Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱ ՇՏԻՌԼԻՑԸ ԳՅՈՒԴՈՒՄ ԷՐ…

Ապրիլ 09,2002 00:00

ՀԱՄԱ ՇՏԻՌԼԻՑԸ ԳՅՈՒԴՈՒՄ ԷՐ… Ամեն անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է «Ա1+» հեռուստաընկերության մասին, ուղղակի շշմեցնում է իր լավատեղյակությամբ։ Քաղաքում շրջայց կատարելու ընթացքում, հիշեցնենք, նախագահը հստակ նշեց, թե երբ էր արտոնագիր ստացել «Ա1+»-ը, քանի տարով։ Միջին Ասիա ուղեւորվելուց առաջ, ապրիլի 2-ի առավոտյան, երբ պետք է որ դեռ հայտնի չլիներ, թե ինչ որոշում է կայացնելու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, Ռոբերտ Քոչարյանն օդանավակայանում արդեն իսկ լրագրողներին ասաց. «Համոզված եմ, որ մրցույթի արդյունքում կողմերը դիմելու են դատարան՝ լինի դա «Շարմը», թե «Ա1+»-ը»։ Հետաքրքիր է, ինչո՞ւ էր նախագահը «մոռացել» մրցույթի երրորդ մասնակցի՝ «Դոֆինի» մասին, եւ վստահ էր, որ դատական վեճը միայն վերոհիշյալ երկու ընկերություններին է առնչվելու (մի կողմ թողնենք Բաքվի «Զերկալոյի» վարկածը, ըստ որի՝ ստացվում է, թե «Շարմն» իր հաղթանակով մանեկենուհի Սվետային է պարտական. քանի որ, եթե «Առավոտում» չհրապարակվեր Հրայր Հակոբյանի «Ոսկե ձկնիկում» նրա եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ կհաղթեր «Դոֆինը»)։ Ավելին, Ռոբերտ Քոչարյանը խոստացավ Միջին Ասիայից վերադառնալուց հետո հանդիպել ոչ թե «Շարմի», այլ հենց «Ա1+»-ի հետ՝ ապացուցելով, որ գիտե՝ նա՛ է լինելու պարտվողը, եւ «Ա1+»-ին մխիթարեց նրա գործունեությունը հետագայում շարունակելու լուծումներ գտնելու խոստմամբ։ Իսկ այցից վերադառնալուց հետո նախագահն օդանավակայանում արդեն սկսեց «Շարմի» եւ «Ա1+»-ի առաջարկները համեմատել, գնահատել, թե «Ա1+»-ը վատ էր նախապատրաստվել մրցույթին. «Մի աչքով են նայել մրցույթին՝ չեն սպասել, որ կլինեն մրցակիցներ։ Ծրագրերի համեմատությունը դա է ցույց տալիս»։ Եվ սա այն պայմաններում, երբ ո՛չ «Ա1+»-ի, ո՛չ «Շարմի» փաթեթները հրապարակված չեն։ Որտեղի՞ց է այս ամբողջ տեղեկատվությունը ստանում պրն Քոչարյանը, եթե հանձնաժողովն իրոք անկախ է եւ զեկույցներ (ուղղակի կամ միջնորդավորված) չի ներկայացնում իրեն նշանակած նախագահին։ Գուցե հանձնաժողովի սենյակները գաղտնալսվո՞ւմ են։ Գուցե անդամների շարքում հետախույզներ կամ լրտեսնե՞ր կան, որոնց աշխատանքի շնորհիվ պրն Քոչարյանն իր այլ ոչ պակաս կարեւոր գործերը թողած՝ «Ա1+»-ի եւ «Շարմի» ծրագրերն է համեմատում։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել