Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍՆԵՐՈՐԴՑԻՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԸ ՊԵՏՔ ՉԷ

Ապրիլ 09,2002 00:00

ՏԱՍՆԵՐՈՐԴՑԻՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԸ ՊԵՏՔ ՉԷ Քաղաքապետարանի կրթության վարչության տեսուչները ստուգայցեր են անում մայրաքաղաքի դպրոցներ՝ տասներորդ դասարանցիների հաճախելիության պատկերը պարզելու նպատակով։ Հայտնի է, որ կրկնուսույցների մոտ պարապող տասներորդցիները գրեթե դպրոց չեն հաճախում եւ ավարտական դասարանում դասերը հաճախ ձեւական բնույթ են կրում։ «Մեր ամենամեծ կռիվն է սա»,- տասներորդ դասարանում բացակայությունների դեմ պայքարելու մասին ասաց կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը։ Սակայն այդ կռիվը արդյունավետ չես որակի եւ տիկին Աչոյանն էլ խոստովանեց, որ արմատական լուծումներ են պետք։ Բացակայող երեխաները սովորաբար բժշկի թուղթ են բերում՝ օրինականացնելով այդ բացակայությունները։ Տիկին Աչոյանը նաեւ ասաց, որ բացակայությունների մեծ թվի դեպքում դպրոցների տնօրեններին նկատողություն են հայտարարում, սակայն վերջիններս հաճախ ի վիճակի չեն վերահսկել այդ գործընթացը։ Տիկին Աչոյանը դժգոհեց, որ դասախոսները պարապմունքները նշանակում են օրվա առաջին կեսին՝ տապալելով փաստորեն ուսուցման պրոցեսը։ «Երեխաներին դասերից կտրում են, ինչո՞ւ, վարժեցնելո՞ւ, բուհ ընդունելու համա՞ր, արդյո՞ք երեխան շահում է դրանից»,- նկատեց տիկին Աչոյանը՝ դասախոսներին հորդորելով նաեւ դպրոցի մասին մտածել։ Տիկին Աչոյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե վերջին օրերին եղանակի ցրտելը եւ հիվանդությունների աճը ինչ-որ կերպ ազդե՞լ է հաճախումների վրա։ Պարզվեց, որ նման խնդիր իրոք կա եւ տեսուչների ստուգայցերը եւս ցույց են տվել, որ բացակայությունների թիվը բավականին մեծ է։ Ընդհանուր առմամբ այն կազմում է 10-12%։ Հատկապես իրավիճակը սրվել է նախորդ շաբաթ եւ տիկին Աչոյանի տեղեկացմամբ, որոշ դպրոցներում, ասենք, թիվ 76 դպրոցում, նույնիսկ մանկավարժներն էին հիվանդ։ Սակայն նրա գնահատմամբ՝ իրավիճակը այնքան տագնապալի չէ, որ դասերը ընդհատելու մասին որոշում կայացվի։ Դպրոցներում շրջայցեր են կատարում նաեւ սանէպիդկայանի աշխատակիցները եւ Սիլվա Աչոյանի տեղեկացմամբ՝ վերջիններս եւս չեն ահազանգել իրավիճակի առնչությամբ։ Տիկին Աչոյանը նկատեց, որ ցանկալի չէ դասերը ընդհատելը, քանի որ առանց այդ էլ արձակուրդները բավականին երկար են եղել եւ դպրոցները կարող են չհասցնել ծրագրային ողջ նյութը հաղորդել։ Այսօր կրթության վարչությունում այդ նպատակով տեղի կունենա մայրաքաղաքի դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որի ժամանակ տնօրենները հաշվետվություն կներկայացնեն ծրագրերի կատարողականի առնչությամբ։ Արդյունքները ամփոփվելուց հետո, երբ պարզվի, որ խնդիր կարող է առաջանալ եւ ծրագրային ողջ նյութը չեն հասցնի անցնել, մեխանիզմներ կմշակեն խնդիրը լուծելու համար։ Տիկին Աչոյանը նկատեց, որ չի բացառվում որոշ դպրոցներ անցնեն վեցօրյա ռեժիմի կամ որոշ դասընթացների ժամերը ավելացվեն, որոշ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը մեծանա։ Երեկ մենք փորձեցինք նաեւ դպրոցների տնօրենների հետ ճշտել, թե որքանով է բացակայությունների խնդիրը պրոբլեմ իրենց համար։ Տնօրենները մի տեսակ համակերպվածությամբ էին խոսում այդ մասին։ Նաեւ նկատեցին, որ կրկնուսույցների մոտ պարապող տասներորդցիների բացակայություններն առավել սրվում են մայիս ամսվա ընթացքում, երբ դիմորդները պարապում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ։ Բնականաբար, այդ շրջանում դպրոցի մասին ընդհանրապես մոռանում են։ Թեեւ հայտնի է նաեւ, որ տնօրեններն էլ հաճախ աչք են փակում այդ բացակայությունների վրա՝ ծնողների հետ փոխշահավետ համաձայնության գալով։ Ավելին՝ ապահովում են բարձր գնահատականներ այդ երեխաների համար։ Իսկ կրթության վարչությունը նույնիսկ ցանկության դեպքում ի վիճակի չէ բոլոր դպրոցներում դրությունը վերահսկել։ Իսկ քանի դեռ դպրոցը ի վիճակի չէ այնպիսի կրթություն ապահովել, որ բավարար է բուհ ընդունվելու համար, բացակայությունները միշտ էլ կլինեն։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել