Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը պետք է լինի ավելի շինիչ»

Ապրիլ 10,2002 00:00

«Ընդդիմությունը պետք է լինի ավելի շինիչ» ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի, այսօր արդեն՝ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր իր կենտրոնի շնորհանդեսին։ Ըստ նախաձեռնության անդամների. «Այսօր մեր հանրապետությունում տիրող իրավիճակը հեռավոր աղերսներ անգամ չունի բավարար գնահատականի։ Ժամանակն իր հրամայականներն է դնում մեր առջեւ՝ կոնկրետ շեշտադրումներով։ Յուրաքանչյուր ողջախոհ մարդ, յուրաքանչյուր մտածող հայ, իր կարողությունների հանգույն, անշուշտ, ձգտում է իր ավանդը բերել այս վիճակի բարելավմանը»։ Մինչ «այս վիճակի բարելավումը», «Առավոտի» խնդրանքով՝ պրն Հովհաննիսյանը հստակեցրեց, թե կենտրոնն ինչ մասնակցություն պիտի ունենա երկրի ներքին քաղաքական կյանքում ու նաեւ՝ առաջիկա բոլոր տեսակի (տեղական ինքնակառավարում, նախագահական ու խորհրդարանական) ընտրություններում։ Պրն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց «նախաձեռնությունն» առայժմ համագործակցում է անխտիր բոլոր ցանկացողների հետ. «Հասարակական կազմակերպությունը, ես համոզված եմ եւ հավատացած, իր դերակատարությունը կունենա, իր դիրքորոշումը կարտահայտի, այդ թվում նաեւ՝ ընտրական»։ Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ մտադրություն չունի իր թեկնածությունը առաջադրել խորհրդարանական ընտրություններում. «Իմ կարծիքով, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում կարեւորը պիտի լինի ոչ այնքան թեկնածուն, որքան թեկնածությունը, եւ ես կարծում եմ՝ մեր «նախաձեռնությունն» անպայման մասնակցելու է այդ թեկնածության սահմանմանն ու մասնակցությանը»։ Հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կազմակերպությունը վերածվի քաղաքական կուսակցության. «Ես երբեք կուսակցական չեմ եղել, եւ կուսակցությունները Հայաստանում շատ-շատ են։ Ինչ էլ լինելու է, ծավալվելու է հանրության աչքի առջեւ եւ իմ մասնակցությամբ։ Այս «նախաձեռնությունը» մնալու է հասարակական նախաձեռնություն, ինչ լինելու է հետո՝ մենք միասին կորոշենք»։ «Ա1+»-ի փակումից անմիջապես հետո պրն Րաֆֆի Հովհաննիսյանն իր զորակցությունն ու աջակցությունը հայտնեց ե՛ւ «Ա1+»-ին, ե՛ւ «Նոյյան Տապանին». «եւ դա կարող է վերաբերել ցանկացած լրատվամիջոցի՝ այսօր կամ ապագայում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, գնահատում եմ ընդդիմության աշխատանքը, կարծում եմ՝ պիտի լինի ավելի կառուցվածքային, ավելի ճկուն եւ ավելի շինիչ»։ Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնի զբաղեցրած շենքը, իր ասելով՝ պատկանում է հասարակությանը. «Միջոցները գոյացել են ոչ միայն ընտանեկան, մասնավոր, այլ նաեւ՝ հանրային աղբյուրներից»։ «Նախաձեռնության» անդամներից է նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որը հույս հայտնեց, որ կազմակերպությունը համախմբելու է առանձին մարդկանց «գուցե մի քիչ փոշիացվող» աշխատանքը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել