Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ԵՔ…

Ապրիլ 10,2002 00:00

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ԵՔ… Մենք բազմիցս ենք անդրադարձել «Աշտարակ» հեռուստաընկերության ու Արագածոտնի մարզային իշխանությունների բարդ ու լարված փոխհարաբերություններին, որոնք հեռուստաընկերության՝ «Սերվիս թիվի» կոոպերատիվի դեմ դատական գործեր «թխելու», հարկային մարմիններ քարշ տալու պատճառ են դարձել: Ի դեպ, նշենք, որ անցյալ տարվանից մինչ օրս «Աշտարակին» չի հաջողվում ստանալ նաեւ հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ լիցենզիան, որը տալու իրավունքը վերապահված է Հեռուստատեսության եւ ռադիոյի տխրահռչակ հանձնաժողովին: Ինչեւէ: Աշխատանքային այսպիսի ոչ բնականոն պայմաններում «Աշտարակ» հեռուստաստուդիան ստիպված է աշխատել ավելի քան վեց ամիս: Ու, ինչպես ընկերության տնօրեն Վիլիկ Բոցինյանն է բազմիցս վկայել, դրա հիմնական պատճառը հեռուստաընկերության կողմից մարզային իշխանություններին անհաճո «անակնկալներ» մատուցելն ու նաեւ ընդդիմադիր գործիչներին եթեր տրամադրելն է: Այսպես. օրերս հիշյալ ընկերության տնօրեն Վիլիկ Բոցինյանից տեղեկացանք, որ «Աշտարակն» այսօր էլ աշխատում է համատեղելով հարկային մարմինների ու տեղի դատախազության հեռ կռիվ տալու մշտական դարձած «գործը»: Բանն այն է, որ դեռ 2001-ի հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊԵՆ աշխատակիցները հեռուստաընկերությունում կատարած ստուգումների արդյունքում ակտ էին կազմել, ըստ որի՝ «Աշտարակի» տնօրինության «փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի պատճառով շահութահարկը պակաս է հաշվարկված, որի հետեւանքով առաջացած տույժերն ու տուգանքները կազմել են մոտ մեկ մլն դրամ»: Ընդ որում՝ «չհիմնավորված ծախսեր» են համարվել հեռուստաընկերության աշխատակիցներին վճարված ճանապարհածախսերը: «Հեռուստաստուդիան սեփական տրանսպորտային միջոցներ չունի, եւ իրենց առջեւ դրված խնդիրները կատարելիս, աշխատակիցներն օգտվում են հասարակական տրանսպորտից, որի ծախսերը կատարվել են այդ տրանսպորտի համար նախատեսված գնացուցակով: Իսկ Արագածոտնի ՊԵՆ աշխատակիցները տվյալ ծախսերը հիմնավոր չեն համարել, քանի որ հաշվապահական փաստաթղթերին կցված տոմսերը չեն ունեցել ՀՀ զինանշան, հայերեն չեն եւ գինը դրանց վրա նշված է ոչ հայկական դրամով, այսինքն՝ «հայկական արտադրության չեն»,- պատմեց Վ. Բոցինյանը: Համաձայնեք՝ հեռուստաստուդիայի վզին մեկ միլիոն դրամ փաթաթելու շատ ինքնատիպ ձեւ են գտել մեր հարկայինները: Մնում է նրանց հարցնել, թե Հայաստանում, ընդհանրապես, տպագրվո՞ւմ են, կամ գոյություն ունե՞ն ստուգման նրանց ակտում նշված պահանջները բավարարող տոմսեր: Ինքներս այդ հարցի պատասխանը, իհարկե, ունենք՝ նման տոմսեր, որոնք կարող են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջներին բավարարել՝ պարզապես չկան: «Աշտարակը» ստիպված է եղել հայցով դիմել ՀՀ տնտեսական դատարան, որը գործը քննել եւ վճռել է ուժի մեջ թողնել ՊԵՆ-ի հիշյալ ակտը: Այդօրինակ վճռի փաստարկն ամենաանհեթեթն է մեր իմացած բոլոր անհեթեթությունների շարքից՝ «Հայցվորի պատճառաբանությունները (հայկական արտադրության տոմսերի գոյություն չունենալու մասին է խոսքը- Ն.Մ.)՝ իրենց կողմից կատարված ծախսերի հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության մասին, հիմք չեն կարող հանդիսանալ հայցը բավարարելու համար»: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե գոյություն չունեցող տոմսեր գտնելու անհնարինությունից զատ ուրիշ ի՞նչ փաստարկ պետք է բերեր հեռուստաստուդիայի տնօրենը, որպեսզի կարողանար թոթափել 1 մլն դրամի տույժ-տուգանքների արհեստական բեռը: «Աշտարակ» հեռուստաընկերության տնօրեն Վ. Բոցինյանը, ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, ստիպված է եղել, իբրեւ պատասխանող կողմ՝ հանդես գալ նաեւ Արագածոտնի մարզային դատարաններում: Այդ մի դեպքում հեռուստաստուդիայի նախկին չորս աշխատակիցներ են քաղհայցով դիմել դատարան՝ պահանջելով բեկանել իրենց աշխատանքից ազատելու մասին Վ. Բոցինյանի հրամանը՝ հայտարարելով, որ պատրաստվում են սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից: Մարզի առաջին ատյանի դատարանում վերջերս քննվել էր հեռուստաստուդիայի նախկին աշխատողների քաղհայցը: Ըստ ընկերության տնօրենի՝ նիստի ժամանակ, վճիռը հրապարակելիս, ինչ-որ մեկը մտել էր դատարանի դահլիճ ու դատավորին կանչել հեռախոսի մոտ՝ պնդելով, թե դատախազն է ուզում խոսել: Դատավորն էլ գնացել-եկել, պատռել էր իր՝ նախապես գրած վճիռը, թուղթ ու գրիչ վերցրել, տեղում մի նոր վճիռ գրել ու հրապարակել էր՝ բավարարել աշխատակիցների պահանջը եւ պարտադրել նրանց աշխատանքի վերականգնել: Վ. Բոցինյանն այսօր արդեն դիմել է վերաքննիչ դատարան, թեեւ գործը քննող դատավորն արդեն ակնարկել է, որ, միեւնույն է, հեռուստաընկերությունը գործը չի շահի: Ահա այսպիսի բաներ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել