ՈՒՐՈՒԳՎԱՅԻ «EL PAIS»-Ը՝ ՀԱՅ ՄԱՐԶՉԻ ՄԱՍԻՆ Այն բանից հետո, երբ իր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս բերելուց հետո հայազգի մարզիչ Սերխիո Մարգարյանը հեռացվեց պաշտոնից, ճակատագիրը նրան նոր հաջողության հասնելու հնարավորություն ընձեռեց, բայց այս անգամ արդեն ակումբային մակարդակով։ Տարեսկզբին մեկուկես տարի ժամկետով պայմանագիր ստորագրելով Հունաստանի «Պանատինաիկոսի» հետ՝ մասնագետն իր ուսերին հսկայական պատասխանատվություն է վերցրել։ Այդ պահին թիմը գրեթե կորցրել էր Հունաստանի չեմպիոնության համար պայքարելու հույսերը, իսկ վերլուծաբաններն էլ հոռետես էին Չեմպիոնների լիգայում ակումբի առաջ ընթանալու հարցում։ Սակայն Մարգարյանի ղեկավարությամբ վերջին խաղերը «Պանատինաիկոսը» գերազանց անցկացրեց՝ ՉԼ-ում տեղ ապահովելով ուժեղագույն ութնյակում։ 20 հանդիպումում թիմը տարավ 14 հաղթանակ, արեց 5 ոչ-ոքի եւ միայն մեկում պարտվեց «Պորտուին»։ Իսկ չորեքշաբթի 1։0 հաշվով հաղթեց Եվրոպայի լավագույն կոլեկտիվներից մեկին՝ Իսպանիայի «Բարսելոնին»։ 20 տարվա մարզչական գործունեության ընթացքում հաջողությունը միշտ էլ ուղեկցել է Մարգարյանին, բայց այս մեկը առանձնահատուկ է եւ ունի իր պատճառները։ Այ հենց դրանց եւ ֆուտբոլային մտածելակերպի յուրահատկությունների մասին է «El Pais»-ի թղթակից, նույնպես հայազգի Էդուարդո Չորբաջյանի հարցազրույցը Սերխիո Մարգարյանի հետ։ – Ի՞նչ զգացում ունեցաք, երբ ձեր ղեկավարած թիմը Եվրոպայի ամենահեղինակավոր գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեց։ – Կարծում եմ, որ գործնականորեն յուրաքանչյուր հարավամերիկացի մարզիչ պատիվ պետք է համարի՝ մարզելու այնպիսի թիմ, որը մտել է ՉԼ-ի քառորդ եզրափակիչ։ Հատկապես ուրուգվայցի (ես ծնունդով այդ երկրից եմ) մարզիչները, քանի որ, որքան գիտեմ, այդ երկրից դեռ ոչ ոք այդպիսի հաջողություն չի ունեցել։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ դա հեշտ գործ չէ։ Երբ եկա թիմ, այն առաջատարից ետ էր մնում 12 միավորով։ Հիմա դա հասել է 6-ի։ Ֆուտբոլիստները հավատացին ինձ ու շատ բան կարգավորվում է։ ՉԼ-ի առաջին երկու խաղերում 5 միավոր կորցնելուց հետո էլ հաջողվեց թիմը բարձրացնել։ Երկրի առաջնությունում էլ պարտություն չենք կրել։ Ճիշտ է, «Օլիմպիակոսի» հետ խաղում մենք անարդար 2 միավոր կորցրինք։ – Երբ թիմ եկաք, ձեր առջեւ այդպիսի խնդիրներ դրվեցի՞ն։ – Ոչ։ Հունվարին ես մտածում էի մի բան. ավարտել առաջնությունը եւ նախապատրաստվել հաջորդին։ Բայց ներքուստ համոզված էի, որ կարող եմ արմատական փոփոխություններ իրականացնել ակումբում ստեղծված իրավիճակում։ Հիմա եմ ավելի շատ ճնշում զգում, որովհետեւ երկրպագուները արդեն ցանկանում են, որ հաղթենք բոլորին եւ եկող տարի էլ ՉԼ-ում խաղալու իրավունք նվաճենք։ Գիտեք, որ մեր թիմի հաջող մրցելույթների շնորհիվ, եկող մրցաշրջանից սկսած, Հունաստանը ՉԼ-ում ներկայացվելու է երկու թիմով։ – Մինչեւ հիմա անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս կարող էր Պարագվայի ֆուտբոլի ասոցիացիան հեռացնել այն մարզչին, որը երկրի հավաքականը դուրս բերեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ – Այդ բաներին ես իրատեսորեն եմ նայում։ Դա ինձ համար արդեն անցած փուլ է։ Մի բան ճշգրիտ գիտեմ. իմ աշխատանքը լավ եմ կատարել։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ, իմ մեղքով չէր։ Գիտեմ նաեւ, որ իմ մարզչական աշխատանքը կմնա այդ երկրի ֆուտբոլի պատմության մեջ։ Կանցնի մի քանի տարի եւ ֆուտբոլիստների այն սերունդը, որն իմ գլխավորությամբ հասավ այդ բարձունքին, իր մասին դեռ խոսել կտա։ Ես ինձ լավ ճանաչելով՝ կարող եմ ասել, որ իմ պաշտոնում եղել եմ ազնիվ, պարկեշտ ու, ինչպես միշտ, գլուխ չեմ պահել։ Իմ բոլոր ձեռնարկումներում Աստված ինձ աջակցել է ու ճիշտ ճանապարհ առաջնորդել։ Հիմա էլ նա ինձ հնարավորություն է ընձեռել, որպեսզի ֆուտբոլային աշխարհը խոսի իմ մասին ու ասի, որ կա ուրուգվայցի մի մարզիչ, որը փառք բերեց իր երկրին Եվրոպայում։ Հավատացեք, որ սա չի կարող ինձ չուրախացնել։