Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստերի սխալ ընկալման արդյունքը

Ապրիլ 06,2002 00:00

Փաստերի սխալ ընկալման արդյունքը «Իրավունք» թերթի «Այ քեզ բան…» հոդվածաշարի ներքո տպագրված փաստերից ավելի քիչ եմ զարմացած, քան «Առավոտի» ս.թ. մարտի 23-ի համարում տպագրված «Ազատվեք ստրկամտությունից» հոդվածից։ Դրա հեղինակ Ա. Հակոբյանը անթաքույց ատելությամբ հողին է հավասարեցնում «Առավոտում» ողջ տպագրվածը՝ դրանք պիտակելով որպես մտացածին, իրականությանը չհամապատասխանող, բամբասկոտ, մշտապես վատաբանող եւ այլն։ Հոդվածագիրը «խորիմաստ» կերպով խորհուրդ է տալիս հաշտվել մասնավոր սեփականության գերակա փաստի, հասարակության շերտավորման եւ մեր կյանք մուտք գործող այլ երեւույթների հետ։ Ուզում եմ անմիջապես հանգստացնել հոդվածագրին, որ ոչ մի ողջախոհ մարդ չի վիճարկում այսօրվա շուկայական հարաբերությունների պայմաններում նշված երեւույթների անխուսափելիությունը՝ իրավամբ համարելով, որ լավ մտածողն ու նախաձեռնողը, իր առջեւ որեւէ արգասաբեր նպատակ դնողն ու դրա վերջնական արդյունքին հասնողը, անխոնջ գործարարն ու, վերջին հաշվով, արարողը, իրենց վարձատրությամբ ու եկամուտով, հետեւաբար եւ ունեցվածքով ու ապրելակերպով, պետք է էապես տարբերվեն ծույլ ու անաշխատունակ, որեւէ լուրջ գործ ձեռնարկելու անկարող մարդկանցից։ Որպես «Առավոտ» թերթի երկարամյա եւ մշտական ընթերցող, ուզում եմ փաստել, որ «Առավոտի» հիմնական սուրը ուղղված է մեր կյանքում տեղ գտած աղաղակող թերությունների, անարդարությունների, գռփողների ու թալանչիների դեմ։ Իսկ դրանք մեր հանրապետությունում, ցավոք, չափազանց շատ են։ Ա. Հակոբյանը արդյոք ուշադրություն դարձրե՞լ է այն բանի վրա, թե ինչ դղյակներ են պատկերվում «Առավոտի» էջերում եւ ովքեր են դրանց տերերը։ Պատկերված բոլոր դղյակների տերերը պետական պաշտոնյաներ են, մեր՝ հարկատուներիս հաշվին այնքան աշխատավարձ ստացող, որով հազիվ կարողանան իրենց ընտանիքների ամենօրյա գոյությունը պահպանել։ Մենք հո գիտենք այսօրվա գոնե միջին մակարդակով սնվելու, հագնվելու, կոմունալ եւ այլ ծախսերը հոգալու գինը։ Ինչպե՞ս կարող են այդ պաշտոնյաները, որոնց մեծ մասը իրավապահ եւ այլ գերեկամտաբեր մարմինների ղեկավար աշխատակիցներ են, իրենց համեստ աշխատավարձով այդպիսի դղյակներ կառուցել, որոնց շինարարության համար պետք կլիներ առնվազն 100 տարվա աշխատավարձի տնտեսում։ Փորձե՞լ է արդյոք Ա. Հակոբյանը իր համար վերլուծել, թե ի՞նչ է թաքնված այդ ճանապարհով կառուցված դղյակների հետեւում։ Դա ե՛ւ պետական գումարների յուրացման, ե՛ւ ստացվող վարկերի թալանի, ե՛ւ կաշառակերության ու կոռուպցիայի այլեւայլ դրսեւորումների արտահայտությունն է, բազմաթիվ նախաքննությունների եւ դատարանների աղավաղված որոշումների հետեւանք, մեր քաղաքացիների օրինական իրավունքների ամենօրյա ոտնահարումը եւ վերջապես պետության հիմքերի խարխլումը արտահայտող հուշակոթողներ։ Է՞լ ինչի մասին է տպագրում «Առավոտը», որ Ա. Հակոբյանին զզվելի է թվում։ Դա բազմահազարանոց գործազուրկների եւ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կազմող բացարձակ աղքատների հոգսերի մասին է, պետական տարբեր ատյաններում ամեն քայլափոխի հանդիպող անօրինականությունների, նշված պատճառներով մարդկանց անօգնական վիճակի ու արտագաղթի մասին, Ղարաբաղի հարցի չլուծված լինելու եւ դրա հեռանկարի չերեւալու մասին է, «Հոկտեմբերի 27-ը» ներկայացնելն է (մեր ողջ ազգի դժբախտությունն ու ամոթը), «Առագաստ» սրճարանի ողբերգությունն ու դրան հետեւած խայտառակ նախաքննությունն ու դատավարությունն է, ստացվող վարկերի՝ մեղմ ասած, անարդյունավետ օգտագործումը, Ազգային ժողովի եւ կառավարության ակնհայտ ցածր մակարդակը եւ այլն… կարելի է շատ շարունակել։ Եվ Դուք, պրն Ա. Հակոբյան, ուզում եք, որ եւ ԶԼՄ-ները, եւ ողջ ժողովուրդը հաշտվե՞ն այս իրականության հետ։ Վերջում հոդվածագրի մասին։ «Առավոտի» հրապարակումների վերաբերյալ աղավաղումները այնքան ճչացող են, որ, ըստ իս, հնարավոր է չորս տարբերակ. 1. Հոդվածագրի հարազատներից մեկը «Առավոտում» տպագրված դղյակատերերից է, 2. Հոդվածագիրը բժիշկ չէ, այլ անաշխատ եկամուտներով կառուցված դղյակատերերից մեկը, ուղղակի հանդես է եկել ուրիշի անունով, 3. Հոդվածագիրը բժիշկ է, բայց պատվեր է կատարում, 4. Հոդվածագիրը ինչ-ինչ պատճառներով «Առավոտի» հետ հաշիվ է մաքրում։ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ Ինժեներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել