Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողական քննության եւս մի հայտ

Ապրիլ 09,2002 00:00

Ծառայողական քննության եւս մի հայտ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ընթերցելով «Առավոտում» (30.03.2002թ.) իմ գործընկերոջ հրապարակումը ինքն իրեն որսորդական հրացանով պարգեւատրելու հետ կապված, ծառայողական քննություն սկսեց դեռեւս չսեփականաշնորհված… կառավարությունում, գտնելու համար նրան, ում չաղոտ ձեռքով իր թիվ 641-A որոշումը (22 սեպտեմբերի 2000թ.) ընկել է մամուլ։ Անշուշտ, վարչապետը միամտություն է ցուցաբերել, հավատալով, թե կպարզի փաստաթղթի արտահոսքը… կառավարության շենքից։ Մեզանում ափաշկարա սպանությունները չեն բացահայտվում, օրը ցերեկով կորած մարդիկ չեն գտնվում, ուր մնաց թե մի որոշման անհետանալը, որում տպագրվածը հազար տոկոսանոց ճշմարտություն է։ Իսկ լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե տեղեկատվությունն առկա է պետական-պաշտոնական փաստաթղթերում (թեկուզ՝ անհետացած)։ Մի որոշում էլ (8 հունվարի 2002թ., թիվ 13) իմ տրամադրության տակ է։ Եվ վստահ եմ, որ ծառայողական հաջորդ քննությունն էլ սրան է հետեւելու, թե… դարձյալ ինչպես է ընկել մամուլ։ Սակայն անկախ այդ անձնաշահ քննությունից, մի շատ կարեւոր տեղեկություն իմացանք դրանից։ Վարչապետն իր այդ որոշմամբ թույլատրել է պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության տակ գտնվող Երեւանի Վ. Վաղարշյան 12 հասցեում գտնվող «ակումբ-ճաշարանային մասնաշենքի 2-րդ հարկի 960 քմ տարածքը (այսուհետեւ՝ գույք) վաճառել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Լեւոն Պարտակճյանին»։ Ուշադրության արժանին այստեղ այն է, որ ԱՄՆ քաղաքացին չունի այդ իրավասությունը, իսկ գույքն էլ… պիտի հանվի աճուրդի, նոր… գնվի։ Գույքի գումարն էլ ուշադրության արժանի է։ Հսկայական շենքի վաճառքի գինը 21000000 դրամ է։ Կարդացեք գոնե մեկ անգամ աճուրդի ներկայացված անշարժ գույքի, մասնավորապես Վաղարշյան փողոցում գտնվող 2 կամ 3 սենյականոց բնակարանների գները։ Դա նույնքան է, կամ ավելի պակաս, քան որոշման մեջ հայտնված (կամայականորեն) վերոնշյալ տարածքը։ Եվ մի հարց էլ. այդ երբվանից է ՊԳԿ նախարարությունը գույքը վաճառելու թույլտվություն տալիս, ապա «իրականացնում անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը եւ… վճարում տուրքերը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել