Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՂԲԸ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐ

Ապրիլ 09,2002 00:00

ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՂԲԸ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐ «Թափոնների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարող է դառնալ թափոնների առաջացման օրենքի նախագիծը։ Այս՝ մի փոքր ծայրահեղ կարծիքը հնչեց վերոնշյալ նախագծի հասարակական լսումների ժամանակ, որը կազմակերպել էր Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնը (EPAC)։ «Օրինագիծն այս վիճակում ոչ մի հարց չի կարգավորում»,- քննարկումների արդյունքում եզրակացրեց Կենտրոնի նախագահ Աիդա Իսկոյանը։ Հանուն ճշմարտության նշենք, որ օրենքի նախագիծը ներկայացվեց եւ քննարկվեց դրա նախապատրաստման աշխատանքները համակարգող, բնապահպանության նախարարության թափոնների վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանի հարգելի բացակայության պայմաններում։ Ի՞նչը չէր բավարարում լսարանին, ի դեպ, բավական բազմատարր կազմված ե՛ւ պետական, ե՛ւ հասարական մարմինների ներկայացուցիչներից։ Օրենքը չի տարածվում մի շարք (ասենք՝ ռադիոակտիվ) թափոնների վրա, որոնք կարգավորվում են համապատասխան օրենսդրությամբ։ Բայց թե հատկապես որ թափոնների վրա է այն տարածվում՝ օրինագիծը չի նշում։ Ինչպես Ա. Իսկոյանը նշեց, նախագծից չի երեւում՝ ինչ տիպի գործունեությունն է արգելվում, այսինքն՝ թափոնների հեռացման ինչ պահանջներ է օրենքը պարտադրում։ Փոխարենը նշվում է, որ այդ պահանջները չկատարողների նկատմամբ կարող են կիրառվել վարչական, քաղաքացիական եւ իրավական պատժամիջոցներ։ Սույն օրենքը՝ չկարգավորելով պատժամիջոցների ենթակա գործունեության տիպերը, բնականաբար դժվարություններ է առաջացնելու դրա կիրարկման ժամանակ։ Արդարադատության նախարարության կողմից տրված կարծիքում էլ հեղինակները գտնում են, որ «Թափոնների մասին» օրենքի նախագիծը պետք է վերաբերի ոչ թե բոլոր տեսակի թափոններին, այլ միայն վտանգավոր թափոններին»։ Հիմնական հակասությունը, որը նշեցին գրեթե բոլոր մասնակիցները, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ոլորտում է։ Սա նշված է նաեւ Արդարադատության նախարարության կողմից նախագծի մասին տրված կարծիքում։ «Տարածքային կառավարման մարմինները չեն կարող մշակել համայնքային նշանակության ծրագրեր», ինչպես այս նախագիծն է սահմանում։ Այդ պատճառով այն ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին համապատասխանեցնելու խնդիր կա։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն, ինչպես միշտ, խիստ ծայրահեղ էր իր գնահատականներում։ Նա հայտարարեց, որ օրենքի նախագիծը ոչ թե գրված է, այլ թարգմանված, եւ որ այն ոչ թե թափոնների, այլ աղբի մասին է։ Ընդ որում, աղբի ողջ ոլորտն էլ չի կարգավորում։ «Նախագծում տեղ են գտել օրենսդրությամբ չնախատեսված, ինչպես նաեւ պարզաբանման եւ հստակեցման կարիք ունեցող բառեր եւ հասկացություններ, մասնավորապես «պետության իրավազորության տակ», «տեղական եւ արտերկրյա կազմակերպություններ», «ձեռնարկություններ» եւ այլն»,- ասվում է ԱՆ կարծիքում։ Կարծիքներ հնչեցին նաեւ թափոններ արտադրողի կողմից պետական տուրքի վճարման անհրաժեշտության օգտին։ Սակայն նշանակալիցն այն է, որ ինչպես առողջապահության նախարարության ներկայացուցիչ Նունե Բակունցն ասաց, թափոնների եւ հատկապես աղբի կառավարումը սկսվում է յուրաքանչյուր բնակարանից՝ աղբի տեսակավորում եւ այլն։ Այն կարծիքը, որ օրենքը դեկլարատիվ բնույթ ունի, նույնպես հնչեց։ EPAC-ի կողմից իրավիճակի մոնիտորինգ կանցկացվի, այս բոլոր կարծիքները կհավաքվեն եւ առաջարկների տեսքով կներկայացվեն օրենքի նախագծի հեղինակներին։ Առաջիկայում եթե նորից առաջանա հասարակական լսումների անհրաժեշտություն, դա էլ կարվի։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել