Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽԻ՞ՂՃԸ

Ապրիլ 06,2002 00:00

ԻՍԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽԻ՞ՂՃԸ Երկաթուղային կայարանի մերձակա շուկայից կարելի է որոշակի ժամերի համեմատաբար մատչելի գնով մթերք գնել՝ ավելի թանկ վերավաճառելու նպատակով։ Այս շուկայում վաճառողներից շատերի կշեռքի զսպանակը կարող է այնպես ձգվել, որ սլաքը 1 կգ-ի փոխարեն 1,5-2 կգ ցույց տա։ Իսկ վերջերս էլ շուկային հարող տարածքում նկատեցի մի պատանու, որն արտասահմանյան արտադրության նրբերշիկ էր վաճառում՝ տուփը 250 դրամով (սակարկելու դեպքում՝ 200 դրամ)։ Քիչ հեռու դրված մի այլ սեղանիկ էլ ուշադրություն էր գրավում «էժան հավի բուդ՝ 500 դրամ» ցուցանակով։ Կես գնով կամ ավելի էժան վաճառվող այս մթերքները պարզապես վաղուց հրաժեշտ են տվել պիտանիության ժամկետին եւ առանց լաբորատոր հետազոտությունների, անզեն աչքով դժվար չէր նկատել, որ խոնավությունը կորցրած, տեղ-տեղ բորբոսով պատված նրբերշիկը եւ կապտականաչ գույն ստացած «հավի բուդը» օգտագործման ենթակա չեն։ Ախ, այս շուկայի անողոք օրենքները։ Ինչ-որ մի «բարեգործ» «լավություն» էր արել պատանուն՝ կիսանեխած մթերքը խեղճ ու անճար մարդկանց վրա «սաղացնելու» հնարավորություն տալով։ Իսկ այդ խեղճ ու անճարները շատ են, որոնք չեն դիմանում մսամթերք օգտագործելու գայթակղությանը։ Զարմանալի է, որ մի քանի փունջ կանաչի վաճառող տատիկներին այս ու այն կողմ քշող ոստիկանները փչացած մթերք վաճառողներին կարծես չէին էլ նկատում… Գլխումս պտտվում է աստվածաշնչյան հայտնի խոսքը, թե «կուշտը կոխ է տալիս մեղրախորիզն ու անցնում, իսկ սովածի համար ամեն լեղի բան քաղցր է»։ ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել