Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԷՐ ՀԱՂԹԻ

Ապրիլ 09,2002 00:00

ՉԷՐ ՀԱՂԹԻ «Առավոտ» օրաթերթի 2002թ. մարտի 22-ի եւ 23-ի համարներում տպագրված «Պատգամավորը զավթեց հերթական գիծը» եւ «Ձեռքներս ծալած չենք նստի» վերնագրերով հոդվածների կապակցությամբ հարկ եմ համարում տալ հետեւյալ պարզաբանումները։ 2002թ. մարտի 21-ին կայացած՝ միկրոավտոբուսային հ. 77 երթուղու հատկացման մրցույթին հայտ ներկայացրած «Մեխանիզատոր» ԱԿ-ն, որը նախկինում սպասարկել է երթուղին, իրոք, մրցույթի է հրավիրվել ժամը 12-ին, սակայն վերջինիս ավտոմեքենաները ներկայացել են մրցույթի 45-50 րոպե ուշացումով։ Մրցութային հանձնաժողովի կողմից այդ ժամանակահատվածում զննվել են նույն երթուղու համար հայտ տված «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ի ներկայացրած բոլոր 22 ավտոմեքենաները, որոնցից 21-ը 2001-2002թթ. արտադրության, դեռեւս չշահագործված «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ են, 1-ը՝ 1991թ. արտադրության «Ֆորդ» մակնիշի։ Դրանից հետո զննվել են «Մեխանիզատոր» ԱԿ-ի կողմից մրցույթի ներկայացված թվով 32 «Ռաֆ- 2203» մակնիշի միկրոավտոբուսները, որոնցից 25-ի տարիքը կազմում է 10-20 տարի, իսկ 7-ինը՝ 8-10 տարի։ Եթե նույնիսկ «Մեխանիզատոր» ԱԿ-ն այդ օրվա մրցույթում մրցակից չունենար, ապա, միեւնույն է, նա չէր կարող հաղթող ճանաչվել մրցույթում, քանի որ ներկայացված ավտոմեքենաներից 14-ը, տարբեր անսարքությունների համար, ստացել են 0 գնահատական, հանվել մրցույթից եւ արդյունքում չի ապահովվել երթուղու սպասարկման համար շարժակազմի անհրաժեշտ քանակը (22)։ Ինչ վերաբերում է առաջին հոդվածում բերված՝ «կազմակերպիչներն ու «գծատերերը իրենց ուզածի պես են վարվել» արտահայտությանը, ապա մրցույթը կազմակերպել եւ անց է կացրել Երեւանի քաղաքապետի որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովը, որը խստիվ ղեկավարվել է ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ. 762 որոշմամբ հաստատված մրցութային կարգով, այլ ոչ թե «իր ուզածի պես»։ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Պետ. մրց. հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել