Լրահոս
Օրվա լրահոսը

«Մետաքսի ճանապարհից» մինչեւ բարձր տեխնոլոգիաներ

Ապրիլ 11,2002 00:00

 ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին տված իր մամուլի ասուլիսը ներկայացրեց որպես ապացույց խոսքի ազատության։

Իսկ մամուլի ասուլիսը հրավիրվել էր կարծես մեկ նպատակով, որպեսզի տեղեկացվի, որ Երեւանում ապրիլի 15-16-ը տեղի կունենա բարձր տեխնոլոգիաներին նվիրված տարածաշրջանային կոնֆերանս։ Նախաձեռնողներն են ՀՀ ԱԳՆ-ն, Եվրամիությունը, մասնակցություն ունեն նաեւ կապի նախարարությունը, առեւտրի եւ զարգացման նախարարությունը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների խորհուրդը։

Ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ լրատվամիջոցներին կոնֆերանսից ավելի երկրի արտաքին քաղաքական խնդիրներն էին հետաքրքրում, որոնց վերաբերյալ հարցերին պատասխանելիս, ի դեպ, Վարդան Օսկանյանը խիստ պատրաստակամ էր։ Ադրբեջանում ՌԴ դեսպան Ն. Ռյաբովը հայտարարել էր, թե Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի նախ գրավյալ տարածքների վերադարձով, փախստականների վերադարձով եւ հետո միայն որոշվի ԼՂՀ կարգավիճակի խնդիրը։ Արդյո՞ք սա համանախագահ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է նաեւ։ Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի վերոհիշյալ հարցին, Վարդան Օսկանյանը դիվանագիտական «տրյուկ» օգտագործեց՝ ասելով հետեւյալը. «Ինչքան գիտեմ, պրն Տրուբնիկովին եւս այդ հարցը տրվել է, եւ ինքն ասել է, որ տեղյակ չի։ Ես հեռուստատեսությամբ եմ տեսել։ Այնպես որ, կարելի է եզրակացնել, որ եթե իրոք այդպիսի հայտարարություն արվել է, եւ ադրբեջանական մամուլը դա կոնտեքստից դուրս չի հանել, նշանակում է, դա դեսպանի կարծիքն է եղել։ Եվ եթե իրոք իր կարծիքն է, պետք է ասեմ, որ ընդհանրապես համահունչ չի այն զարգացումների հետ, որոնք առայսօր Մինսկի խմբի շրջանակներում տեղի են ունենում։ Այսօր միակ հարցը, որի շուրջ բոլորը համաձայն են, այն է, որ հարցը պետք է ունենա փաթեթային լուծում»։

ԱԳՆ հայտարարությունը Հայաստանում ազատ խոսքի մասին, որը հաջորդեց ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նաեւ տարակուսանք հարուցեց։ Վարդան Օսկանյանի տեսակետը հետեւյալն է. «Միանշանակ կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում ազատ խոսքը հարգվում է, կա ազատություն, եւ այստեղ ձեր ներկայությունը, կարծում եմ, դրա վկայությունն է (գրեթե նախագահաբար.- Մ. Ե.), այնպես որ, ես չեմ համարում, որ ազատ խոսքը խաթարված է, որովհետեւ «Ա1+»-ի հետ ինչ-որ գործընթացներ են գնում, դատական գործ է հարուցվում։ Պետք է սպասել եւ տեսնել, թե դատարանը ինչպիսի վճիռ կտա»։

Իսկ ԱԳՆ հայտարարությունը մի նպատակ ուներ՝ կանխել շահարկումները. «Մենք այդ հայտարարությունը ուղղակի ստիպված էինք անելու՝ ասելու համար, որ այն, ինչ արվել է, արվել է օրենքի շրջանակներում (կրկին նախագահաբար.- Մ. Ե.)։ Մնացածը դատարանը պետք է որոշի»։

ԱԳ նախարարի վերջին ելույթները մի շարք միջազգային կառույցների ամբիոններից, մասնավորապես՝ հայերի եւ թուրքերի եդեմական ժամանակների բարեկամության մասին ակնարկները խիստ անհասկանալի են, կամ կասկածելի է՝ ի վերջո, ի՞նչ «եդեմականի» մասին է ակնարկում Վարդան Օսկանյանը։ «Առավոտի» այս դիտարկմանը ԱԳ նախարարը պատասխանեց. «Երբեմնի իրավիճակի մասին, որ ես իմ ելույթում ասել եմ, նկատի չեմ ունեցել թեկուզ վերջին 200 տարին, միգուցե նկատի եմ ունեցել շատ վաղուց այս տարածաշրջանի վիճակը։ «Մետաքսի ճանապարհ» գոյություն ուներ, եւ կար լուրջ ռեգիոնալ համագործակցություն եւ համերաշխություն։ Ինչո՞ւ եք անպայման վերագրում նրան, որ երբ ասել եմ՝ հուսով ենք՝ կվերադառնա այս տարածաշրջանն իր երբեմնի այդ լավ վիճակին, անպայման նկատի ունենք այդ վերջին 100 տարին։ Խոսքը գնում է շատ ավելի վաղ ժամանակների մասին»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930