Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԿԻՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԿԻՆ Է

Ապրիլ 06,2002 00:00

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԿԻՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԿԻՆ Է Քոչարյանից հետո՝ առաջինը Երգչուհի Արմինե Հայրապետյանին շատերն են հիշում դեռ «Հայեր» համույթի կազմում նրա ելույթներից։ Այս տարի լրանում է երգչուհու պրոֆեսիոնալ գործունեության 10-ամյակը։ «Հայեր» խմբի կազմում նա երգել է 1992-97թթ., որից հետո անցել է անհատական գործունեության։ «Ինչ խոսք, շատ ավելի հեշտ էր խմբի կազմում. ամեն ինչ քո փոխարեն որոշված էր, կոորդինացված։ Հստակ գիտեիր, թե որ օրը որ ժամին ձայնագրություն էր, որ օրը՝ փորձ, որ օրը՝ նկարահանում։ Հիմա ստիպված եմ ամեն ինչ անել միայնակ։ Թե պատասխանատվությունն է մեծ, թե ծանրաբեռնվածությունը, բայց ամեն դեպքում՝ անհատական գործունեությունը նախընտրելի է։ Այսպես ավելի ես կայանում»։ Երկու ամսից կթողարկվի Արմինե Հայրապետյանի ալբոմը, որում ընդգրկված են ինչպես իր՝ հեղինակային, այնպես էլ որոշ երիտասարդ կոմպոզիտորների երգեր. «Աշխատում եմ ժամանակակից, ինչ-որ իմաստով խառը ոճով՝ դիսկո, արեմբի։ Իմ երգերն ինչ-որ իմաստով նորություն են հայկական երաժշտության մեջ։ Դա միայն իմ կարծիքը չէ։ Տեքստերիս հեղինակները, գործիքավորողները եւ ուղղակի մասնագետ-ունկնդիրներս նույնպես պնդում են, որ իմ ստեղծածը նորություն է»։ Ի դեպ, նորույթների մասին։ Այսօր երեկոյան՝ ժամը 21-23-ը, Արմինե Հայրապետյանի երկրպագուներն ու պարզապես հայկական երաժշտությամբ եւ ինտերնետով հետաքրքրվողները կկարողանան վերտուալ հանդիպել երգչուհու հետ www.abide.am կամ www.chat.abide.am հասցեներով։ Նույն ժամանակ տեղի կունենա երգչուհու նոր՝ «Երեւան» երգի շնորհանդեսն ինտերնետում։ Ցանկացողները հնարավորություն կունենան ունկնդրել, ինչպես նաեւ «քաշել» երգը երգչուհու պաշտոնական web.site-ից՝ www.arminka.abide.am կամ www.abide.am պորտալից։ Նմանատիպ on line հանդիպում հայաստանյան շոու-բիզնեսում անցկացվում է առաջին անգամ։ Բայց ընդհանրապես ՀՀ տարածքում նախադեպ եղել է. Ռոբերտ Քոչարյանն էր on line հանդիպումների առաջամարտիկը։ Մ. Բ. «Անհանգիստ դար»- «N. Y. for N. Y.» Երգչուհի Նունե Եսայանն ավարտել է Ա. Բակունցի էստրադային-ջազային քոլեջի վոկալի բաժինը, որտեղ նրա վոկալի առաջին ուսուցչուհին եղել է Տաթեւիկ Հովհաննիսյանը։ 1-ին անգամ պրոֆեսիոնալ բեմում ելույթ է ունեցել 1989թ.՝ ներկայացնելով Արթուր Գրիգորյանի «Անհանգիստ դար» երգը։ Այնուհետեւ 2 տարի աշխատել է Կ. Օրբելյանի ղեկավարած նվագախմբում, միաժամանակ համագործակցել է Ա. Գրիգորյանի հետ։ 94-95թթ. աշխատել է Դամասկոսում, վերադարձից հետո՝ 96-ին նախընտրել է անհատական գործունեությունը։ – Մայիսին երաժշտասերներին կներկայանաս համերգային նոր ծրագրով, որը միաժամանակ նաեւ բարեգործական ակցիա է։ – Նախորդ տարի սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած դժբախտ դեպքերից անմիջապես հետո ես որոշեցի բարեգործական համերգ-ակցիա կազմակերպել եւ նվիրել նյույորքյան անմեղ զոհերի հիշատակին։ Արդեն անցել է ավելի քան 6 ամիս, այն առավել մեծ մասշտաբներ է ձեռք բերել՝ բացվել է «N.Y. for New York» հաշվեհամարը, որին յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն կարող է փոխանցել իր գումարային ներդրումը։ Համերգի հասույթը նույնպես կփոխանցվի նրանց եւ դա կլինի մեր ուշադրությունը Նյու Յորք քաղաքին։ Իմ բարեգործական համերգ-ակցիան տեղի կունենա մայիսի 25, 26-ին, կհեռարձակվի CNN հեռուստաընկերությամբ։ Նշեմ նաեւ, որ համերգ-ակցիային կմասնակցեն մեծ թվով հրավիրված հյուրեր թե՛ հայաստանյան շոու-բիզնեսից եւ թե՛ դրսից։ Կլինեն հաճելի շատ այլ անակնկալներ։ – Շուտով երկրպագուներիդ կնվիրես նաեւ քո վեցերորդ ձայնասկավառակը։ – Կթողարկվի իմ վեցերորդ սկավառակը, որը բաղկացած կլինի բացառապես Սայաթ-Նովայի 12 երգերից, որոնցից 2-ը բոլորովին նոր երգեր են, իսկ մնացած 10-ը իմ նախորդ 5 սկավառակներում ընդգրկված 2-ական երգերն են՝ նորովի գործիքավորումներով։ Սկավառակը կկրի «Սայաթ-Նովա» անվանումը, որի թողարկումը հանդիսատեսի պահանջն էր։ – Քո երգացանկում գերիշխում է ժողովրդական երգ-երաժշտությունը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ – Ժողովրդական երգի նկատմամբ ունեցած իմ սերն առավել ընդգծված տեսք ընդունեց այն ժամանակ, երբ ես 2 տարով ապրում եւ աշխատում էի հայրենիքից հեռու եւ երգում միայն օտարալեզու երգեր։ Հենց այդ ժամանակ էլ վճռականորեն որոշեցի վերադարձիցս անմիջապես հետո անել ամեն հնարավորը, գտնել այնպիսի ժամանակակից ոճ, որպեսզի մեր մատուցած ազգային երգը երիտասարդները եւս լսեն եւ, ինչու չէ, սիրեն ու գիտենան։ – Վերջերս ԱՄՆ-ում անցկացվող «Armenian music aword» համահայկական մրցույթ-փառատոնում քո «Սեր» անվանումը կրող սկավառակը շահեց մրցանակ։ Մասնակցե՞լ ես, արդյոք, այլ մրցույթների։ – Երբեք չեմ մասնակցել եւ չեմ էլ ձգտում մասնակցել, քանզի չեմ սիրում ընդհանրապես ոչ մի տիպի մրցակցություններ, այդ թվում՝ մրցույթ-փառատոներն արվեստում։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Գեղեցիկ մնալու գաղտնիքը Զրույց դերասանուհի Նարե Հայկազյանի հետ – Նարե, ո՞րն է գեղեցիկ ու հմայիչ լինելու բանալին, եւ այսօր կնոջն ի՞նչ ճիգ է պետք այդպիսին լինելու համար։ – Գեղեցիկ մնալու համար ահռելի ճիգ է պետք։ Պիտի անընդհատ միտքդ նորարարության մեջ լինի, իբրեւ կին՝ պիտի չմոռանաս ինքնազննումը, երրորդ աչքի զգացողությունը չպիտի կորցնես։ Իբրեւ կին՝ չպիտի կորցնես նաեւ ներքին զգացողությունդ, ինչ տարիքում, ինչ պարագայում ուզում է լինի։ Նարեն պիտի պարապուրդ չունենա. սա է իմ սիստեմը։ Երբ զգում եմ, որ պահը իմը չի, ժամանակի առումով հետքայլ եմ ունենում։ Գեղեցիկ մնալու համար սկսում եմ փոքրիկ-մոքրիկ բաներից, զուգում եմ այնտեղ, որտեղ ապրում եմ։ Ամեն կին գիտի ի՛ր տեսակը, գիտի, թե ինչ չափի մեջ է ինքը ծաղկելու։ Ես հստակ հասկացա, որ անկախ միջավայրից, աշխարհից, թատրոնից, սիրո զգացողություն է պետք։ Գեղեցիկ մնալու համար ինքնագնահատանք է պետք։ Ծաղիկների օրինակը բերեմ. երբ ծաղիկն արթնանում է, երբ ծաղկում է ու բուրում, մեղուները՝ բույրից արբած, շրջապատում են նրան։ Այ, երբ ինքդ քեզ գնահատում ես, կողքից էլ է շռայլվում, քեզ նկատում են։ – Նիցշեի ասած՝ «մեծատառով կենցաղը» չի խեղդում կնոջը։ – Ես հասկացա, որ կենցաղն ամենուր եւ անընդհատ է, քեզ հետեւում է, եւ «նրան» պիտի հաղթես, այլապես կսկսի տիրել քեզ։ Ես սովորել եմ մի բան՝ արագ-արագ, մի շնչով ամեն բան անում եմ, որ կենցաղից կախված չլինեմ, այլապես սկսում ես խճճվել ու տեսնում ես, որ դու չկաս արդեն, ափսեի մեջ ես, կամ՝ սառնարանի։ Կենցաղում հաճույքն այն է, որ ավարտում ես, որպեսզի վայելես։ Այլապես նրա գերին ես դառնում, ոչնչանում ես։ – Մեկ ամիս առաջ դու միայնակ ստեղծագործելու համարձակությունն ունեցար։ Հե՞շտ է Երեւանում ստեղծագործող կին մնալը։ – Կյանք է, պիտի մերժումների էլ պատրաստ լինես։ Գերություն չի կարելի, բեմից կառչած չի կարելի մնալ, մի որոշ շրջան ազատ պիտի լինես բեմից, որ դիտարկելու հնարավորություն ունենաս՝ կողքդ, ժամանակը, մարդկանց։ Ինչ վերաբերում է մեր քաղաքին, ասեմ, որ կնոջ քաղաք չի Երեւանը։ Եթե գործունյա տղամարդիկ չեն կարողանում իրենց հաստատել, դու պատկերացրու ստեղծագործող կնոջ վիճակը։ Եթե դու զինվես այն գաղափարով, որ քեզ դաշտ է պետք՝ ապրելու համար, ոչնչանում ես իբրեւ ստեղծագործող։ – Նարե, շատերն են հիշում, որ դու գեղեցկության մրցույթի առաջին հաղթողն ես եղել։ Ո՞ր թվականին էր դա։ – Կարծեմ 88-ին էր։ Առաջին կուրսում էի, ինձ ուզում էին վտարել ինստիտուտից, որովհետեւ խենթ էի, բեմական խոսքի դասին նստելու փոխարեն երրորդ հարկում ճեպանկար էի անում։ Ես ինստիտուտում մնալու համար մասնակցեցի։ Երբ գնացի առաջին փուլին, սպորտային կոշիկներով էի, չսանրված-գանգրամազ։ Զարմացա, որ բոլորն ինձնից բարձրահասակ էին։ Առաջին փուլին ուրիշի կոշիկներով մասնակցեցի։ Հետո ոգեւորվեցի, մրցակցության տենդը մտավ մեջս, եւ հեռուստադիտողների նամակներով ճանաչվեցի հաղթող։ Շահումներ չկային, նվերներ չկային, անգամ թագ չկար, բայց գնահատվելն ինձ մեծ լիցք տվեց։ Անցողիկ էր, բայց ես արթնացա մի տեսակ, թեւավորվեցի։ – Նարե Հայկազյանին շա՞տ է փող պետք։ – Չէ, շատ չէ, քանի որ ես նյութից կառչած չեմ։ Երբ փող չկա, ես լռության մեջ եմ, կուտակումներ եմ ունենում, որոնք շատ արդյունավետ են։ Չէ՞ որ ամենաթանկ բաները փողով չես գնի։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել