Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԵ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ

Ապրիլ 10,2002 00:00

ԹԵ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ Պատասխանի պատասխան «Առավոտի» հրապարակումից հետո հասարակությանը Պետական գնումների գործակալության մասին սխալ պատկերացումից եւ թյուրիմացությունից զերծ պահելու մղումով գործակալության պետը՝ Գագիկ Խաչատրյանը, Կառավարության աշխատանքները լուսաբանող, թեմայից անտեղյակ լրագրողների վզին փաթաթեց ինչ-որ պարզաբանումներ։ Հիշեցնենք, խոսքը գիշերօթիկ դպրոցներին սնունդ մատակարարելու համար ՊԳԳ կազմակերպած մրցույթների մասին էր, որոնց արդյունքում սնունդը պետք է մատակարարվի շուկայականից բարձր գներով։ Նա նշել է, թե «հրապարակումը բավականին մտահոգիչ էր, որովհետեւ այն բացարձակ չէր համապատասխանում այսօրվա վիճակին», ինչպես նաեւ, «ես հոդվածագրին այնքան էլ չեմ մեղադրում, պարզապես մեղավորությունն այն է, որ չի փորձել մանրամասնորեն խորանալ հարցի էության մեջ։ Ես կարծում եմ, որ սա հոդվածագրի սուրբ պարտականությունն էր. եթե ներկայացնում է որեւէ տեղեկատվություն, պետք է դա լիներ լիարժեք, որ հասարակությունը տեղյակ լինի»։ Եվ այս ամենը նա ասել է հոդվածագրի բացակայությամբ։ Հանուն արդարության հայտնենք, որ նա միաժամանակ իրեն հակասելով, ասուլիսի ավարտին ասել է. «Ախր, հոդվածագիրը շատ լավ ճանաչում է մեզ, շատ լավ գիտի գործակալության աշխատանքը»։ Այնպես որ, պրն Խաչատրյանի այս վերջին գնահատականն ուղղակի պարտադրում է հոդվածագրին՝ հերքել նրա մյուս ասածները եւ «լուսավորել» հասարակությանը, թե որն է իսկական «թյուրիմացությունն» ու «սխալ պատկերացումը» եւ թե հոդվածագիրն ինչ էր պարզել «հարցի էության մեջ խորանալիս»։ Նախ, առնվազն տարօրինակ է եւ արդար չէ հոդվածի հեղինակին մեղադրել «չխորանալու», «իրենց չհարցնելու» մեջ։ Չգիտես ինչու, պետն անտեսում եւ զրոյի է հավասարեցնում գործակալության համապատասխան բաժնի խոսքը, մեկնաբանությունն ու աշխատանքը (այլ հարց է, որ ինքը կարող է դժգոհ լինել իր ենթակաների աշխատանքից, բայց դա բարդել ուրիշ հիմնարկի, այն է՝ «Առավոտի» աշխատակցի վրա, տրամաբանական չէ)։ Այդ համապատասխան բաժինը լրատվականն է, որն էլ մասնագետներին հարցում անելով է տվել հոդվածում նշված պարզաբանումը, որն, ի դեպ, նույն հոդվածում հոդվածագրի կողմից որակվել էր որպես ոչ համոզիչ։ Հոդվածագիրը չէր կարծում, թե հարկատուների փողերը խնայելու նպատակով ստեղծված պետական մարմինը կարող էր իրեն թույլ տալ շռայլել հարկատուների փողերը եւ լրատվական ծառայություն պահել հենց այնպես, «պրեստիժի» համար։ Այնպես որ, «լրագրողի սուրբ պարտականությունը» չկատարելու վերաբերյալ Գագիկ Խաչատրյանի դատողությունը բացարձակապես անհիմն էր։ Երկրորդ, հարկ է նկատել, որ լրագրողներ ի առատությունից օգտված Գագիկ Խաչատրյանը իր պարզաբանումները տալիս ըստ էության չհերքեց հոդվածում նշված տեղեկությունները, այսինքն, իրոք, հոդվածում ճիշտ էր նշված, որ այսօր մրցույթների «շնորհիվ» գիշերօթիկ դպրոցներին պետբյուջեի հաշվին միեւնույն սնունդը կմատակարարվի շուկայականից բարձր գնով։ Գործակալության պետը միայն պատճառաբանել էր, որ «սննդի գինը շուկայում բավականին տատանումներ ունի՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով. որակ, քաշ, օրինակա՞ն, թե՞ անօրինական ճանապարհով է արտադրված, սեզոնայնություն», ինչպես նաեւ՝ «մրցույթում հաղթած մասնակիցը միեւնույն ապրանքի համար առաջարկել է մի քանի գներ (ու թվարկում է- Ա.Ու.)»։ Նկատենք, մի քանի շուկայականից բարձր գներ եւ, եւս մեկ անգամ շեշտենք, «Պետական գնումների մասին» օրենքի տրամաբանությունը հակառակն է հուշում՝ պետք է ցածր լինեն։ Թերի է պետի նաեւ այն հիմնավորումը, թե, օրինակ, պանրի գները՝ 1200-1500 դրամ, կախված են յուղայնությունից։ Պատրաստ ենք տոկոս առ տոկոս համեմատել, ապացուցել նաեւ այդ տարբերությունը, բայց հեռու չգնալով առաջարկում ենք համեմատել «Գրանդ քենդի» վաֆլու գինը. շուկայում 550-600 դրամ, իսկ մրցույթով նույն ֆիրմայի վաֆլին հաստատվել է 610 դրամով։ Կարծում եք «Գրանդ քենդին» իր արտադրանքը շուկա է ուղարկում N տոկոս յուղայնությամբ, իսկ մատակարար ընկերություններին՝ N+M տոկոս յուղայնությա՞մբ։ Կամ միլիմետրերի տարբերությա՞մբ է վաֆլու սալիկները կտրատում տարբեր տեղեր առաքելիս, չնայած կիլոգրամով է չափվում։ Իհարկե, ոչ։ Կամ պոմիդորը։ Եթե մրցույթի ժամանակ սեզոնայնության հանգամանքը այդքան կարեւորել են մատակարարման ժամկետների պարագայում, այսինքն պետի խոսքերով, «սեզոնից դուրս այսօր 2000 դրամով, բնական է, պոմիդոր չի մատակարարվի», ապա ինչո՞ւ չէր այդ նույն սեզոնայնության հանգամանքը հաշվի առնվում նաեւ գնի պարագայում, չէ՞ որ ամռանը, մեծ քանակության դեպքում, լավ պոմիդոր կարելի է գնել 50-70 դրամով, ոչ թե 185։ Վերջապես, այն մասին, թե ըստ «խորանալու արդյունքների», ինչպես է տեղի ունեցել նման «գնագոյացումը»։ Նախորդ հրապարակման մեջ որպես դրա հավանական պատճառ նշվել էր կոռուպցիան, մատակարար ընկերությունների բարձր գնի շուրջ համաձայնության գալը եւ պետական փողերի նկատմամբ անփույթ վերաբերմունքը։ «Առավոտի» տեղեկություններով, մրցույթում հաղթած «Ավան ունիվերսամ» ՍՊԸ-ի հետ Պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանը սերտագույն առնչություններ ունի եւ, ըստ մեր աղբյուրի, այդ մատակարար ընկերության հետ նյութական շահեր է հետապնդում։ Իսկ «Լեւոն Մաղաքյան» ՍՊԸ-ին մրցույթում հաղթելու հարցում պրն Խաչատրյանը գործուն աջակցություն է ցուցաբերել մեկ այլ պետական չինովնիկի խնդրանքով։ Այնպես որ, ինքներդ դատեք, թե նշված հավանական պատճառներից որն է առավել տրամաբանականը։ Կարծում ենք, այստեղ անխուսափելի է լիազոր մարմնի՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունը։ Իսկ, ընդհանրապես, իրավական երկրում այսպիսի հանգամանքների ի հայտ գալուց հետո նման պետական ծառայողների համար պետական պաշտոնը դառնում է հաճելի հուշ ու անդառնալի երազ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել