Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱԹԻԼՆԵՐ ՄԵԾ ԾՈՎԻՑ»

Ապրիլ 11,2002 00:00

«ԿԱԹԻԼՆԵՐ ՄԵԾ ԾՈՎԻՑ» «Հետադարձ հայացքով նայելով իմ անցած ճանապարհին, կարող եմ ասել, որ իմ կյանքի գործը կատարել եմ եւ սխալներ թույլ չեմ տվել»։ Թերեւս քչերն իրավունք ունեն իրենց անցած ուղու մասին նման կարծիք հայտնել։ Այդ քչերից մեկը Կարեն Դեմիրճյանն էր։ Երեկ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Կաթիլներ մեծ ծովից. Կարեն Դեմիրճյանը երախտապարտ ժամանակակիցների հուշերում» գրքի շնորհանդեսը։ Գիրքը նվիրված է Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70-ամյակին եւ հրապարակվել է «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի հովանավորությամբ։ Ներկա էին Կարեն Դեմիրճյանի բոլոր ժամանակների ընկերներն ու բարեկամները, նրան սիրողներն ու գնահատողները, նույնիսկ՝ Դեմիրճյանին դավաճանողները։ Բոլոր նրանք, ովքեր հուշեր էին գրել Կարեն Դեմիրճյանի մասին, փորձեցին վերհիշել մեծ մարդու հետ անցկացրած պահերը, սակայն ինչ-որ բան կարծես այն չէր, որովհետեւ Կարեն Դեմիրճյանը երբեք կամերային մարդ չէր, նա ավելի շատ կյանքի մարդ էր, եւ իր ապրած յուրաքանչյուր օրը լեցուն էր սիրով, նվիրումով, աշխատելու եւ արարելու կրքով, իսկ այդ ամենը միշտ չէ, որ հնարավոր է բառերով փոխանցել։ Շնորհանդեսին ելույթ ունեցողները ձգտում էին առավելագույնս պատմել Կարեն Դեմիրճյանի մասին, ոմանք նույնիսկ գերազանցեցին իրենց համար սահմանված ժամանակը։ Միջոցառման պահին բավականին տեւական ժամանակով սրահը հոսանքազրկվեց։ Ուզում ենք հավատալ, թե տեխնիկական էին պատճառները, եւ իշխանություններն այս հոսանքազրկման հետ որեւէ կապ չունեին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել