Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը, «ՇԱՐՄԸ» ԵՎ ՆԵՌԸ

Ապրիլ 09,2002 00:00

«Ա1+»-Ը, «ՇԱՐՄԸ» ԵՎ ՆԵՌԸ Վերջինս, թե՛ պատմական եւ թե՛ ժամանակակից իմաստով, տարբեր դիմակներով է հանդես գալիս, ուստի որոշակիացնեմ դրա իմաստը՝ ո՛չ Արին, ո՛չ Հայը։ Ասել է, թե Նեռը նույն հակահայն է։ Սա այն «հայն» է, որը տզրուկի պես ապրում է Հայի հաշվին ու միաժամանակ ուրանում է դա։ Սա այն «հայն» է, որ Հայի շալակն է բարձրանում ու վերեւից նրա գլխին խփում։ Սա այն «հայն» է, որը Հային գեհենի մեջ է գցում ու նրան համառորեն համոզում, թե ծաղկի վարսանդի մեջ ես գտնվում։ Սա այն «հայն» է, որը Հային ստիպում է անտես անել չարի, անբարոյի, իր՝ Նեռի գոյությունը։ Սա հային երջանիկ ապուշ դարձնողն է։ Սա Հային ինքն իր դեմ հանողն է։ Սա այն «հայն» է, որը Հայաստանում արյան բաղնիքներ, հոգու տափարակներ, զանազան տեսակի գենոցիդներ է սարքում ու… դրանից զվարճանում, նեղ շրթունքներով խնդմնդում, հռհռում։ Եվ, հետեւաբար, «անկախ» հանձնաժողովի կողմից մեր հոգեւոր կյանքի ծիլերից մեկի՝ «Ա1+»-ի նեռավարի տրորումը միանգամայն կանխատեսելի էր։ Այդ ո՞ր Նեռն է երեխային պահել՝ կեղտաջուրը թափել։ Հիշենք հանձնաժողովի անդամների թեկուզեւ դեմքերը՝ մեկինը բնածին չար արատ արտահայտող, մյուսինը՝ չբավարարվածություն ու դրանից չարացած, մեկինը՝ մանկամիտ, մյուսներինը՝ վախ, սարսափ, ախորժակ, անտարբերություն եւ այլն, եւ պարզ կլինի, որ դրանք կրողները չէին կարող օրը ցերեկով Հայի հոգուն կացնահարված չիջեցնել… «Ա1+»-ը, այդ ազնի՜վ ալիքը։ Որքա՜ն էր հարազատացել Հային, դարձել նրա հոգնած ընտանիքի ասող, խոսող, չարը տեսանող ու այպանող, լավով՝ երեխայի պես ուրախացող անդամը։ Մենք մեզ մոռանում ենք ամեն օր հայելու մեջ նայել (կամ նայում ենք ո՛չ այն հայելու մեջ), «Ա1+»-ը հուշում էր մեզ դա անել։ Հետո ինչ, որ դրա արդյունքում հաճախ հայելու մեջ թութակ, կապիկ, գազազած կենդանի կամ էլ եսիմ ինչ կենդանի էինք տեսնում… Հաճախ ենք սիրում մեր մատը մեր խոր վերքին դնել ու սեղմել։ «Ա1+»-ը ասում էր՝ մատդ դեն տար քո վերքից, մտածիր այն բուժելու մասին։ Սիրում ենք կանացի սեթեւեթանքը, արհեստական խաղը, փուչիկ փչելն ու դրանով խաղալը, «Ա1+»-ը ասում էր՝ վերջ տուր դրան, մի՛ մոռացիր քո հանապազօր խնդիրները։ Կարդա՜լն ենք մոռացել, կարդացածը ըմբռնել-մարսելուց ենք հետ վարժվել, «Ա1+»-ը իր ու մեր Աննայով, մեզ կարդալ (հումորո՜վ կարդալ), կարդացածի մեջ թացը՝ չորից, բարոն՝ անբարոյից, երեսը՝ աստառից տարբերելն էր սովորեցնում։ Ինքնագլուխ կյանքով աշխարհից մեկուսի ենք ապրում, մենք ենք ու մեր տվյալ պահի ապրումները, այս հարցում էլ «Ա1+»-ը մեզ օգնության էր հասնում։ Մեր շուրջը քիչ ենք տեսնում ազնիվ ցավից մտահոգ հայացքներ, «Ա1+»-ում մենք այդպիսիներից կարոտ չէինք մնում… Էլ որն ասեմ… Թերություններ էլ, իհարկե, «Ա1+»-ը ուներ։ Բայց դրանք հիմք չէին տալիս նրան «Շարմից» ստորադասելու։ «Շարմը»՝ մեր ոչ պակաս ողբերգությունը։ Հնարամիտների եւ սրամիտների «Շարմը» որքան է մեզ հաճույք պատճառել, որքան մեզանում ազգային հպարտություն արթնացրել, բայց նա իր «ափսեի» մեջ չհայտնվեց, նա քաղաքական գործիք դարձավ… Հա՛յ մտավորական, չկայացած քաղաքական գործիչը շարունակում է մեր թեւաթափ հոգու կացնահարումը։ Համակերպվե՞լ դրա հետ։ Իմաստասեր՝ Ս.Լ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել