Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանամետ լրատվամիջոցների հայտարարությունը

Ապրիլ 10,2002 00:00

Իշխանամետ լրատվամիջոցների հայտարարությունը Վերջին օրերին որոշ քաղաքական ուժեր փորձում են նախընտրական պայքարի նպատակների համար հետեւողականորեն օգտագործել խոսքի ազատության եւ զանգվածային լրատվության միջոցների պաշտպանության հիմնահարցը։ Կազմակերպվում են հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ, ընդ որում՝ նաեւ այն ուժերի կողմից, որոնց համար խոսքի ազատությունն ու ժողովրդավարական մյուս արժեքները, մեղմ ասած, երբեւիցե չեն կարեւորվել։ Տպավորություն է ստեղծվում, թե այդ անձինք ավելի են շահագրգռված մեր ազատ գործելու երաշխիքների ապահովման հարցում, քան մենք ինքներս՝ լրագրողներս։ Ստիպված ենք չորրորդ իշխանության իրավունքների նորահայտ պաշտպաններին տեղեկացնել, որ իրենց «անհանգստությունը» ոչ միայն շատ դեպքերում որեւէ լուրջ հիմք չունի, այլեւ գնահատվում է մեր կողմից որպես ԶԼՄ-ների զուտ իրավական եւ օրենսդրական ոլորտներում գտնվող խնդիրները քաղաքական հարթություն տեղափոխելու, նրանց նախընտրական խաղերի մեջ ներքաշելու, արտաքին աշխարհում Հայաստանը որպես ոչ ժողովրդավարական երկիր ներկայացնելու միջոցով սեփական քաղաքական խնդիրները լուծելու փորձ։ Միայն այս կերպ ինքնադրսեւորվելու հնարավորություն ունեցող ուժերը վերջին օրերին օգտագործում են նաեւ «Ա1+» հեռուստաընկերության զուտ իրավական հարթության վրա գտնվող խնդիրը։ Ակնհայտ փորձեր են արվում՝ ամեն կերպ քաղաքականացնել հարցը եւ բացառել այն իրավական հարթության վրա լուծելու հնարավորությունը։ Ավելին, նրանց ձեռնտու է ոչ թե խնդրի դրական լուծումը եւ մեր գործընկերների համար իրենց մասնագիտական պարտքը կատարելու պայմանների ապահովումը, այլ հարցը քաղաքական շահարկումների օրակարգում պահելու հնարավորությունը։ Մենք ցավով եւ ափսոսանքով ընդունեցինք մրցույթում «Ա1+»-ի պարտությունը։ Համոզված ենք, որ, չնայած դրան, հեռուստաընկերությունը ունեցել է եւ կունենա իր արժանի տեղը Հայաստանի զանգվածային լրատվության դաշտում։ Անտարակույս, «Ա1+»-ի խնդրի լուծում ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ անհրաժեշտ, սակայն միմիայն իրավական դաշտում։ Ստեղծված իրավիճակը պարտադրում է մեզ՝ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներիս, հանդես գալ հայտարարությամբ. – Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ, եւ ԶԼՄ-ների գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները, – քաղաքական բոլոր ուժերին հորդորում ենք ձեռնպահ մնալ մեր անունից հանդես գալու, մեր խնդիրները քաղաքականացնելու եւ դրանք ինչ-ինչ սեփական նպատակներին ծառայեցնելու փորձերից։ Հայաստանի Հանրային հեռուստատեսություն, «Պրոմեթեւս», «Արմենիա», «Ար», «Շանթ», «Երեւան» հեռուստաընկերություններ, Հայաստանի Հանրային ռադիոընկերություն, «Հայոց աշխարհ», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթեր, «Գոլոս Արմենիի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նովոյե վրեմյա», «Ժամանակ» թերթեր, «Արմենպրես», «Արմինֆո», «Դե ֆակտո» լրատվական գործակալություններ «Առավոտի» խմբագրությունը շնորհակալություն է հայտնում «Երկիր» թերթին, որը վեր կանգնելով իր քաղաքական նախասիրություններից՝ այս պարագայում պարկեշտ եւ քաղաքացիական կեցվածք դրսեւորեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել