Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տարիների հեռվից

Ապրիլ 10,2002 00:00

Տարիների հեռվից Սիրելի Հարություն, Հիշում եմ, թե 1989թ. Փարիզում քո հայրենի Ջավախքում նկարահանված «Սպիտակ քաղաք» ֆիլմդ դիտելուց հետո բնատուր տաղանդովդ հիանալու ի՜նչ բավարարության զգացմունքներ ունեցա։ Հիշում եմ, երբ 1990թ. առաջին անգամ եւ մշտական բնակության նպատակով Ֆրանսիայից Հայաստան գալիս ինչպես դիմավորեցիր ինձ եւ ինչպես հյուրընկալեցիր քո հայկական օջախում։ Հիշում եմ Ամասիայում նկարահանածդ «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմի ստեղծմանը ինձ հրավիրելդ եւ մեր բոլորի միասնաբար անցկացրած անմոռանալի շաբաթներն ու արվեստի մասին մեր զրույցները։ Երբ զգում ես, թե ի՞նչ շուտ են անցել տարիները եւ ինչքա՞ն փոխվել է հիմա ամեն ինչ, զարմանում ես։ Գիտե՞ս, ինձ թվում է, որ բոլոր ժամանակներում եւ դեպքերում մարդը մնում է մարդ, հատկապես արվեստագետ մտավորականը։ Զարմացել եմ իսկապես, երբ աշնանը Երեւանի ամենահայտնի սրճարաններից մեկում քո հայրենի Ջավախքից մի հայ մարդ սպանեցին, դու իմացար եւ լռեցիր, ճիշտ քո նման լռեց նաեւ էլի քո հայրենի Ջավախքից Շարլ Ազնավուրը, ում մոտիկից փորձել էր միայն բարեւել սպանված հայ մարդը։ Քո լռությամբ դու վիրավորեցիր քո մեջ եղած արվեստագետին, բայց ամբողջ Հայաստանը սպանվեց իրականում։ Ես այդ օրվանից երբեւիցե չեմ այցելել տխրահռչակ այդ սրճարանը, հորդորելով նաեւ բոլոր բանական էակներին նույնպես վարվել։ Գիտե՞ս, եթե նույնանման բան Փարիզում կատարված լիներ, անգործության մատնվելուց այդ սրճարանը հաստատ կամ փակված կլիներ, կամ էլ սպանության վայրը ամեն օր ու ամեն ժամ, ծաղկեփնջերով տասնյակ հազարավոր մարդկանց՝ մշտապես հարգանքի տուրք մատուցելու համար այցելած, յուրահատուկ մի ուխտագնացության վայրի կվերածվեր։ Իսկ Երեւանում ամեն ինչ շարունակվում է այնպես, կարծես ոչինչ չի եղել այդտեղ։ Եվ դրա պատճառը հենց դու եւ քո տեսակին պատկանող «մտավորական»172ներն են։ Զարմացել եմ իսկապես, երբ անցյալ շաբաթ «Առավոտ» թերթում տեսել եմ քո նկարը եւ կարդացել Արամ Աբրահամյանի՝ ձեր մասին գրածները։ Միայն քո մասով, որովհետեւ այդտեղ միայն քեզ եմ լավ ճանաչում, միանում եմ գրվածներին, ավելացնելով հետեւյալը. մինչեւ ամբողջ հանրության առաջ կատարածիդ համար մեղայականով հանդես գալդ, դադարիր ինձ բարեւելուց եւ գնա ու մեր Հայաստան երկրում, այսօր պակասը ամենաշատը զգացվող, ամենաանհրաժեշտ բանը կառուցած սփյուռքահայ պարոնիդ գոլֆի դաշտում իբրեւ ժողովրդավար երկրի մեծ ձեռքբերում, գոլֆ խաղա։ Իսկ ես իմ ամենօրյա հեռուստադիտումները շարունակելու եմ՝ առաջվա «Ա1+» կայանի տեղ հայտնված, միայն խշշոց լսվող, խզբզած սեւ ու խավար էկրանը դիտելով։ Նույնիսկ այս ձեւով դա մնացածից ավելի ճիշտ է ցույց տալիս մեր ապրած իրական վիճակը մեզ՝ խավարի մեջ ապրողներիս։ Եվ վստահ եղիր, Հարություն Խաչատրյան, որ այդ խավարած էկրանում շատ ավելի արժեքավոր ու լուսավոր բան եմ գտնելու, քան, եթե քո միմիայն դատապարտելի եւ աններելի արարքով դրանք վերացնելու նպատակով կատարածդ հանդուրժելով շարունակեի ապրել։ Նախկին ընկերդ՝ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ կինոռեժիսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել