Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՏՆՎԵԼ Է ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԲԱՆԱԼԻՆ

Ապրիլ 10,2002 00:00

ԳՏՆՎԵԼ Է ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԲԱՆԱԼԻՆ Իրո՞ք ՆԳՆ որոշ աշխատակիցներ գող են «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանությունից հետո հանրապետությունում դեպքերն առավել տեսանելի ու անկաշկանդ են ընթանում։ Նախագահի թիկնապահը հայտարարում էր, թե «ջան-ղուրբան» ասելով է «քաշքշել» Պողոս Պողոսյանին։ Նախագահն ասում է, որ ինքը «սիրում էր» «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականն ու երեւի «սիրելով» էլ փակեց։ Այս շարքում հիշեցի, թե ինչպես իր դեկտեմբերյան ասուլիսի ժամանակ նախագահը նաեւ «մեզ էր» սիրում. «Սիրում եք, չէ՞, ի՛նձ, ես էլ եմ ձեզ սիրում (հուսով եմ՝ նկատի ուներ «Առավոտը».- Մ. Ե.), «Հայկական ժամանակ»-ին էլ եմ սիրում»։ Այսպես իրար «սիրելով» էլ ապրում է մի ամբողջ հասարակություն եւ մի նախագահ ու իր շրջապատը։ Սակայն այս անգամ խոսքը ոչ թե «սիրո», այլ՝ կորած բանալիների մասին է։ Ամեն ինչի մասին՝ հերթով։ «Պապլավոկում» սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը բազմիցս հայտարարել է դատարանում, որ իր սպանված եղբոր մոտ եղել են ավտոմեքենայի բանալիներ, մոտ 5 հազար դոլար, բջջային հեռախոսը եւ ֆոտոապարատը։ Անդրանիկ Պողոսյանին կորցրած իրերը չեն վերադարձրել (բացի բջջային հեռախոսից), եւ վերջինս մի քանի անգամ դատարանի դահլիճում հայտարարեց, որ եթե իր եղբոր մոտ եղած իրերը չեն վերադարձվում, ուրեմն ՆԳՆ աշխատակիցները գողացել են դրանք։ Ի դեպ, իրավապահներն այս ռեպլիկին որեւէ կերպ չէին արձագանքում, իսկ բջջային հեռախոսը վերադարձնելիս Անդրանիկ Պողոսյանին բացատրել են, թե իրենք էին վերցրել, որպեսզի ուրիշները չգողանային։ Իրավապահները, իրոք, իրենց ծիծաղելի վիճակի մեջ են գցել։ Դատարանում բազմիցս ընթերցվել է տեղազննության, իրերի մասին եւ ամենայն մանրամասնությամբ նշվել է, թե հանգուցյալ Պողոս Պողոսյանի որ հագուստի որ գրպանից ինչ իրեր են հայտնաբերվել։ Ոչ մի խոսք չի եղել բանալիների մասին, ի սկզբանե հայտարարվել է, թե դրանք կորել են։ Ավելորդ չենք համարում նշել նաեւ, որ հանգուցյալի հագուստները զննվել են նաեւ դատարանի դահլիճում եւ ո՛չ վերնաշապիկի, ո՛չ էլ տաբատի գրպանում որեւէ իր չի հայտնաբերվել։ Ուրեմն ի՞նչ հրաշքով յոթ ամիս անց հանգուցյալի ավտոմեքենայի բանալիները հայտնվեցին տաբատի գրպանում։ Այս «հրաշքը», թերեւս, միայն իրենք՝ ՆԳ աշխատակիցները կարող էին բացատրել։ Բանալիների հայտնության լուրը ստանալուն պես զանգահարեցի Երեւանի դատախազության քննիչ պրն Ենոքյանին, ներկայացա եւ խնդրեցի բացատրել առեղծվածը։ Վերջինս մեկ րոպե պաուզայից հետո ասաց. «Ես ի՞նչ իմանամ, որ դուք նա եք, ով ներկայանում եք»։ Առաջարկեցի հանդիպել։ Պրն քննիչը «ժամանակ չուներ»։ Առաջարկեցի խմբագրության եւ խմբագրի հեռախոսահամարները, որպեսզի քննիչը հնարավորություն ունենա ճշտել, թե ով է իրեն զանգահարել։ Սա եւս չօգնեց։ Ի վերջո, պրն Ենոքյանն ասաց, թե միայն հաջորդ օրը ժամը 17-ից հետո է կարելի իրեն զանգահարել եւ հնարավոր հանդիպման մասին պայմանավորվել։ Ավելի վաղ հանդիպելու խնդրանքս մերժվեց եւ ավելին՝ նույնիսկ երաշխիք չտրվեց, թե հաջորդ օրը (արդեն այսօր) ժամը 17-ից հետո քննիչը ժամանակ կգտնի լրագրողի համար։ Մեզ մնում էր հրապարակել մեր ունեցած ինֆորմացիան, եւ եթե քննիչ Ենոքյանն այս հրապարակումից հետո դեռ ասելիք կունենա, կարող է իր ասելիքը պաշտոնական գրությամբ ուղարկել խմբագրություն, իսկ մենք դրան կանդրադառնանք, եթե «ժամանակ ունենանք»։ Ի դեպ, բանալիների գտնվելուց հետո հանգուցյալ Պ. Պողոսյանի եղբայր Անդրանիկ Պողոսյանը եւս զանգահարել է քննիչ Ենոքյանին եւ հարցրել. «Ո՞վ է տվել բանալիները»։ Պրն Ենոքյանը տուժողի իրավահաջորդին եւս չի պատասխանել։ «Եթե հարց ունեք, եկեք ինձ մոտ»,- սա է եղել պատասխանը։ Իսկ Անդրանիկ Պողոսյանն իր եղբոր սպանության գործը «կոծկած» քննիչին ուրիշ հարց չունի, թերեւս միայն ցանկություն՝ պատասխանատվության ենթարկելու։ Այսպիսով, մեզանում ոչ միայն սպանում են, այլեւ՝ սպանելուց հետո թալանում։ Հանգուցյալի մոտ եղել է նաեւ բարեգործական նպատակներով ստացված գումար՝ 5 հազար ԱՄՆ դոլար, որը եւս անհետացել է՝ ինչպես ֆոտոապարատը, որը հարազատներն ամենից շատ էին ուզում ստանալ, քանի որ Պողոս Պողոսյանի կյանքի վերջին լուսանկարներն էին պատկերված։ Դիակապտության թեման շահարկողներին հետաքրքիր կլինի իմանալ այս ամենի մասին։ Գուցե այդկերպ կպարզեն իրենց համար, թե ովքեր են իրական դիակապտողները եւ որտեղից են նրանք հայտնվում։ Անդրանիկ Պողոսյանը մտադիր է շարունակել արդար դատի որոնումները եւ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել