Լրահոս
Օրվա լրահոսը

Տառապանքս փորձ ունի

Ապրիլ 09,2002 00:00

Տառապանքս փորձ ունի ՀՀ գործադիր իշխանության ղեկավարների արտասահմանյան այցերը երկակի տրամաբանությամբ են ներկայացվում։ Երբ ՀՀ նախագահն է երտերկրներ մեկնում, դրանց արդյունքները սովորաբար պատմական են հռչակվում, փոխարենը մեր հայրենակիցները չեն էլ հիշում, թե, ասենք, անցած 2 տարիներին որտեղ եւ ինչ արդյունքներով է հյուրընկալվել ՀՀ վարչապետը։ Բացառություն չդարձան ՀՀ նախագահի այցերը միջինասիական պետություններ։ Դրանց մասին հաղորդագրությունները լավատեսության բավարար լիցք են պարունակում։ Սակայն մի բան է հաղորդագրությունը, այլ՝ իրականությունը։ Այս առումով արժե մտաբերել նախորդ այցերի արդյունքներն ու փոխադարձ ընդունելությունների թողած ազդեցությունները։ Կարծես տպավորիչ ոչինչ չկա, բացի սիրիացիներից ու բելառուսներից օգնություն ստացած սերմացուն։ Չեն արդարանում նաեւ աղքատ երկրների ցանկում երեւալու շնորհիվ արտասահմանյան վարկերը զիջած տեսնելու սպասելիքները. այդ ո՞ր աղքատ պետությունում են այսքան շքեղաշուք հյուրանոցներ կառուցվում, ավտոմեքենաներ երթեւեկում, խաղատներ բացվում։ Մի պահ վերհիշենք նախորդ տարում կայացած Լեհաստանի նախագահի փոխայցը մեր երկիր։ 1954-ին ծնված լավ տղաների մասին դիտարկումը (2 նախագահներն էլ այդ թվականի ծնունդ են) շատերը գտնված հաճոյախոսություն համարեցին։ Տպավորություն թողեցին նաեւ լեհ պատվիրակների կողմից հայկական ոսկերչական իրերի գնումները։ Բայց ցնցող էր, երբ լեհ գործարարները հայտարարեցին, որ պատրաստ են ՀՀ հիդրոէներգետիկայում 110 մլն դոլարի ներդրումներ կատարել։ Քիչ ժամանակ չի անցել եւ այս խոսքերի ապացույցներ գտնելու փորձերը ապարդյուն են անցնում։ Փոխադարձ շահավետության ի՞նչ ակնկալիքներ կարելի է սպասել վերջին այցերից։ Որ միջին կիրգիզն ու տաջիկը, ով կարող է հանդիսանալ մեր ոսկերչական իրերի ու կոնյակի հիմնական գնորդը, հայերիս մեծամասնության կենսապայմաններում է գոյատեւում, կարծես իրողություն է։ 4,8 մլն բնակչություն ունեցող Կիրգիզիայի բյուջեն հազիվ 300 մլն դոլար է (ՀՀ-ում՝ համապատասխանաբար 3 մլն եւ 400 մլն դոլար)։ 6,6 մլն բնակչությամբ պատերազմական վիճակում գտնվող Տաջիկստանը իր հիմնական խնդիր պաշտպանունակության նպատակով հազիվ 18 մլն դոլար է կարողանում ծախսել (ՀՀ-ն՝ մոտ 100 մլն դոլար)։ Թերեւս հետաքրքրություն կարող է ներկայացնել 2 երկրների տնտեսությունների ներմուծում-արտահանում ոլորտներում գրեթե հավասարակշռված ցուցանիշների ապահովումը, այն դեպքում, երբ ՀՀ-ում առաջինը 3 եւ ավելի անգամներ գերազանցում է արտահանման ծավալները։ Բայց այս մասին պաշտոնական հաղորդագրությունները լռում են։ Ի՞նչ է սպասում ՀՀ քաղաքացին իր երկրի պատմություն դարձող համանման այցերից։ Մասամբ ընդունելով ու երբեմն մերժելով դրանց այսօրեական կարեւորությունը, հայ մարդն ասում է. Աստծո սիրուն, թող ձեր տեսած շքեղաշուք պալատներն անջնջելի հիշողություններ պարունակեն այցերի մասին, բայց գոնե չտրվեք դրանք մեր իրականությունում ունենալու գայթակղությանը։ Մեր տառապանքը փորձ ունի։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել