Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին պետք է լինի վարորդը

Ապրիլ 09,2002 00:00

Ինչպիսին պետք է լինի վարորդը Քաղաքակիրթ երկրներում վարորդի աշխատանքը համարվում է պատասխանատու գործ։ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում եւ այլ երկրներում վարորդի մասնագիտություն ստանալու համար կան ուսումնական հաստատություններ, որտեղ ապագա վարորդը ձեռք է բերում համապատասխան կրթություն՝ անկանխատեսելի պայմաններում մեքենան տիրապետելու կարողություն, կարիքի դեպքում ուղեւորին առաջին բուժօգնություն ցույց տալու ունակություն, ուղեւորների հետ բարեկիրթ վարվելու կուլտուրա եւ բարոյական այլ նորմեր։ Բացի այս, նշված երկրներում շարժակազմերը երթի դուրս գալուց առաջ ենթարկվում են տեխնիկական զննման, իսկ վարորդները ունեն համապատասխան համազգեստ։ Ցավոք, այլ է պատկերը մեզ մոտ՝ Հայաստանում, ուր չկան վարորդի մասնագիտությանը համապատասխանող ուսումնական հաստատություններ, որտեղ տրոլեյբուսի, ավտոբուսի եւ երթուղային տաքսիների վարորդները կսովորեին առաջնորդվել քաղաքակիրթ երկրներում գործող սկզբունքներով։ Մյուս անհանգստացնող փաստը. շարժակազմերը երթի են դուրս գալիս անսարք վիճակում, ինչի արդյունքում բազմաթիվ վթարներ են տեղի ունենում։ Դրա վառ ապացույցն է Երեւան քաղաքի ջրմուղ -կոյուղու շրջակայքում վերջերս տրոլեյբուսի անսարք լինելու պատճառով տեղի ունեցած ավտովթարը, որի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել 9 մարդ։ Արձանագրենք եւս մի քանի իրողություններ, երբ վարորդներն անբարեկիրթ են վարվում ուղեւորների հետ։ Դժվար է առանձնացնել որեւէ մեկին, քանի որ նրանք մեծամասնություն են կազմում։ Մայրաքաղաքի ավտոբուսների, տրոլեյբուսների եւ երթուղային տաքսիների որոշ վարորդներ երթուղի են դուրս գալիս անվայել տեսքով՝ չսափրված, կեղտոտ ձեռքերով եւ շորերով, հողաթափերով, ինչը տհաճություն է պատճառում։ Սա առավել նկատելի է 1, 9, 10, 15, 23 համարի տրոլեյբուսների, 60, 65, 10, 30, 43, 9, 8, 24 համարի ավտոբուսների, 16, 33, 8, 6, 4, 78 եւ այլ երթուղային տաքսիների վարորդների մոտ։ Ուղեւորը նստում է տրանսպորտ եւ հաճախ ստիպված է լինում լսել այն երաժշտությունը, որը նախընտրում է վարորդը, երբ առօրյա հոգսերով եւ մտքերով տարված քաղաքացու համար խորթ է այդ երաժշտությունը։ Շարժակազմերից շատերում հանդիպում ենք մերկ կանանց նկարների, որը անհարիր է մեր ազգին, չէ՞ որ դրանցից օգտվում են նաեւ մեր մայրերը, քույրերը։ Ուստի պետք է մեծ ուշադրություն դարձնել վերը նշված փաստերին, չէ՞ որ մենք էլ ենք աշխարհին ներկայանում որպես քաղաքակիրթ երկիր, իսկ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզանում՝ քաղաքակրթություն անվանել չի կարելի։ ԱՐՍԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՊՃՀ էներգետիկայի ֆակուլտետի ուսանող Հոդվածագիրը նշել է այն երթուղիների համարները, որոնցում ինքն է նման երեւույթներ նկատել, ինչը չի նշանակում, թե այդ երթուղիներում լավ վարորդներ չկան, կամ մյուս երթուղիներում բոլորն անթերի վարորդներ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել