Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բանկը պայքարում է

Ապրիլ 10,2002 00:00

Բանկը պայքարում է Ապրիլի 16-ին լրանում է այն մեկամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը պետք է որոշում կայացներ՝ թույլատրե՞լ «Հայագրոբանկի» խորհրդի նախագահին հերթական 1 մլն դոլար ներդրումը կատարել, թե՞ ոչ։ Բանկային համակարգից լավատեղյակ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս կայացած ԿԲ-ի խորհրդի նիստում որոշվել է հարցը հետաձգել մեկ ամսով. նման հնարավորություն ԿԲ կանոնակարգն ընձեռում է։ Սակայն ԿԲ-ից հարցի առնչությամբ որեւէ պարզաբանում չհաջողվեց ստանալ՝ «Առավոտի» նկատմամբ իր դիրքորոշման մեջ ԿԲ լրատվության բաժինն անսասան է։ Մինչդեռ «Հայագրոբանկի» խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը, որը զարմանալիորեն դեռ տեղյակ չէր այդ որոշմանը, այն սվիններով չընդունեց, ավելին՝ «բնական գործընթաց» համարեց։ Պարոն Հակոբյանը համոզմունք հայտնեց նաեւ, որ հնարավոր բոլոր ժամկետները լրանալուց հետո ԿԲ-ն, այնուամենայնիվ, թույլ կտա ներդրումը կատարել, քանզի, ըստ Հ. Հակոբյանի. «ԿԲ-ի պահանջներից մեկն է անպայման ներդրում կատարելը»։ Ի դեպ, պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ 1 մլն դոլարի ներդրման չափը կավելանա եւս կես միլիոնով։ Նախնական ներդրումը կկազմի 1,5 մլն դոլար։ Նախնական, քանզի պարբերական ներդրումներով բանկի խորհրդի նախագահը պատրաստվում է իրականացնել ԿԲ-ի կողմից սահմանված այն պահանջը, ըստ որի, մինչեւ 2005 թվականը բանկերի կանոնադրական կապիտալը պետք է կազմի 5 մլն դոլարին համարժեք դրամ։ Ի դեպ, «Հայագրոբանկի» բաժնետոմսերի 13,5%-ը պատկանում է ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Բանկային համակարգի մասնագետները դա ոչ նորմալ երեւույթ են համարում։ Միջազգային փորձը նույնպես ապացուցում է, որ առեւտրային բանկերում պետությունն իրավունք չունի նման գործունեություն ծավալելու։ Այդ կարծիքին է նաեւ Հակոբ Հակոբյանը։ Մեր ունեցած տեղեկություններով, Համաշխարհային բանկն առաջարկել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ վաճառել իր բաժնեմասը։ «Ագրոբանկի» խորհրդի նախագահը չբացառեց այն հնարավորությունը, որ ներդրման փոխարեն իրեն առաջարկվի գնել այդ բաժնեմասը։ Սակայն, «Ես դա չեմ անի»,- հայտարարեց բանկի խորհրդի նախագահը, քանզի «բաժնեմասի դիմաց վճարված գումարը ներդրում չի լինի, այլ կպատկանի ֆինանսների նախարարությանը»։ Մինչդեռ ներդրում կատարելով եւ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելով՝ ըստ Հ. Հակոբյանի, ոչ միայն կանոնադրական կապիտալի մեծացման խնդիր է լուծվում, այլեւ «փորձում եմ բանկի՝ ռիսկայնության գոտում գտնվելու եւ սպասվելիք հնարավոր աղետների մասին մտավախությունները բացառել»։ Այս համատեքստում, ի պատասխան շրջանառվող տեսակետի, թե բանկերն արհեստականորեն սնանկացնելով փորձ է արվում ֆինանսները կենտրոնացնել ղարաբաղյան կլանի ձեռքում, «Ագրոբանկի» խորհրդի նախագահը հայտարարեց. «Մենք ոչ մի կլանի էլ չենք հանձնի մեր ունեցվածքը, կպայքարենք մեր ամեն մի դրամի համար, որը տարիների ընթացքում եւ աշխատանքի շնորհիվ է ձեռք բերվել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել