Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը դժգոհ էր դատաքննությունից

Ապրիլ 09,2002 00:00

Տուժողը դժգոհ էր դատաքննությունից Ամբաստանյալների պաշտպաններն էլ՝ նախաքննությունից N զորամասում կրտսեր սերժանտ Մկրտիչ Պողոսյանի ինքնասպանության առթիվ հարուցված քրգործի դատաքննության վիճաբանությունների փուլից ներկայացնենք մի քանի ուշագրավ դրվագներ։ Ամբաստանյալներ Սուրեն Հովնիկյանի պաշտպան Բենիամին Մինասյանը եւ Արարատ Մխոյանի պաշտպան Կարինե Գասպարյանը դժգոհ էին նախաքննական մարմնից։ Բ. Մինասյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալը ընդամենը 2001թ. հուլիսի 21-ին է ծառայության մեջ մտել զորամասի մարտկոցում։ Զորակոչիկին չպետք է աշխատանքային հանձնարարություններ տրվեին, նրան պետք է բացատրվեր կարգուկանոնը։ Այդուհանդերձ, հուլիսի 24-ին Ս. Հովնիկյանի, որն այդ օրը վերակարգում հերթապահ էր նշանակվել, հանձնարարվել է լվացարան մաքրել (շինարարական աղբը)։ «Հովնիկյանը հո ռաբոչի բատալյոն չէր, նա զինվոր էր»,- նկատեց փաստաբան Բ. Մինասյանը։ Վերջինս նաեւ անտրամաբանական համարեց Հովնիկյանին առաջադրված հոդվածը՝ «անհնազանդություն»։ Նա անհնազանդության հատկանիշ չէր տեսնում Ս. Հովնիկյանի արարքում եւ չէր ընդունում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը իր նկատմամբ պետ հանդիսացող, կրտսեր սերժանտին ծեծի ենթարկելու վերաբերյալ, քանի որ, վկաների հավաստմամբ եւ ամբաստանյալ Հովնիկյանի նախաքննական, դատաքննական ցուցմունքներով, Հովնիկյանի եւ Մ. Պողոսյանի միջեւ քաշքշուկ էր եղել։ Բ. Մինասյանը մի հարցադրմամբ էլ հանդես եկավ, որ «եթե դիակի կոպի վրա վնասվածք է եղել, ինչո՞ւ դա չի երեւում դիակի զննության արձանագրությունից եւ ինչո՞ւ հետո է միայն (դատաբժշկական փորձաքննության ժամանակ) հայտնվել»։ Փաստաբանը գտնում էր, որ դա կարող էր հետագայում արված լինել արհեստականորեն, որպեսզի գործում երեւան բռնության հատկանիշներ։ Ամբաստանյալ Արարատ Մխոյանի պաշտպան Կարինե Գասպարյանը չէր ընդունում, որ իր պաշտպանյալը՝ զորամասի մարտկոցի հրամանատարը պետք է պատասխանատվության ենթարկվեր զորամասի բարոյահոգեբանական մթնոլորտի համար։ Կ. Գասպարյանը մատնանշեց, որ այդ աշխատանքի համար կար առանձին հաստիք, որը զբաղեցնողն էլ պարտավոր էր զբաղվել բարոյադաստիարակչական աշխատանքներով։ Նա չէր ընդունում Մխոյանին առաջադրված այն մեղադրանքը, ըստ որի, մարտկոցի հրամանատարի գործողությունները կարող էին հանգեցնել զինվորի ինքնասպանությանը։ Հիշեցնենք, որ այդ մեղադրանքը դատարանում հարցի ձեւով ամբաստանյալ Ա. Մխոյանին ուղղեց մեղադրող Ա. Մազմանյանը. «Ինչո՞ւ անտարբերություն ցուցաբերեցիք, երբ Մ. Պողոսյանը լացակումած ձեզ խնդրում էր իրեն աստիճանազրկել»։ Նշենք, որ ինքնասպանությունը կատարվել է այդ խնդրանքից մի քանի օր անց՝ հուլիսի 27-ին։ Երրորդ ամբաստանյալի՝ Էմիլ Հակոբյանի պաշտպանը չէր հաշտվում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքների հետ։ Պարզապես, դատարանին խնդրեց մեղմ մոտենալ պատժի հարցում։ Է. Հակոբյանն ընդունում էր իր հանցանքը (հունիսի 2-ին)՝ Մ. Պողոսյանին աթոռով հարվածելու առումով։ Տուժողի իրավահաջորդ Արարատ Պողոսյանը դատական վիճաբանությունների փուլում ակնհայտ դժգոհություն արտահայտեց դատաքննության ընթացքից։ Նա գտնում էր, որ իր որդու ինքնասպանության դրդապատճառները բացահայտելու, մեղավորներին պատժելու առումով՝ դատարանում չեն բացվում։ Այն բանից հետո, երբ մեղադրող Ա. Մազմանյանը միջնորդեց Արարատ Մխոյանին դատապարտել 6, Էմիլ Հակոբյանին՝ 3,5, Սուրեն Հովնիկյանին՝ 4 տարի ժամանակով ազատազրկման, Արարատ Պողոսյանը նյարդայնացավ եւ հուզված ելույթ ունեցավ ընդդեմ բանակում կատարվող կամայականությունների (նա վկայակոչեց նաեւ վերջերս Վանաձորի զորամասերից մեկում զորակոչված ասպիրանտի մահը, որի կապակցությամբ քրգործ էր հարուցվել)։ Տուժողի իրավահաջորդը լքեց նիստերի դահլիճը՝ հրաժարվելով ամբաստանյալների պաշտպանական ճառը լսելուց։ Նա միաժամանակ համեմատեց ներկա բանակը նախկին՝ 1991թ. բանակի հետ, նշելով, որ ներկայումս անպատժելիության մթնոլորտ է տիրում եւ կամայականությունները սովորական երեւույթ են դարձել. «Դրա համար էլ խորհրդարանում պայթեցում էլ կարվի, ամեն ինչ էլ»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձորի դատարանից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել