Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտությունը նրա տարերքն է

Ապրիլ 09,2002 00:00

Երաժշտությունը նրա տարերքն է Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը Օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտավար է, դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում։ Մեր զրույցը նրա հետ՝ դասական երաժշտության շուրջ ընթացավ։ – Դուք երաժշտավար եք եւ դասախոս, այս երկու ասպարեզներից ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ։ – Ստեղծագործական գործունեությունը, կենդանի կատարումները, իհարկե, գայթակղիչ դաշտ են։ Սիմֆոնիա, օպերա երաժշտավարելը, փորձերը իմ տարերքն են։ Բայց պակաս պատասխանատու աշխատանք չէ նաեւ մանկավարժությունը։ Մի ժամանակ դասավանդել եմ նաեւ վոկալի եւ նվագախմբային դասարաններում, որոնց մեջ այժմ շատ նշանավոր անուններ կան։ – Հաճա՞խ են կատարում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ – Մի ժամանակ Հայաստանում բավականին կազմակերպված երաժշտաթատերական կյանք կար եւ խաղացանկում որոշակի տոկոս հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներին էր հատկացվում։ Օպերային թատրոնում բեմադրվում էին «Անուշը», «Դավիթ Բեկը», «Ալմաստը», «Արշակ II» եւ այլ ներկայացումներ։ Բեմականացվում էին նաեւ Հարությունյանի «Հեքիաթներ մեծերի համար», «Մարդը առասպելից», Բաբաեւի «Արծվաբերդ», Արմենյանի «Կործանում», «Խաչատուր Աբովյան» բալետային ներկայացումները։ Ամեն ամիս հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերա էր ընթանում բեմահարթակներին։ Այժմ շուկայական հարաբերությունների դարաշրջանում ենք ապրում, երբ ամեն ինչ կապված է ֆինանսավորումից եւ արդյունքում դրությունը փոխվել է, երաժշտական կազմակերպությունները չեն կարող հաճախ կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ – Ամբողջ աշխարհում հայտնի է Արամ Խաչատրյանի անունը, իսկ հայ դասական երաժշտության հիմնադիր Ա. Սպենդիարյանին քչերը գիտեն, ի՞նչն է պատճառը։ – Խաչատրյանը յուրահատուկ չափանիշի կոմպոզիտոր է։ Անտարակույս, Սպենդիարյանի ստեղծագործությունները բարձր տեղ են գրավում եւ չեն զիջում համաշխարհային հեղինակություններին։ Վերջին ժամանակներում են քիչ կատարում նրա ստեղծագործությունները։ Այդ բացթողումը ես որոշեցի լրացնել եւ իմ համերգի ժամանակ ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում կատարեցին Սպենդիարյանի «Երեք արմավենին»։ Հայ կոմպոզիտորների նահապետ Է. Միրզոյանը այդ առիթով հայտնեց իր գոհունակությունը։ Արտասահմանում ըստ արժանվույն են գնահատում ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նոր խոսք է երաժշտական արվեստում Ա. Տերտերյանի երաժշտությունը։ Երիտասարդ կոմպոզիտորների շրջանում նույնպես կան հետաքրքիր ստեղծագործողներ եւ նրանց ստեղծագործություններն էլ պետք է հաճախ կատարել։ Դա Ս. Զաքարյանն է, Ա. Զոհրաբյանը, Է. Հայրապետյանը, էլ չեմ ասում վաստակավոր կոմպոզիտորների մասին, ինչպիսիք են Տ. Մանսուրյանը, Ռ. Ամիրխանյանը եւ այլք։ – Ինչո՞ւ Վագների երաժշտությունը քիչ են կատարում Հայաստանում։ – Մոտ ժամանակներում ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի նրա «Զիգֆրիդ» ստեղծագործությունը, որը գրել է Շվեյցարիայում՝ որդու ծնվելու կապակցությամբ։ Եվ հետագայում մենք կկատարենք նրա ստեղծագործությունները։ Իսկ ինչ վերաբերում է Վագների օպերաներին, ապա պետք է ասեմ, որ դրանք բավականին աշխատատար են եւ մեծ ֆինանսական ծախսեր են պահանջում, այդ է պատճառը, որ չեն բեմադրվում։ – Ժողովրդին դասական երաժշտությանը ընտելացնելու համար բավակա՞ն է միայն արհեստավարժ երաժշտավար լինելը, ինչ եք կարծում, հատուկ մոտեցման կարիք կա՞, ասենք, կատարողական արվեստը զուգորդել հռետորության հետ։ – Կարելի է համերգները շոուի վերածել։ Այդ մեթոդը մի ժամանակ կիրառվում էր, բայց այդ դերը կատարում էին նախկինում հատուկ վարողներ։ Հիշում եմ, սիմֆոնիկ համերգներից առաջ նրանք դաստիարակչական աշխատանք էին կատարում։ Այժմ որոշ երաժշտավարներ դիմում են այդ մեթոդին։ Այդ տարբերակն էլ ընդունելի է, բայց ոչ պարտադիր։ Երաժշտավարը պետք է արտիստիկ լինի, հմուտ ղեկավարի նվագախումբը։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել