Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՆԻ ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔ Եվ չունի ոչ մի «գիծ»

Ապրիլ 10,2002 00:00

ՈՒՆԻ ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔ Եվ չունի ոչ մի «գիծ» ԱԺ պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանը պատրաստվում է դատի տալ «Հայոց աշխարհին», սակայն այն բանից հետո, երբ վերջինս կպարզի, թե Թռչունիչին վերագրած տները, երկաթուղայինի գծերը եւ նմանատիպ այլ բաները Խորեն Սարգսյանի հետ ոչ մի կապ չունեն։ Պատգամավորը մինչ ասուլիս հրավիրելը եւ նման որոշում կայացնելը, իր ասելով, խոսել է թերթի գլխավոր խմբագրի հետ։ Նշյալ հրապարակման մեջ ասվում է, որ Խորեն Թռչունիչն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ փորձում են երկրում «բեսպրեդել» հաստատել։ Թռչունիչն ասաց, որ ինքը նման բառ չի օգտագործել, ինչպես նաեւ երբեք մեր երկրի մասին խոսելիս չի օգտագործում «թքել» բառը, ասվել է նաեւ, որ Խորեն Թռչունիչը երկրից չի գնում այն պատճառով, որ իբրեւ թե ունի երթուղային գիծ եւ գազի լցման կայան։ Այս բոլոր մեղադրանքներին ի պատասխան պատգամավորը հարկ համարեց հայտարարել. «Իմ հասցեն՝ Շինարարների 10, բն. 25, իմ անուն-ազգանունը բոլորիդ հայտնի է։ Ես բնակվում եմ երկու սենյականոց բնակարանում, 29 քմ բնակմակերեսով, վեց երեխա ունեմ, մեկ ավտոմեքենա, բնակարանն էլ սեփականաշնորհված չէ։ Իմ եղբայրներն ապրում են Մարտունու Ծովինար գյուղում, իմ հորեղբայրներն ու հորեղբորս տղաներն այդ գյուղում են, իմ աներոջ կողմն էլ ապրում է Կոտովսկի 126 հասցեում։ Ես դիմում եմ հանրապետության դատախազին, թող ստուգեն, եթե նրանցից որեւէ մեկը անգամ մի փոքրիկ «բուդկա» ունի, դա վերագրեք ինձ։ Եթե չեն հայտնաբերի, այդ դեպքում «ՀԱ» թերթը քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի, ոչ ճիշտ ինֆորմացիա տարածելու համար»։ Խորեն Սարգսյանը չհերքեց, որ, իրոք, որոշ պատգամավորներ «գծի» տեր են, սակայն՝ ոչ կոմունիստները։ «Գծի» տեր լինելու համար, ըստ Խորեն Թռչունիչի, հարկավոր է առնվազն «իշխանամետ» կուսակցության անդամ լինել. «Այսօր գիծը վարչապետն ունի, իրենց խմբակցության նախագահն ունի, սովորական մահկանացու պատգամավորն իրավունք չունի մտնել այդ գործի մեջ»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել