Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՋՆ Ի՞ՆՉ ԱՍԱՑ ԱԿԱՆՋԻՆ

Ապրիլ 09,2002 00:00

ԱՐՋՆ Ի՞ՆՉ ԱՍԱՑ ԱԿԱՆՋԻՆ Երեկ ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործով դատակոչված վկաների մեծ մասը ցուցմունք տվեց «27»-ի գործով նախկին ամբաստանյալ Միսակ Մկրտչյանի՝ Մ.Սաղաթելյանի կողմից ծեծի ենթարկվելու դրվագով: Չնայած ամբաստանյալի պաշտպանը եւ մեղադրողը դատարանում միջնորդել էին պարզել քրգործով տուժողների դատարան չներկայանալու պատճառները եւ, հարկ եղած դեպքում, նրանց բերման ենթարկելու հնարավորությունը, այդուհանդերձ, արդեն մի քանի նիստ որեւէ կերպ չի պատճառաբանվում տուժողների եւ մասնավորապես՝ Մ.Մկրտչյանի չներկայանալու փաստը: Փոխարենը, նրա մասով ցուցմունքներ տվեցին վկաները: Նրանցից որեւէ մեկը ոչ միայն չհաստատեց Մ.Մկրտչյանի՝ Մ.Սաղաթելյանի կողմից ծեծի ենթարկվելու փաստը, այլեւ՝ անուղղակի կերպով հերքեց մեղադրական եզրակացության այդ դրվագը: Այսպես. մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես ասված է, թե ԱԱՆ քննչական մեկուսարանի սենյակներից մեկում Մ.Մկրտչյանի հարցաքննության ընթացքում քննիչ Խ.Ղալթախչյանը մեկուսարանի աշխատակիցներին ասել է, որ Մ.Մկրտչյանին տանեն. «Դրան հետեւել է այն, որ նրան տարել են այլ սենյակ, որտեղ երկու անձնավորություններ… ավելի քան մեկ ժամ ձեռքերով, ոտքերով ու ռետինե մահակով ծեծել են»: Մեղադրականում որեւէ բառ չկա, թե ծեծողը Մ.Սաղաթելյանն է եղել: Մյուս կողմից՝ մեկ ժամ շարունակ այդկերպ ծեծված, այն էլ՝ հիվանդ ու հաշմանդամ մարդուն պարզապես ստիպված կլինեին պատգարակով տեղափոխել կամ քարշ տալ զուգարան ու ետ: Երեկ բացառությամբ Մ.Մկրտչյանի, որեւէ այլ մեկը՝ այդ թվում ԱԱՆ մեկուսարանի աշխատակիցները, չասաց, որ տեսել է, որ Մ.Սաղաթելյանը Մ.Մկրտչյանին ծեծել է: Նրանք, այդ թվում՝ մեկուսարանի պետ պարոն Խլղաթյանը հայտարարեցին, թե Մ.Մկրտչյանն է ասել, որ ծեծվել է, բայց թե ո՞վ է ծեծել, բնականաբար, անձամբ չեն տեսել, նա էլ անուն չի տվել: Միայն Հ.Պապիկյանն էր, որ հայտարարեց, թե Մ.Մկրտչյանն արդեն համաներմամբ ազատ արձակվելուց հետո է իրեն ասել, որ ծեծողը Մ.Սաղաթելյանն է եղել: Նույն Պապիկյանն է միակը, որ Մկրտչյանի մարմնի վրա տեսել է կապտուկներ: Ավելին. ի հակադրություն մեղադրականի՝ բոլոր վկաները ցուցմունք տվեցին, որ Մ.Մկրտչյանն իրենց ասել է, թե ծեծվել է հարցաքննության ժամանակ: Այդ ընթացքում նրան ընդամենը մեկ անգամ են քննչական սենյակից, հսկողության տակ դուրս տարել՝ բնական պահանջով, եւ ետ բերել: Իրեն ուղեկցողներին նա այդ ժամանակ է ասել, որ իրեն ծեծել են: Առանձին վկաներ պնդում են, թե Մ.Սաղաթելյանն անծանոթ մեկի հետ մտել է քննչական սենյակ, որտեղ քննիչը հարցաքննել է Մ.Մկրտչյանին: Այսինքն, եթե Մ.Սաղաթելյանն է ծեծել կասկածյալին, ուրեմն այլ սենյակ տանելու ու այնտեղ ծեծելու կարիք չի եղել, որովհետեւ Մ.Սաղաթելյանն առանց այն էլ քննչական գործողությունների սենյակում էր: Եթե Մ.Մկրտչյանին ծեծել են մինչեւ նրան զուգարան ուղեկցելը եւ այդ սենյակում՝ ուրեմն քննիչի ներկայությամբ են ծեծել, մինչդեռ քննիչը դա ժխտել է: Եթե սենյակից դուրս բերելու եւ զուգարան տանելու արանքում են ծեծել՝ ուրեմն ստում են նրան ուղեկցող ոստիկանները: Սա մեղադրական եզրակացության մեջ առկա միակ հակասությունը չէ: Երեկ վկաների հարցաքննությունից պարզվեց նաեւ, որ Մ.Սաղաթելյանը մեկուսարան է այցելել զինդատախազ Գ.Ջհանգիրյանի ուղեկցությամբ: Մեկուսարանում եղել են շատ այլ մարդիկ՝ քննչական խմբի քննիչներ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ: Դա իր ցուցմունքում հաստատեց նաեւ մեկուսարանի պետ պարոն Խլղաթյանը, որին Մ.Մկրտչյանին ծեծելու մասին ասել էր իր ենթականերից մեկը, բայց նա էլ չի իմացել, թե դա ով է արել: Պրն Խլղաթյանն՝ ի պատասխան Մ.Սաղաթելյանի հարցի, թե ինքը քանի՞ անգամ եւ ո՞ւմ հետ է եղել նրա աշխատասենյակում, պնդեց, որ մեկ անգամ հաստատ եղել է, բայց թե ո՞ւմ հետ եւ էլի քանի՞ անգամ՝ չէր հիշում: Մ.Սաղաթելյանը խնդրեց վերհիշել, ասել այն մարդկանց անունները, ում հետ ինքը եղել էր մեկուսարանի պետի սենյակում, բայց՝ ապարդյուն: Ի վերջո, Մ.Սաղաթելյանն ինքը հիշեցրեց, որ այդ օրը մեկուսարանի պետի սենյակում ինքը եղել է զինդատախազ Գ.Ջհանգիրյանի, գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի, Հայկազ Բաղմանյանի, «Կրակեմ Հրաչի» հետ, պետն էլ իրենց պատիվ է տվել: Նույնիսկ այդքանից հետո պրն Խլղաթյանը համարձակություն չունեցավ հաստատել դա՝ չէր հիշում ու վերջ: Բայց նա ակամա մատնեց իրեն՝ ասելով, թե ինքն ընթացքում դուրս է եկել, որովհետեւ այնտեղ խոսակցություններ են եղել, որոնց չի ցանկացել մասնակցել: Հարց է առաջանում՝ ո՞ւմ միջեւ է այդ խոսակցությունը եղել՝ կոնկրետ անուններով: Ի դեպ, մինչ օրս այդ մասին վկայելու նույնքան քաջություն չի ունեցել Մ.Սաղաթելյանին, իբր, ընկեր ու զինակից համարող հիշյալ գեներալներից որեւէ մեկը: Իսկ Գ.Ջհանգիրյանը, որի անունը երեկ գրեթե նույնքան տրվեց, որքան Մ.Սաղաթելյանինը՝ նույնիսկ հարցաքննության չի կանչվել: Մինչդեռ, այդ «ընկերներ» կոչվածները, թերեւս, միակ վկաներն են, ովքեր կարող են ապահովել Մ.Սաղաթելյանի, այսպես կոչված, ալիբին, բայց չեն էլ հարցաքննվել: Ի վերջո՝ կարելի՞ է ասել ճշմարտությունը. հերքել կամ հաստատել Մ.Սաղաթելյանի կոնկրետ ժամանակահատվածի ընթացքում պետի սենյակում լինել-չլինելու հանգամանքը: Բայց, դե, ինչպե՞ս՝ իրենց նախագահը դեռ թամբին է, բա որ դուրը չգա, ու նրա հրահանգով «թխված» գործը փչանա՞: Իրենց դրանից ի՞նչ օգուտ: Ավելի օգտակար է համարվել, թերեւս, կոմպրոմատների ճնշման տակ առժամանակ հատակն իջնելը. ոչինչ, որ իրենց արածը, մեղմ ասած, տղամարդավայել չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել