոտ Բաբայանը։ «Բնակելի տուն կառուցելու համար հողամաս տրվում է աճուրդով։ Դրա համար հայտարարություն է տրվում թերթում։ Իրավական կողմը լիարժեք ապահովված է, իսկ մնացած կողմի մասին նախընտրում եմ լռել»,- ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Այս պատմության ամենազավեշտալի հատվածը. այդ տարածքներում աճուրդ հայտարարելն ինքնին անօրինական է։ Օրենքով, այն հողատարածքը, որի վրա շինություն կա՝ աճուրդի ենթակա չէ։ «Դուք մի նախադասություն եք գրել. հասցնո՞ւմ է, արդյոք, քաղաքապետարանը օրինականացնել ապօրինի կառույցները։ Սարկազմը եւ ենթատեքստը, ցավոք, ընդունելի են։ Ես չեմ ուզում խուսափել դրանից։ Ցավոք, այդ վիճակում ենք։ Համենայնդեպս, այս դեպքերի հետ կապված փաստացի այդ վիճակում ենք, այսինքն մենք որպես քաղաքային իշխանություն, չենք հասցնում տիրապետել ամբողջ քաղաքին։ Ստացվում է, որ մենք հետեւից ենք գնում, փոխանակ… Բայց ես ընդունում եմ, որ կարող է պատահած լինեն դեպքեր, որ մարդիկ եկած հողի վրա բան կառուցած լինեն։ Բայց դա մեզ համար ազատ հող է, մարդիկ կարող են գալ մասնակցել մրցույթին»,- ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Որ այդ հողերը կառուցապատված են, ինչը աճուրդը պիտի որ անհնար դարձներ, Ն. Սարգսյանին չի անհանգստացնում. «Կառուցապատված չի, ընդամենը պարսպապատված է։ Բայց դա իրավական հիմք չունի։ Մեզ համար դա քաղաքաշինական տարածք է»։ Երեկ տարածքում պարիսպներից ներս մենք տեսանք հայտնված շինությունը։ Հյուսիսային ճառագայթի ուղիղ մեջտեղում է գեներալ Ա. Փայտյանի կառուցած պարիսպը եւ ոչ թե Հ. Բաղմանյանինը, ինչպես նշել էինք նախկինում։ Վերջինս իհարկե իր չարած անօրինականությունը իրեն վերագրելը հերքելու ոչ մի փորձ չի արել՝ ակնհայտորեն իր արած անօրինականությունների վրա ուշադրություն չհրավիրելու համար։ Ի դեպ, հավանաբար ավելորդ պատմություններից հեռու մնալու ցանկությամբ, մեր զրույցների ընթացքում պաշտոնյաները գեներալների անունները չէին տալիս։ Գեներալական ուսադիրներն, իրոք, սարսափ են սերմանել բոլորի մեջ։ Մեր զրուցակիցները նրանց մասին խոսելիս ասում էին՝ «տարածքի տերը», «տարածքը զբաղեցրածը» եւ այլն։ Շուտով աճուրդի՝ դարձյալ անօրինական, կդրվեն նաեւ Ս. Սարոյանի եւ Հ. Բաղմանյանի զավթած տարածքները։ Ս. Սարոյանի զբաղեցրած 3000 քմ-ից կհանվի 400 քմ-ն։ «Մնացածը կդնենք աճուրդի, ով հաղթեց, նա էլ կդառնա տերը»,- ասաց Ն. Սարգսյանը։ Սա, անշուշտ, հենց այնպես ասված խոսքեր են. գեներալները երբեք հետ չեն տա գրավյալ տարածքները։ Գեներալ Սարոյանին այդ 400 քմ-ը հատկացվել է քաղաքապետ Ալբերտ Բազեյանի օրոք։ Մեր հարցին, թե ինքը տեղյա՞կ էր արդյոք քաղաքի գլխավոր հատակագծից, պրն Բազեյանը պատասխանեց. «Սարոյանը հողահատկացման համար դիմում էր տվել։ Եղել է քաղաքացու դիմում։ Ոչ ոքի հրահանգ չի տրվել այդ հարցը լուծելու։ Գլխավոր ճարտարապետը կարող էր մերժել, եթե դա ինչ-որ բանի խանգարում էր։ Մասնագիտական բոլոր եզրակացությունները տալիս է հանձնաժողովը, իսկ վերջնականը լինում է գլխավոր ճարտարապետի կողմից»։ Անտեղյակ ընթերցողներին ասենք, որ այն ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետը Նարեկ Սարգսյանն էր։ Առաջինը այստեղ տեղակայված Հ. Բաղմանյանի զբաղեցրած տարածքի չափն անհայտ է։ Մեր մոտավոր հաշվարկներով այն 400 քմ է։ Թե դրանից ինչքանն է օրինականացված, առայժմ չենք կարողացել պարզել։ Ընդհանրապես, քաղաքի այս հատվածով լավություն անելու ավանդույթ է ձեւավորվել. Սուրեն Աբրահամյանը՝ Լյուդմիլա Հարությունյանին, Ալբերտ Բազեյանը՝ Սեյրան Սարոյանին, Ռոբերտ Նազարյանն էլ՝ Հայկազ Բաղմանյանին, Արշալույս Փայտյանին։ Այսքան օրինախախտումների բախվելով, ակամա հեռացանք մեր սկզբնական մտահոգության առարկայից՝ կտրված եւ կտրվելիք ծառերից։ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել