Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետեւա՞նք, թե՞ պատճառ

Ապրիլ 06,2002 00:00

Հետեւա՞նք, թե՞ պատճառ Լեզվապահպանության վախվորած մի փորձի առիթով Գրողների միության դահլիճում վերջերս հավաքվել էին լեզվաշխարհի ներկայացուցիչներ եւ այդ ոլորտը տնօրինող պաշտոնյաներ: Հավաքի նպատակը, ինչպես պարզվեց ելույթներից եւ ընթերցված «Հայտարարություն»-ից, մեր պետական լեզվի իրավունքի պաշտպանությունն էր: Ելույթներն անկեղծ էին, զգացմունքային, բայց դրանցից երկուսն առանձնացան սառնասիրտ, անթաքույց խաբեությամբ, հեգնանքով: Լեզվի տեսչության պետ Լ. Գալստյանը, որ ի պաշտոնե պարտավոր է ապահովել պետական լեզվի կարգավիճակը, իրավիճակն այնպես ներկայացրեց, իբր, մտահոգիչ ոչինչ չկա: Ըստ նրա՝ «այս տարի փետրվարին հաստատվել է տեսչության մշակած պետական լեզվի շահերը ապահովող ՀՀ պետական լեզվաքաղաքականության ծրագիրը…»: Իհարկե, չասաց, թե ինչու իր պաշտոնավարման 4-րդ տարում, երբ այն պատրաստ էր դեռ 5 տարի առաջ: Չասաց նաեւ, թե ինչ «բարեփոխումներ» է արել իրեն ժառանգություն հասած պատրաստի ծրագրում անձամբ ինքը՝ հիմքից փոխելով երկրի լեզվաքաղաքականությունը, այն տեղափոխելով համաշխարհայնացման /գլոբալացման/՝ բազմալեզվություն արմատավորելու հուն: Չբացատրեց, թե ինչպես եւ ինչու է իջեցվել տեսչության կարգավիճակը /համապետական կառույցը միացվել է կրթության եւ գիտության նախարարությանը/, որն է իր ներդրումն այդ գործում, չպարզաբանեց, թե այսուհետեւ ինչ սպասելիքներ կան այդ ստորակա կառույցից: Ի վերջո, չհանրայնացրեց 4 տարում մի գործող կառույց անդամալույծ, անգործունակ դարձնելու իր՝ այսօր «բարձր գնահատվող» փորձը: Հաջորդ նույնաբնույթ ելույթը, բայց ավելի պարզունակ տարբերակով, կրթության եւ գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանինն էր: Նա էլ, ի պատասխան երկլեզու ուսուցումը քննադատող մասնագիտական ելույթների, հին երգը երգեց. ներկաներին համոզելով, որ իրենց արածը «ընդամենը» գիտափորձ է, «ընդամենը» 120 աշակերտ ընդգրկող: Երբ դահլիճից նրան մեղադրեցին կեղծ տվյալներ ներկայացնելու, Սահմանադրության, «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար, տիկինն անցավ «հարձակումն ամենալավ պաշտպանությունն է» խաղին: Բայց երբ հանդիպեց սկզբունքային հանդիմանության՝ ընկրկեց: Միջադեպը չփոխեց համաժողովի ընթացքը: Հետեւանքի դեմ պայքարելու վճռականությամբ տոգորված, խնդրին տեղյակ անձինք չշեղվեցին անկախ երկրին անհարիր, արտառոց ու անհեթեթ իրավիճակի պատճառները վերլուծելու մտքից: Նրանք, սակայն, չկարողացան խոսքից գործի անցնել եւ պատասխան պահանջել այն պաշտոնյաներից, ովքեր հող են նախապատրաստել տարոնսահակյանների, գենրիխգրիգորյանների, արթուրբաղդասարյանների եւ այլոց օտարահաճ գործունեության համար: ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել