Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժային քաղաքականությո՞ւն

Ապրիլ 06,2002 00:00

Ուժային քաղաքականությո՞ւն «ԱՄՆ-ում արտաքին քաղաքականության ուղղության վրա ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում»,- կարծում է ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը։ Վերջին զարգացումները ստիպում են գոնե մասնակիորեն համաձայնել այդ տեսակետի հետ։ Ինչպես արդեն նշվել էր («Առավոտ», թիվ 39, էջ 17), Աֆղանստանում տարած հաղթանակից հետո ԱՄՆ-ն որդեգրել է ուժային եւ կոշտ արտաքին քաղաքականություն։ Բոլորի նկատմամբ։ Առաջին հերթին՝ Ռուսաստանի։ Այդ ուղղությամբ քայլերի ցանկը արդեն բավականին տպավորիչ է՝ հակահրթիռային պաշտպանության պայմանագրի ոտնահարումը, օլիմպիական խաղերի կանխակալությունը, Վրաստանում եւ անգամ Ադրբեջանում ամերիկյան զինվորական միավորումների տեղակայման պատրաստությունը։ Թվում է, թե Մոլդովայում եւ Ուկրաինայում սկսված հակառուսական ակցիաները բոլորովին էլ պատահական չեն, քանզի քաջ հայտնի է, թե ում կողմից են ֆինանսավորվում այդ երկրներում ազգայնական ուժերը։ Վերջապես, ԱՄՆ ներմուծվող պողպատի 30% հավելյալ տուրքագրումը, որը Ռուսաստանին հսկայական ֆինանսական վնաս կպատճառի։ Եվ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ եվրոպական երկրներին, Չինաստանին եւ Ճապոնիային։ Կտուժեն նաեւ, օրինակ, ամերիկյան ավտոմոբիլագործները, քանի որ ստիպված կլինեն ավելի մեծ գին վճարել ներսի կամ դրսի պողպատի համար։ Եվրոպական երկրներն արդեն բողոք են ներկայացրել Համաշխարհային առեւտրի կազմակերպություն, համարելով, որ ԱՄՆ-ն խախտում է այդ կազմակերպության կանոնները։ Ճիշտ է, մինչ այդ տուրքի ներդնումը Ռուսաստանը արգելք էր մտցրել ԱՄՆ-ից հավի տոտիկների ներմուծման վրա։ Սակայն այս դեպքում ակնհայտ էր, որ ապրանքն իրոք անորակ է։ Այս դեպքում նորից վառ արտահայտվեց ԱՄՆ-ի արհամարհական վերաբերմունքը ողջ արտաքին աշխարհի հանդեպ։ Պարզվեց, որ էկոլոգիապես մաքուր (նույն հավերի) սպիտակ միսը սպառվում է ԱՄՆ-ի ներսում, իսկ տոտիկները, որտեղ կուտակվում են տոքսիկ նյութերը, արտահանվում էին։ Բայց միգուցե ԱՄՆ-ի «լկտի» հարձակվողական քաղաքականությունը արդարացվա՞ծ է։ Չէ՞ որ ուժն է ծնում իրավունք։ Առայժմ այդ գործելակերպը արդյունավետ է։ Սակայն չմոռանանք, որ ԱՄՆ-ն բազում չլուծված խնդիրներ ունի այդչափ ոչ ճկուն լինելու համար։ Պատերազմը Աֆղանստանում դեռ չի ավարտվել եւ թալիբների մնացած ջոկատները դեռ շատ անհանգստություն կպատճառեն։ Բազմաչարչար աֆղանցիների հարյուրավոր կյանք տարած հուժկու երկրաշարժը եւս կդժվարացնի կայունության հաստատումը երկրում։ ԱՄՆ-ն չի լուծել նաեւ սեփական երկրի անվտանգության խնդիրները։ Վերջին ստուգումը ցույց տվեց, որ 50% դեպքերում հնարավոր է ամերիկյան ինքնաթիռներով անցկացնել զենք եւ պայթուցիկ նյութեր։ Փաստորեն, ԱՄՆ-ն նմանվում է մի զորեղ հսկայի, որը կանգնած է կավե ոտքերի վրա։ Եվ ինչքանո՞վ է արդարացված այս նոր իրավիճակում մի նոր պատերազմի սկիզբ (այս անգամ՝ Իրաքի դեմ)։ Չէ՞ որ այդ ծրագրի դեմ են արտահայտվել եվրոպական եւ ասիական երկրների մեծամասնությունը եւ ՄԱԿ-ը։ ԱՄՆ-ից առնվազն պահանջվում էր կասեցնել Իսրայելի ռազմական գործողությունները պաղեստինցիների դեմ, ինչը ակնհայտորեն չի ստացվում։ Այս պայմաններում Իրաքի դեմ գործողություններ սկսելը կոպիտ քաղաքական սխալ կլիներ եւ մեծ ռիսկի հետ կապված՝ հենց ԱՄՆ-ի համար։ Մյուս կողմից էլ մեծ քաղաքականության մեջ էլ մեկ-մեկ աշխատում է ռուս արկածամոլների ասացվածքը. «ԽՑՏ վպ ՐՌրՍցպՑ, ՑՏՑ վպ տՖպՑ ՔՈՎՐՈվրՍՏպ»։ Բայց, տվյալ դեպքում, շամպայնի խցանը կարող է զգալի հարված հասցնել Բուշի վարչակազմին։ Ա. ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել