Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գործարարները կհովանավորե՞ն

Ապրիլ 10,2002 00:00

Հայ գործարարները կհովանավորե՞ն Արդեն տեղեկացրել էինք, որ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ մի աննախադեպ միջոցառում է նախատեսվում անցկացնել՝ հայոց լեզվի միջազգային օլիմպիադա։ Գաղափարը բավականին ուշացած է թվում՝ հաշվի առնելով աշխարհով մեկ սփռված հայության առկայությունը եւ որ շատ երկրներում հայագիտության ամբիոններ կան։ Այնպես որ, օլիմպիադայի կազմակերպիչները հուսով են, որ նույնիսկ այլազգի աշակերտներն ու ուսանողները կմասնակցեն այս օլիմպիադային։ Նման միջոցառումները նպաստում են երկրի ոչ միայն լեզվի տարածմանն ու քարոզմանը, այլեւ՝ մշակույթի, ավանդույթների, պատմության։ Դա շատ լավ հասկացել են մյուս երկրները եւ, ասենք, Ռուսաստանը, ՌԴ նախագահի տիկնոջ անմիջական ղեկավարությամբ, ռուսաց լեզվից օլիմպիադաներ է կազմակերպում տարբեր երկրներում։ Ռուսաստանի հզորությունը մեր երկիրը չունի եւ մինչեւ օրս դեռ հստակ էլ չէ, թե արդյո՞ք այս օլիմպիադայի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգտնվեն։ Առայժմ հայտնի է, որ հովանավորելու ցանկություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, իսկ հայ գործարարները դեռ լռում են։ Մինչդեռ նման օլիմպիադայի անցկացումն իրոք իրադարձություն կարող է դառնալ։ Այն ոչ միայն կնպաստի հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, այլեւ հենց հայկական գաղթօջախներում կաշխուժանա հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը, կմեծանա հայրենիքից դասագրքեր ստանալու, այնտեղի ուսուցիչներին Հայաստանում վերապատրաստելու պահանջարկը, ինչն իր հերթին հայապահպան հզոր գործոն կարող է լինել։ Այս օլիմպիադային պետության մասնակցությունը բավականին ներկայացուցչական է. կազմակերպիչներն են ԿԳ եւ ԱԳ նախարարությունները, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, ԳՄ-ն եւ Լեզվի պետական տեսչությունը։ Իսկ օլիմպիադայի կազմկոմիտեում ընդգրկված են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Լեզվի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը, ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, նաեւ արտգործփոխնախարար Արմեն Մարտիրոսյանը, ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը, Լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, նաեւ ՀՀ նախագահի տիկնոջ ներկայացուցիչը։ Բելա Քոչարյանը, հավանաբար, ՌԴ նախագահի տիկնոջ օրինակից ոգեւորված, պատրաստակամություն է հայտնել աջակցել օլիմպիադայի անցկացմանը։ Օլիմպիադան պետք է անցկացվի երկու փուլով. առաջին փուլը սկսվում է ապրիլից եւ այն հիմնականում սփյուռքի համար է նախատեսված։ Արդեն երեկ օլիմպիադայի հայոց լեզվի հարցաշարերը հանձնվել էին ԱԳՆ-ին եւ վերջինս իր դեսպանատների միջոցով, որոնք այս փուլի պատասխանատուներն են, դրանք պետք է տարածի տեղի հայկական համայնքներում։ Հարցաշարերի օրինակները նաեւ ինտերնետում են տեղադրված։ Ընդ որում՝ հարցաշարերը ե՛ւ արեւելահայերենով են, ե՛ւ արեւմտահայերենով, նաեւ՝ դասական ուղղագրությամբ, որպեսզի հեշտացվի եւ ավելի ընդգրկուն դարձնի մասնակցությունը։ Արդյունքները կամփոփվեն մինչեւ օգոստոսի վերջը եւ սեպտեմբերի առաջին տասնօրյակում արդեն պետք է պատրաստ լինի հաղթողների ցուցակը՝ յուրաքանչյուր համայնքից ըստ նախապես հաստատված չափաքանակի։ Օլիմպիադայի երկրորդ փուլը պետք է անցկացվի Հայաստանում՝ հոկտեմբերի առաջին կեսին. Հայաստանից օլիմպիադային կմասնակցեն հանրապետական օլիմպիադայի հաղթողները։ Ընդ որում՝ Հայաստանից օլիմպիադային մասնակցելու են միայն դպրոցականները, իսկ դրսից կարող են նաեւ ուսանողները մասնակցել։ Երկրորդ փուլը կանցկացվի երկու տարբերակով՝ պարզ եւ բարդ, որպեսզի նույնիսկ հայերեն շատ քիչ իմացողները դուրս չմնան օլիմպիադայից։ Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլին պետք է մասնակցի 100 հոգի։ Եվ այս փուլում եւս հարցատոմսերը կլինեն արեւմտահայերեն եւ արեւելահայերեն։ Դեռ հստակ որոշված չէ, թե բացի մրցանակներից ուրիշ ի՞նչ առավելություններ կունենան օլիմպիադայի հաղթողները։ Սակայն քննարկվում է նրանց առանց ընդունելության քննությունների բուհ ընդունվելու իրավունք տալու տարբերակը։ Նման իրավունք, ինչպես հայտնի է, ունեն միջազգային օլիմպիադաներում հաղթած մեր դիմորդները։ Նման արտոնությունը խթան կհանդիսանա, որ թե Հայաստանից, թե արտերկրից առավել ակտիվորեն մասնակցեն այս օլիմպիադային։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել