Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ

Ապրիլ 10,2002 00:00

ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ «Ես ուզում եմ, որ ոչ ոք երբեւէ չլքի «Օրրանը», որպեսզի ես այստեղ միշտ լինեմ իմ ընկերների եւ ուսուցիչների հետ։ Երբ մեծանամ, ես կօգնեմ «Օրրանին»՝ հայտարարում են փոքրիկ օրրանցիները։ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականի ապրիլի 19-ին։ Աշխատանքները սկսել են տասնվեց երեխաների հետ, այժմ «Օրրանի» օգնության ծրագրում ընդգրկել են նաեւ ծերերի։ «Օրրանի» առաքելությունն է դիմագրավել օրեցօր ավելացող մուրացկանությանը, կարիքավոր երեխաներին կտրել փողոցային կյանքից եւ օգնել սոցիալապես ծանր կացության մեջ ապրող ընտանիքների երեխաներին, ինչպես նաեւ միայնակ ծերերին։ Իր առաքելությունը իրականացնելու համար կազմակերպության աշխատակիցները երեխաներին ապահովում են սննդով։ Երեխաները դպրոցական պարապմունքներից հետո գալիս են կենտրոն եւ ճաշում։ Այնուհետեւ նրանք մանկավարժների օգնությամբ սովորում են դասերը։ Բոլոր երեխաները ախտորոշիչ կենտրոնում պարբերաբար ենթարկվում են բժշկական հետազոտության։ Ապրիլի 8-ին Կամերային թատրոնում նշվեց «Օրրանի» ծննդյան երկու տարին։ Օրրանցիներին շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր ե՛ւ Հայաստանից, ե՛ւ սփյուռքից։ Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան Սոֆի Դեւոյանը՝ իր «Պարի եւ հոգու թատրոնի» հետ միասին, Զարուհի Բաբայանը, փոքրիկ օրրանցիները եւ հնդիկ երգչուհի Միլիա Ալի Սաադաթը։ Իր բոլոր հոգսերն ու խնդիրները մի կողմ դնելով՝ օրրանցիներին ողջունելու էր եկել նաեւ Լարիսա Հովսեփյանի բազմազգ, բայց հայեցի դաստիարակված ընտանիքը։ Որպեսզի հանդիսատեսն ավելի լավ պատկերացնի «Օրրանի» առաքելությունն ու գործունեությունը, ցուցադրվեց Արտակ Հերիքյանի «Օրրանի» մասին ֆիլմը։ Հանդիսության վերջում Սիլվա Կապուտիկյանը օրրանցիներին նվիրելով իր գիրքը, հայտնեց, որ իր նոր լույս տեսած գրքի վաճառքից գոյացած առաջին հարյուր դոլարը նա կնվիրի «Օրրանին»։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել