Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿՌԻՎ ԵՂԱՎ, ԸՆԵՆՑ, ԷԼԻ, ԻՐԱՆՔ ԷԼ ԵՆ ԽՓԵԼ,

Ապրիլ 10,2002 00:00

«ԿՌԻՎ ԵՂԱՎ, ԸՆԵՆՑ, ԷԼԻ, ԻՐԱՆՔ ԷԼ ԵՆ ԽՓԵԼ, ՄԵՆՔ ԷԼ» Արմեն Բեջանյանի, Մանվել Ասատրյանի, Կարեն Զաքարյանի, Արամ Աղաբաբյանի եւ Արթուր Յազչյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությամբ սկսվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի երկուշաբթին։ Նրանք մեղադրվում են Արթուր Պարսամյանի սպանության համար։ Այս քրգործով տուժող է ճանաչվել Կարեն Բադոյանը, որը շարունակեց պատասխանել պաշտպան Սամվել Միրզոյանի, նախագահող դատավոր Իսկուհի Վարդանյանի հարցերին։ Տուժողն, ի տարբերություն նախորդ նիստերում որդեգրած մարտավարության, փոքր-ինչ փոխված էր։ Գերադասում էր հարցերին պատասխանել «չեմ հիշումով»։ Դատավորի հարցին՝ «ինչո՞ւ պիտի գայիք» (դեպքի վայր, Տիչինայի 125 տան մոտ), տուժողը պատասխանեց, որ չի հիշում։ «Արթուրի քթի շրջանում վնասվածք նկատե՞լ եք» հարցին պատասխանեց, որ չի նկատել, իսկ երբ հիշեցվեց, որ տուժողը նախորդ դատական նիստում ասել էր, որ Արթուրն ընկել է բերանքսիվայր եւ վնասվածքը հնարավոր էր այդ առումով, տուժողն ասաց, որ չի հիշում։ «Այդ տղաները (ցույց է տրվում ամբաստանյալներին) հարբա՞ծ էին, թե՞ ոչ» դատավոր Վարդանյանի հարցին տուժողը դժվարացավ պատասխանել։ Այս տուժողը (անչափահաս) իր դատաքննական ցուցմունքի ժամանակ հայտնել էր, թե դեպքի օրը (մայիսի 19-ին) իրենք խմել են գարեջուր, օղի։ Հետեւաբար, տուժողի հիշողության կորուստը կարելի է բացատրել նաեւ սույն հանգամանքով (ոչ սթափ լինելու), եթե, իհարկե, հարցեր տրվեն այս կապակցությամբ։ Սակայն, այնուամենայնիվ, 15-ամյա Արթուրի սպանության պատճառը շատ պարզունակ է բացատրվում եւ առայժմ անհամոզեցուցիչ է։ Երբ դատավորը փորձեց ճշտել, թե «հարվածի, քաշքշոցի նպատակը ի՞նչն էր», տուժողը (որին հարվածել են բութ գործիքով) պատասխանեց այսպես. «Պատճառը այն դպրոցական աղջկա խոսակցությունն էր։ Կռիվ եղավ, ընենց, էլի։ Իրանք էլ են խփել, մենք էլ»։ Փաստաբան Ս. Միրզոյանին ի պատասխան, տուժող Կ. Բադոյանը հայտնեց, որ երբ իրենց մեքենան եկել եւ կանգնել է Տիչինայի փողոցում (իրենց թաղամասում), տեսել է ամբաստանյալ Կարեն Զաքարյանին, որը «վիճաբանում» էր Արմեն Պարսամյանի (Արթուրի եղբոր) հետ։ «Գոռգոռոցներ էին գալիս։ Չեմ լսել հայհոյանք, սպառնալիք» եւ իրեն թվացել է, թե «լեզվակռիվ է»։ Ուշագրավ հայտարարություն էլ արեց Կ. Բադոյանը, հայտնելով, որ երբ իրենք 5-ով իջել են իրենց մեքենայից, ամբաստանյալ Կարեն Զաքարյանը միայնակ էր… Իրենցից եւ «եկածներից» բացի, տուժողը չէր տեսել այլ մարդկանց, որոնք փորձեին մասնակցել կամ խառնվել կռվին։ Իսկ կռիվը, ինչպես տեղեկացրել ենք, տեղի է ունեցել Արթուր Պարսամյանենց տան մոտ, տուժողը ասաց, որ տեղյակ չի, թե այդ պահին տանը մարդ եղե՞լ է, թե՞ ոչ. «Արթուրը կարո՞ղ էր պաշտպանվել, փախչել»՝ տվեց խուսափողական պատասխան. «Տեսել եմ Արթուրի ընկնելը», թողնելով այն տպավորությունը, որ ինքն այնքան էլ չի տիրապետում կռվի… մանրամասներին։ Նա բացառեց, որ հրազեն կամ սառը զենք է եղել իրենցից 5-ի մոտ։ Հետաքրքիր է, որ ապրիլի 8-ի դատաքննության ժամանակ հնչած հարցերին, որոնք կրկնվեցին երեկ, տուժողն այլ պատասխաններ էր տալիս։ Մասնավորապես, Կ. Բադոյանը վիրավորական («նեղացնող») համարեց «ատչոտ» բառը եւ Արթուր Պարսամյանի հարվածելը Արամ Աղաբաբյանին պատճառաբանեց այսպես. «Եթե նա ատչոտ տուր չասեր, Արթուրը չէր խփի»։ Տուժողը երեկ, փաստորեն, չհիշեց, թե երբ մոտեցել է Արմեն Պարսամյանին, Կարենի ու նրա միջեւ ի՞նչ խոսակցություն է գնացել։ Մինչդեռ ապրիլի 8-ին, դատական նիստի ժամանակ, նա հայտնել էր, թե՝ «լեզվակռիվ էր»։ «Երբ տղաները մոտեցան ձեզ եւ դուք էլ հանգիստ կանգնած էիք, ի՞նչ կատարվեց»։ Ամբաստանյալ Ա. Բեջանյանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանի հարցին տուժողն իրեն բնորոշ դադար տալուց հետո պատասխանեց. «Կատարվեց… կռիվ»։ Նա չհիշեց եւ չպատասխանեց փաստաբանի այս հարցին եւս. «Դուք Արմենի մոտ երբ գնացիք, դարձաք 5, Կարեն Զաքարյանը մենակ էր։ Ինչո՞ւ չվրդովվեցիք, եւ ինչպես հարկն է չպատասխանեցիք»։ Կ. Բադոյանն այս հարցին եւս պատասխան չուներ։ Դատարանում ակնհայտ լարվածություն կար եւ հաճախ այդ լարվածությունը ստեղծվում էր տուժող Կ. Բադոյանի հոր՝ տեղից արված ռեպլիկների պատճառով, ինչին պատասխանում էին ամբաստանյալների հարազատները։ Դատավոր Իսկուհի Վարդանյանը երեկ հասցրեց դիտողություն անել տուժողի օրինական ներկայացուցչին, իսկ դատավորին էլ դիտողություն արեց ամբաստանյալ Կարեն Զաքարյանի հայրը։ Վերջինս խնդրեց դատարանին կարգը պահպանել եւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեղադրող Արթուր Երիցյանը հաճախ գրչի շարժումով «հուշում» է տուժողին։ «Դու նստած ես, ոնց որ բլոտ ես խաղում։ Ըտենց չի կարգը»,- մեղադրողին ասաց Զաքարյանը։ Ինչը Զաքարյանին էժան չնստեց եւ դատավորը դուրս հրավիրեց նրան դատարանի դահլիճից։ Այսօր կշարունակվի դատական նիստը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել