ԼՈՒՐՋ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ՝ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԻՑ ԱՌԱՋ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին խնդրեցինք անդրադառնալ հանձնաժողովի շուրջ առաջացած աղմուկին, նաեւ այն լուրերին, որ հնարավոր է հանձնաժողովի նորացված կազմով եւ նոր անունով հանդես գալը։ Անդրանիկ Միհրանյանը մասնավորապես ասաց, որ Ռուսաստանում ապրելով ինքը չի էլ պատկերացրել, թե Հայաստանում եւ Սփյուռքում որքան խորն է հայկական զանազան կուսակցությունների փոխադարձ ատելությունը, «որը կարող է բերել պառակտման այն հարցում, որը պետք է, ընդհակառակը՝ համախմբի ամբողջ ազգին, քանի որ սա կուսակցական խնդիր չէ, ազգային խնդիր է։ Ես, իմիջիայլոց, այդ հանձնաժողովի անդամ իմ գործընկերներին ընդունել եմ ոչ թե որպես կուսակցությունների ներկայացուցիչներ, կամ հիմնադրամների ներկայացուցիչներ, այլ՝ որպես փորձագետներ։ Հարցը պետք է էքսպերտ մակարդակով լուծվի եւ այդ առումով եւս նրանց համարել եմ փորձված մասնագետ մարդիկ, որոնք կարող են վարել բանակցություններ, հասկանալ ինչի շուրջ են ընթանում բանակցությունները եւ ինչ արդյունքի պետք է հասնել։ Մենք չէինք կարող չտեսնել, որ ռեալ քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ չստեղծվեց համերաշխություն»։ Պրն Միհրանյանն ասաց, որ նման իրավիճակը կարելի էր ի սկզբանե ենթադրել։ Թերեւս, նաեւ այս մտավախությունն ուներ նախկին արտգործնախարար, Հայ-թուրքական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, որը հանձնաժողովի ստեղծումից ի վեր շարունակ պնդում էր, որ կուզեին հանձնաժողովի կազմում տեսնել նաեւ Դաշնակցության ներկայացուցչին, նաեւ՝ այլ ուժերի։ Անդրանիկ Միհրանյանն իր կողմից այն ժամանակ նման առաջարկ չի արել, սակայն նաեւ այսօր կուզեր այդ հարցը քննարկել. «Կուզենայի, որ ե՛ւ իմ կողմից, ե՛ւ ղեկավարության կողմից այդպիսի առաջարկներ լինեին, որպեսզի համախմբված քաղաքական ուժերը զգային, որ իրենց թիկունքում ոչ մեկը դավադրություն չի անում, այլ՝ ընդհանուր ազգին նվիրված մի գործ է կատարում»։ Պրն Միհրանյանն այս օրերին շփվում է հայաստանյան շատ կուսակցությունների հետ։ Ի՞նչ տպավորություն ունի այդ շփումներից եւ արդյո՞ք նրա համար պարզ չի դարձել, որ «համախմբում» ասվածը մեզ համար անհեռանկարային գործ է։ Թերեւս այնքան էլ այդպես չի կարծում, քանի որ շփումները շարունակվում են։ Անդրանիկ Միհրանյանը պլանավորել է հանդիպել նաեւ Դաշնակցության ղեկավարության հետ եւ հույս ունի հանձնաժողովի հարցը կրկին քննարկել. «Ես գիտեմ նրանց ընդհանուր կարծիքը, ես այդ ընդհանուր կարծիքը համարել եմ սխալ եւ փորձել եմ բացատրել, թե ինչո՞ւ են իրենք սխալ։ Ինձ թվում է, առաջիկա հանդիպումների ընթացքում էլ կփորձեմ իրենց համոզել, որ այս գործընթացը որեւէ չարիք չունի, ուրեմն իրենք էլ պետք է մտնեն այդ գործի մեջ, որպեսզի որեւէ մեկը մյուսի հանդեպ կասկածներ չունենա»։ Արդյոք պետական միջամտության անհրաժեշտությունը կարեւորվո՞ւմ է նորացված բանակցություններում, եւ արդյո՞ք պրն Միհրանյանը նաեւ պետական ատյանների ներկայացուցիչների հետ է հանդիպումներ ունենում։ Պատասխանելով մեր այս հարցին, Անդրանիկ Միհրանյանն ասաց. «Հարցն այն է, որ Վ. Օսկանյանը եւ Սերժ Սարգսյանը փակ նիստից հետո իրենք են հայտարարել, որ պետք է հայ-թուրքական հարաբերությունները նորմալացվեն, եւ հնարավոր է արդեն սկսվել են շփումները Օսկանյանի եւ Ջեմմի միջեւ։ Ինձ թվում է, այս ամենը զարկ կտա տարբեր հանդիպումների՝ ե՛ւ միջպետական, ե՛ւ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Կարծում եմ, սա ավելի ընդունելի կլինի այն կուսակցությունների կողմից, որոնց թվում էր, թե իրենք մնացել են խաղից դուրս»։ Անդրանիկ Միհրանյանը շեշտեց, որ «այս գործի մեջ ոչ մի քաղաքական ուժ, քաղաքական կուսակցություն կամ լիդեր չպետք է մտածի, թե ինքը մոնոպոլիա ունի կամ սեփականաշնորհել է այս կամ այն հարցը, եւ ուրիշները իրավունք չունեն այս հարցին մասնակցել»։ Այս մոտեցումը քաղաքագետը համարեց կարճատես եւ անհեռանկարային։ Հանձնաժողովի հնարավոր վերակենդանացո՞ւմն է պատճառը, արդյոք, որ Անդրանիկ Միհրանյանը եւ Վան Գրիգորյանն այս օրերին գտնվում են Երեւանում։ Պրն Միհրանյանը կրկնեց, որ իրենց նպատակը Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ շփումներն են։ Շփումները շարունակվում են նաեւ ԱՄՆ-ում՝ հանձնաժողովի թուրք անդամների հետ, սակայն մինչ նոր քայլեր կատարելն Անդրանիկ Միհրանյանը կարեւորեց Հայ-թուրքական հանձնաժողովի աշխատանքների, դրանց դադարեցման, ընդհանրապես հանձնաժողովի շուրջ առաջացած տարակարծությունների լուրջ վերլուծությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ